Գենդերի օրենքից հետո թվում էր, թե հայաստանյան բազմաչարչար հասարակությունը պետք է հանգիստ թողնի մարդկային կյանքի ինտիմ ոլորտը օրինականացնելու իր անհասկանալի ցանկությունը: Սակայն ոչ, պարզվում է, որ ոչ միայն հասարակությունը չի ուզում հանգիստ թողնել այս ոլորտը, որ միշտ էլ փակ է եղել հանրության համար, այլև ի դեմս իր մի շարք ներկայացուցիչների գնում է տարօրինակ ու զավեշտալի քայլերի: Դրանցից ամենանշանավորի ականատեսը եղանք վերջերս, երբ լուրեր տարածվեցին, թե մասոնականության ու նույնասեռականության թեմաների քննարկման հանդեպ մոլագարության հասնող հակում ունեցող Խաչիկ Ստամբոլցյանը օրենքի նախագիծ է ուղարկել Ազգային ժողով ավանդական սեքսի մասին: Այ սա արդեն վերջն էր: Դե հասկանալի է` օրինագիծը մերժվել է, ու հավանաբար իրեն ԱԺ-ից ասել են. ««Գթությանդ» արև, թե մենք նման օրենք կընդունենք: Էդ նախագիծը բերել ես ԱԺ, որ ի՞նչ անես, խի՞ ես ընկել հակագենդերային պայքարի տեմպի տակ, դու յանըմ հասարակական-քաղաքական գործիչ ես, սեքսոլոգ չես, դու չես կարող սեքսի հարցում գնահատականներ տալ, էս ո՞ր թիվն է: Համ էլ օրինագիծը վերահսկողության մեղանիզմներ չի նախատեսում, թերի է: Էդ ո՞նց ես վերահսկելու, թե ով ինչ տեսակ սեքսով է զբաղվում: Հետո, միջազգային փորձի համաձայն, ավանդական սեքսը շատ դժվար է սահմանվում, ու քո ասած ավանդական սեքսը եվրոպացու համար կարող է դիտարկվել էքստրիմ սեքս... Հիշի խորհրդային տարիների փորձառությունը, երբ ամուսինները պետք է սպասեին մինչև գիշերվա ժամը 3-4-ը, որ մի տուն լիքը ժողովուրդ ու մանուկներ, սկսեսուր, սկեսրայր ու էլի ինչ իմանանք, թե ով, մի խոսքով իրենց հարևանությամբ` կողքի սենյակում, զբաղվեին սեքսով այնպիսի զգուշությամբ, որ ոչ ձայն դուրս գար, ոչ ծպտուն, ու դեռ առավոտ էլ պիտի հասցնեին ծեգին վեր կենալ գործարան, ֆաբրիկա կամ հանդ ու դաշտ գնալու»: Ու էսքանն ասել են ամենայն լրջությամբ, ռազմահայրենասիրական խրոխտ ձայնով ու խոհափիլիսոփայական հայացքով և դեռ մի բան էլ ավելացրել. «Հա, լսի, իսկ ով չի հասցրել, բավարարվել է կողքանց սիրուհի պահելով, ավտո կամ հեռուստացույց քանդել-քչփորելով կամ էլ բուրդ չբխելով: Էնպես որ, սա եվրոպացու համար պակաս էքստրիմ է: Իսկ մեր համար` ավանդական:; Էնպես որ, հանուն մեր ազգային նժդեհական գաղափարների, արի քարը փեշիցդ թափի, էս շառդ առ, գնա, տար լրամշակի, աշխատի վրան ու թող մենք ու ազգը որոշի` ինքն ինչ սեքսով զբաղվի: Դու ավելի լավ է խոսի մասոններից, գենդերից, տես հա, որ Մաքսային միությանն ենք միանալու, շատ չուրախանաս: Նույնասեռականների հարցում դրված սահմանից այն կողմ չանցնես...»: Ու էլի էսպիսի բաներ, որ հետո դարձել է անեկդոտ ազգիս երեսփոխանների բերանում: Ու հիմա էսքանից հետո միայն մի բան է մնում հարցնելու` Ստամբոլցյանը իրո՞ք է ուզել էդ կարգի օրինագիծ մտցնի ԱԺ, թե՞ ուղղակի նուրբ հումոր է արել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել