
1in.am-ը գրում է.
Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանն ասում է, որ Հայաստանի Մաքսային միության անդամակցության խնդիրը 90 տոկոսով քաղաքական է, և միայն 10 տոկոսն է տնտեսական բաղադրատարրը, ինչն էլ ծանր է անդրադառնալու Հայաստանի տնտեսության վրա:
«Ակնհայտ է, որ Պուտինը դրել է ու ասել. «Նեյնիմ-մեյնիմ չկա, պետք է ստորագրես»: Հիմա լա՞վ նախագահ է, թե՞ վատ՝ դա մի կողմ դնենք, երկրի ճակատագիրը որոշող խնդիր է, ու ես հարց եմ ուզում տալ. ի՞նչ քայլեր են լինելու, ի՞նչ գործընթացով, ի՞նչ ծավալով, ի՞նչ խնդիրներ են դրվում: Ոնց որ պատուհանը բացես ու մշուշի մեջ մտնես, անգամ չգիտես՝ ոտքիդ տակ հող կա՞, կամուրջկա՞, թե՞ օդով ես գնում, անորոշություն է»,- «ԱրմենիաՆաուին» ասել է Բ.Ասատրյանը:
Անորոշությունից բացի, նա նշում է, որ Հայաստանը պատրաստ չէ նման շրջանակների մեջ մտնել, քանի որ չունի միությանն անդամակցող երկրների հետ սահման, սակայն չի բացառում նաև առողջ քննարկումները:
«Եթե Ռուսաստանը երաշխավորում է, որ այս գնով բացվում է աբխազական երկաթուղին, ինչ-որ ձևով Վրաստանի հետ հարցերը կարգավորելուց հետո իհարկե, որակապես փոխվում է իրավիճակը, և այս դեպքում շատ լուրջ քննարկելի խնդիր է դառնում Մաքսային միությանն անդամակցելը: Հաջորդ ամենամեծ ու ծանր խնդիրը՝ մենք մտնում ենք Մաքսային միություն Ղարաբաղի հե՞տ, թե՞ առանց Ղարաբաղի: Եթե առանց Ղարաբաղի, արդյոք սա չի՞ նշանակում, որ հրաժարվում ենք Ղարաբաղից, և եթե Ռուսաստանը երաշխավորում է, որ այս ղարաբաղյան հարցը լուծում են, ապա, կներեք, ես երկու ձեռքով կողմ կլինեմ»,- ասել է տնտեսագետը:
«Չես կարող Մաքսային միության հետ մի սկզբունք ընդունել, աշխարհի հետ՝ մեկ ուրիշ, դու ինքնուրույն չես այս հարցում և պարտավորվում ես միասնական քաղաքականություն վարել»,- ասել է Բ. Ասատրյանը:
Մաքսային միության անվան տակ շատերը պատկերացնում են նախկին Սովետական Միության վերականգնումը: Ասատրյանը նշում է, որ ԽՍՀՄ-ը վերականգնելու Ռուսաստանի ձգտումը ավելի քաղաքական է, ամրագրված չէ տնտեսական միջոցներով, ներկայումս հիմնական աղբյուրը էներգակիրների միջազգային բարձր գներն են:
«Իսկ եթե հանկարծ նավթի գինը 50 տոկոսով իջնի՞, մի 15 տարի առաջ նավթի գինը իջավ բարելը 10 դոլար արժեր, ո՞վ ասաց, որ ներկայիս շուրջ 100-ը երկար է մնալու: Եթե էներգակիրների հատվածը հանենք, Ռուսաստանի տնտեսությունը դառնում է Թուրքիայի տնտեսության չափ: Ամեն դեպքում համոզված եմ, որ այս Մաքսային միությունը ժամանակավոր երևույթ է, վստահաբար եմ ասում, որովհետև Ռուսաստանը դրել է բավականին լուրջ խնդիր՝ միասնական տնտեսական տարածք, բաց դրա համար չունի բավարար ո՛չ ֆինանսական, ո՛չ էլ քաղաքական ռեսուրս»,- ասել է Ասատրյանը:
Մաքսային միությանն անդամակցելով Հայաստանը չի կորցնի եվրոպական շուկան, սակայն կզրկվի զարգացման հնարավորություններից: ԿԲ նախկին նախագահը կարծում է, որ դեպի Եվրոպա ճանապարհին էլ շատ խնդիրներ կային, սակայն ճանապարհ էր, որով գիտեինք՝ ո՛ւր ենք գնում:
«Իսկ որո՞նք են ժամանակակից Ռուսաստանի արժեքները՝ անձի կամքը օրենքից վեր դնելը, մարդու իրավունքներն անտեսելը, կոռուպցիոն բաղադրատարրը, իսկ այդ ազդեցությունից պրծնելը արդեն դրական էր: Ռուսաստանը դեռևս այն կայացած, զարգացած միավորը չէ, որի հետ կարելի է լիարժեք գործընկերություն անել,- ասել է Ասատրյանը: - Մենք մեզ հասցրինք սրան կառավարման էս այլանդակ համակարգով, խայտառակ ընտրություններով, ունենք թույլ իշխանություն, ոչ մի արժեք չունեցող պետություն: Խոսքը նրանում է, որ պետք է գործոն լինել, իսկ մենք այսօր ընդամենը Ռուսաստանի ֆորպոստն ենք, փոքր լինելով հանդերձ միակ եղանակը գործոն լինելն է՝ միայն այդ դեպքում քեզ հետ հաշվի կնստեն»: