
1in.am-ը գրում է.
Հետազոտող Մարտին Բեյլին Վինսենթ Վան Գոգի մասին գրքում (The Sunflowers are Mine: The Story of Van Gogh Masterpiece) հրապարակել է նկարչի բառերը, որը նա ասել է, երբ կտրել է իր ականջը՝ հաղորդում է The Art Newspaper-ը:
«Ես բացահայտեցի, որ նկարչի անդամախեղությունից հետո այդ մասին գրվել էր փարիզյան Le Petit Journal թերթում, որը հրապարակել էր հատուկ թղթակցի հեռագիրն Արլից: Դրանում ասվում էր՝ «Երեկ երեկոյան Հոլանդիայից Վինսենթ անունով ոմն նկարիչ՝ այն բանից հետո, երբ կտրել է իր ականջը, եկել է հասարակաց տան դռների մոտ և թերթով փաթաթած ականջի կտորը հանձնել այն մարդուն, որը բացել է դուռը: «Վերցրե՛ք, դա կարող է օգտակար լինել»»,- ասել է նա և հեռացել:
Պարբերականը՝ վկայակոչելով գրքի հատվածը, նշում է, որ նրա վիճակը պահանջել է անհապաղ հոսպիտալացում:
Բեյլիի կարծիքով՝ այդ հեռագիրը ցույց է տալիս, որ նկարիչն օգտագործել է սայր՝ ականջը կտրելու համար: Նախկինում որոշ ուսումնասիրողներ ենթադրում էին, որ նրա ականջը կտրել է ընկերը՝ Պոլ Գոգենը: Բեյլին կարծում է, որ նկարիչը կտրել է իր ականջը՝ գտնվելով ոչ ադեկվատ վիճակում՝ հոգեբանական հիվանդության պատճառով:
Բացի այդ՝ Բեյլին հայտնաբերել է Վան Գոգի հազվագյուտ նատյուրմորտներից մեկը, որը պատկերում է վեց արևածաղիկ: