
1in.am-ը գրում է.
Սեպտեմբերի սկզբին Եգիպտոսում լրտեսության մեղադրանքով մի արագիլ էր ձերբակալվել: Ինչքան էլ տարօրինակ հնչի՝ դժբախտ թռչունն օտարերկրյա հատուկ ծառայությունների համար աշխատելու մեջ մեղադրվող միակ կենդանին չէ: «Լրտեսների» ցուցակի մեջ են հայտնվել սկյուռը, անգղը և նույնիսկ շնաձուկը, տեղեկացնում է բրիտանական BBC-ն:
2011 թ. Սաուդյան Արաբիայում Իսրայելի հատուկ ծառայությունների համար աշխատելու մեղադրանքով ձերբակալվել էր մի անգղ: Եգիպտական ԶԼՄ-ների լրագրողների կարծիքով՝ 2010 թ. Շարմ-էլ-Շեյխ հանգստավայրում զբոսաշրջիկների վրա հարձակված շնաձկների հետևում նույնպես Իսրայելի իշխանություններն են կանգնած:
Կենդանական աշխարհի ներկայացուցիչ լրտեսների մասին տեղեկատվություններ հաճախ Իրանից են ստացվում: 2007 թ. տեղի զինվորականները 14 սկյուռերի էին ձերբակալել, որոնք հայտնվել էին միջուկային արտադրամասերի մոտակայքում:
Հայտնի է նաև, որ 1908 թ. աղավնիները գերմանական բանակում հատուկ ծառայության էին անցնում:
Դրանից բացի, ԿՀՎ-ն փորձել է լրտես-կատու վարժեցնել, որի վրա լսող սարքավորում է ամրացրել, սակայն կատուն խորհրդային դեսպանատան մոտ ավտոմեքենայի տակ է ընկել:
Զինվորականների հետ ամենաշատ դելֆիններն են համագործակցել: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի իշխանությունները խոստովանել են, որ այդ կենդանիներին օգտագործել են ստորջրյա ականների վնասազերծման և թշնամու ջրասուզակների վերացման համար: