Ճապոնիան կարող է արտասովոր երկիր համարվել: Այն աչքի է ընկնում իր ավանդույթներով և բարձր տեխնոլոգիաներով: Ճապոնիան ինչ-որ առումով հակադրությունների երկիր է: Այստեղ ֆեոդալական ժամանակաշրջանի սամուրայական գաղափարները հակադրության մեջ են վերջին մոդելի համակարգիչների և այլ տեխնոլոգիական ձեռքբերումների հետ: Ճապոնիայի մշակույթը միշտ էլ հետաքրքրության առարկա է եղել, սակայն այն հաճախ ճիշտ չի հասկացվել օտարերկրացիների կողմից: Այս հոդվածում ներկայացված են ճապոնական մշակույթի ամենատարօրինակ կողմերը:
1. Կոդոկուշի (միայնակ մահ)
Ի՞նչը կարող է ավելի ողբերգական լինել, քան միայնության մեջ մեռնելը: Ճապոնիայում մարդիկ հաճախ են մահանում միայնության մեջ: Ճապոնիայում ծերերը բնակչության զգալի մասն են կազմում: Ամեն հինգերորդ ճապոնացի 65-ն անց է: Նրանք հաճախ մահանում են տանը միայնակ: Հաճախ այնպես է պատահում, որ նրանց շրջապատի մարդիկ չեն իմանում նրանց մահվան փաստը շաբաթներ կամ ամիսներ շարունակ: Միայնակ մահանալու երևույթը Ճապոնիայում հայտնի է «կոդոկուշի» անունով: Ամեն տարի Ճապոնիայում այսպիսի հազարավոր դեպքեր են արձանագրվում, հատկապես տղամարդկանց շրջանում, ովքեր համեմատաբար ավելի նեղ շրջապատ ունեն: Երբեմն նրանց դիակներն այնքան ժամանակ են մնում, որ մումիա են դառնում:
Այս երևույթն այնքան տարածված է Ճապոնիայում, որ այնտեղ անգամ գործում են հատուկ կազմակերպություններ, որոնք մաքրում են բնակարանները այն բանից հետո, երբ այնտեղ մարդ է մահանում, և դիակը երկար ժամանակ մնում է բնակարանում: Վիճակագրական հաշվարկները ցույց են տալիս, որ քսան տարի անց Ճապոնիայում երեքից մեկը տարեց մարդ կլինի: Սրանից կարելի է այն հետևությունն անել, որ տարեցներին խնամելու համար անհրաժեշտ թվով երիտասարդներ չեն լինի, ինչի արդյունքում միայնակ մահերի թիվը կավելանա:
2. Պոռնոգրաֆիա
Ճապոնիան միշտ էլ աչքի է ընկել իր պահպանողական բնակչությամբ: Չնայած Ճապոնիայում իշխող խստաբարո հայացքներին` այնտեղ զարգանում է նաև պոռնոգրաֆիայի ինդուստրիան: Թեպետ այնտեղ թույլատրվում է սեռական ակտի տեսարաններ նկարահանել, դերասանների սեռական օրգանները էկրանի վրա պետք է լղոզված պատկերով ցուցադրվեն, որպեսզի չխախտվեն ընդունված բարոյական օրենքները: Սա դրդել է Ճապոնիայի պոռնոգրաֆիկ ֆիլմեր արտադրողներին մի հատուկ ռեժիսորական հնարք կիրառել. նրանք ցուցադրում են սերմնահեղուկը, որպեսզի այս կերպ հավատացնեն դիտողներին, որ ակտը իրականում տեղի ունեցել է:
Ուշագրավ է, որ ճապոնացի երիտասարդների մի զգալի մասը հայտնել է, որ շատ քիչ է հետաքրքրված սեքսով: Սա վերաբերում է հատկապես տղամարդկանց, ում հաճախ անվանում են սոշուկու դանշի կամ «խոտակեր տղամարդիկ»:
3. Պաչինկո
Պաչինկոն մի խաղ է, որը նման է փինբոլի: Այս խաղում խաղացողները գնդակներ են գցում, որոնք անցնում են մի շարք խաղափայտերի միջով: Եթե գնդակները ճիշտ տեղն են ընկնում, ավելի շատ գնդակներ են թափվում խաղային ապարատի մեջ: Թեպետ դրամախաղը Ճապոնիայում ապօրինի է, այս խաղի հաղթողներին կտրոններ են տրվում, որոնք նրանք կարող են կանխիկացնել: Ըստ որոշ հաշվարկների` այս խաղը հետագայում կարող է տարեկան 10 միլիարդ դոլարի եկամուտ բերել Ճապոնիային: Սա Լաս Վեգասից ստացվող եկամուտի գրեթե կրկնակին է:
4. Յաեբա (կրկնակի ատամ)
Ցանկացած մարդ, ով ստիպված է եղել ատամի բռեկետներ կրել, գիտակցում է ուղիղ և հարթ ատամներ ունենալու կարևորությունը: Այնուամենայնիվ, Ճապոնիայում տարածված է յաեբայի միտումը: Ճապոնացի կանայք ժանիք կոչվող ատամները երկարացնելու համար հատուկ հարմարանք են ամրացնում դրանց վրա: Այնտեղ համարվում է, որ այդպիսի ատամները ավելի գրավիչ են դարձնում կնոջ ժպիտը: Յաեբան թանկ հաճույք է Ճապոնիայում: Եթե կինը հոգնում է յաեբայից, ցանկացած պահի կարող է հեշտությամբ ազատվել դրանից:
5. Ինքնասպանություններ
Թեպետ մարդասպանությունն առանձնապես տարածված չէ Ճապոնիայում, այնտեղ ինքնասպանությունների տոկոսը բավականին բարձր է: Ինքնասպանություններն այստեղ կրկնակի ավելի հաճախ են լինում, քան մի շարք այլ զարգացած երկրներում: Թեպետ ներկայումս մարդկանց վերաբերմունքը փոխվել է այս հարցի նկատմամբ, երկար ժամանակ ինքնասպանությունը ճապոնական մշակույթում ընկալվում էր իբրև ազնվականին բնորոշ արարք` միտված պաշտպանելու սեփական պատիվը և ընտանիքի բարի համբավը: Տարածված տարօրինակ ինքնասպանության ձևերից մեկը գնացքի ռելսերի տակ նետվելն է:
Շարունակելի...