
Emedia.am-ը գրում է.
Միկրոջրիմուռները հանդիպում են ինչպես ծովի, այնպես էլ քաղցրահամ ջրում՝ ողջ աշխարհով մեկ: Եվրոպացի գիտնականների խումբը պատրաստվում է ապացուցել այս օրգանիզմների պիտանելիությունը՝ կենսաէթանոլի արտադրման համար, որը կօգտագործվի որպես լիտրը 0,4 եվրո արժեքով բիովառելիք:
Hi-News.ru-ի փոխանցմամբ՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող DEMA նախագիծը կենտրոնացած է ցիանոմանրէների վրա, դրանք կապտա-կանաչավում ջրիմուռներ են՝ տարածված ինչպես ջրում, այնպես էլ՝ ցամաքում: Միկրոջրիմուռները բնակվում են օվկիանոսներում, աճում խոնավ հողի և ժայռերի վրա: Իրենց էներգիան նրանք ստանում են ֆոտոսինթեզի ճանապարհով:
Հետազոտողները կբացահայտեն մետաբոլիկ ինժեներիայի միջոցով էթանոլի արտադրության հնարավորությունները, որը նախատեսում է բջջի ներսում քիմիական ռեակցիաների փոփոխություն՝ կենսաէթանոլի արդյունավետ ստացման համար: Համաձայն տեխնոլոգիայի՝ ջրիմուռների արտադրած կենսաէթանոլը մաքրվում է մեմբրանի միջով անցնելու ճանապարհով:
Հետազոտողները պնդում են, որ իրենց մշակած տեխնոլոգիան գերազանցում է գիտական գրականության մեջ նկարագրված ցանկացած այլ տեխնոլոգիա:
Կենսավառելիքն ահռելի պոտենցիալ ունի: Դրա կիրառումը զգալիորեն կկրճատի ածխածնի արտանետումները, ինչը դրական ազդեցություն կունենա գլոբալ կլիմայի վրա: Կենսավառելիքի արտադրման առումով միկրոջրիմուռներն այլ կենսազանգվածների նկատմամբ ունեն զգալի առավելություններ. դրանք ձևավորվում են բնական ճանապարհով, արագ բազմանում են և վտանգավոր չեն սննդային կուլտուրաների համար:
Նախագիծը միավորում է ԵՄ անդամ վեց երկրների 9 ներկայացուցիչներ՝ ակադեմիական և արդյունաբերական ինստիտուտներից: Այն կոորդինացվում է Իռլանդիայի Լիմերիկա համալսարանի կողմից: Նախագծի ֆինանսավորման սկզբում ԵՄ-ն հատկացրել է 5 մլն եվրո: Ծրագիրը կավարտվի 2017թ-ի մարտին: