Panorama.am-ը գրում է.
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի կանայք և տղամարդիկ» զեկույցի համաձայն` 2012թ-ին Հայաստանում բնակվել է 1 մլն 590.285 տղամարդ և 1 մլն 684.000 կին: Ու թեև կանանց թիվը, ըստ պաշտոնական վիճակագրության, ավելին է, քան տղամարդկանցը, այդուհանդերձ դա, ինչպես ասում են, դեռ ոչինչ չի նշանակում` կանանց մասնակցությունը կառավարման օղակներում շարունակում է ցածր մնալ: Տեղ-տեղ` նույնիսկ խայտառակ ցածր:
Որպեսզի պատկերը կարողանանք ճիշտ դուրս բերել և այն լինի ամբողջական ներկայացնենք վիճակագրությունն ըստ մարզերի:
Ինչպես հայտնի է, ՀՀ տարածքը բաժանված է 10 մարզերի` իր 48 քաղաքային ու 866 գյուղական համայնքներով և Երևան քաղաքային համայնքի` իր 12 վարչական շրջաններով:
Ստորև ներկայացնում ենք մարզերի համայնքների թիվը` այդ թվում և քաղաքային, և գյուղական, ինչպես նաև մարզերի բնակչությունը 2011թ-ի մարդահամարի տվյալներով.
Արագածոտնի մարզ` 114 - 132 հազար 925 մարդ
Արարատի մարզ` 97 - 260 հազար 367 մարդ
Արմավիրի մարզ` 97 - 265 հազար 770 մարդ
Գեղարքունիքի մարզ` 92 - 235 հազար 075 մարդ
Լոռու մարզ` 113 - 235 հազար 537 մարդ
Կոտայքի մարզ` 67 - 254 հազար 397 մարդ
Շիրակի մարզ` 119 - 251 հազար 941 մարդ
Սյունիքի մարզ` 109 - 141 հազար 771 մարդ
Վայոց ձորի մարզ` 44 - 52 հազար 324 մարդ
Տավուշի մարզ` 62 - 128 հազար 609 մարդ:
Այսօրվա դրությամբ Հայաստանում ոչ միայն կին մարզպետ չունենք, այլ նաև կին քաղաքապետ: Այսինքն ստացվում է, որ Հայաստանի 48 քաղաքների համար ոչ մի խելքը գլխին կին չգտնվեց, որպեսզի քաղաքի կառավարումը ստանձնի (չնայած բոլորս էլ գիտենք իրական պատճառները, թե ինչն է նման պատկերի պատճառը): Քաղաքային ավագանու անդամների պատկերն էլ չի տարբերվում նախորդից` 427 տղամարդ ավագանու անդամի դիմաց Հայաստանում կա ընդամենը 22 կին ավագանի:
Փոքր-ինչ ավելի տարբերվող է պատկերը գյուղական համայնքներում, սակայն միայն այն իմաստով, որ Հայաստանում կին գյուղապետերը գոնե «դեֆիցիտ» չեն: Մյուս կողմից` ամեն ինչ, ինչպես ասում են, հարաբերական է. եթե դիտարկենք քանի տղամարդ գյուղապետ կա Հայաստանում և քանի կին, ապա ստացվում է, որ նախորդ ցուցանիշից այնքան էլ առաջ չենք անցել: Եվ այսպես, Հայաստանի 866 գյուղերից միայն 22-ի գյուղապետն է կին, մնացած 844-ը ղեկավարում են տղամարդիկ: 866 գյուղապետերից միայն 54-ի տեղակալներն են կանայք, մնացած 498 տեղեկալները տղամարդիկ են: Գենդերային անհավասար վիճակը ավելի է աչք զառնում, երբ ծանոթանում ենք գյուղական համայնքների ավագանու անդամների սեռային բաժանմանը` 4888 ավագանու անդամից միայն 353 է կին, իսկ մնացած 4535-ը (!) տղամարդ: Այլ կերպ ասած` ընդամենը 7.2 տոկոսը:
Այս իմաստով կարելի է դիտարկել նաև Երևան համայնքն իր 12 վարչական շրջաններով, որտեղ նույնպես կանայք, այսպես ասած, բարձր պաշտոններում տեղ չունեն. չունենք ոչ միայն Երևանի վարչական շրջանի կին ղեկավար, այլ նաև վարչական շրջանների ղեկավարների 18 տեղակալները միայն տղամարդիկ են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ