![](/static/news/b/2013/09/82491.jpg)
1in.am-ը գրում է.
Այս երկու օրերին Արտաքին գործերի նախարարությունում սգո օրեր են: Դրա պատճառը Սերժ Սարգսյանի կողմից Մոսկվայում արված «Հայաստանը ցանկություն ունի միանալու Մաքսային միությանը» հայտարարությունն է:
Շփոթահար են հատկապես այն պաշտոնյաներն ու շարքային աշխատողները, ովքեր հույս ունեին, որ Հայաստանը չի միանա Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը, հակառակը` անշեղորեն կգնա Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի նախաստորագրմանը: Նրանցից ոմանք այս մի քանի տարիներին աշխատել են այդ փաստաթղթերի վրա, դրա շրջանակներում շփվել են ԵՄ պաշտոնյաների հետ և հատկապես վերջին շրջանում գրեթե կասկած չեն ունեցել, որ կձախողվի այդ գործընթացը: Նրանք հիմա շփոթահար են ոչ միայն այն պատճառով, որ հնարավոր է դանդաղի կամ կասեցվի Հայաստանի՝ եվրաինտեգրման գործընթացը, այլ նաև այն պատճառով, որ առաջիկայում ստիպված են լինելու եվրոպացի իրենց գործընկերներին բացատրել կամ արդարացնել Ս. Սարգսյանի այդ քայլը:
ԱԳՆ-ի մեր աղբյուրների համաձայն` այդ փաստաթղթերի վրա աշխատող պաշտոնյաները նաև խիստ մտահոգություն ունեն, որ ԵՄ-ն հնարավոր է պատժի Հայաստանին՝ կիրառելով քաղաքական ու տնտեսական որոշակի պատժամիջոցներ: Չեն բացառում, որ շուտով միջազգային կառույցներն իրար հետևից սկսեն իջեցնել Հայաստանի ցուցանիշները և խիստ բացասական զեկույցներ ու հայտարարություններ հրապարակեն: Վերհիշեն անցած բոլոր իրադարձությունները` սկսած Մարտի 1-ի դեպքերից մինչև վերջին ընտրություններն, ու տարբեր դասակարգումներում Հայաստանին ընդգրկեն բացասական ցուցանիշներ ունեցող երկրների շարքում: Իսկ իրենք նորից ստիպված են լինելու աշխատել դրանք ինչ-որ կերպ մեղմելու ուղղությամբ:
Բացի այդ, Վրաստանը նոյեմբերին նախաստորագրելու է այդ փաստաթղթերը և սկսելու է դրանցից ենթադրվող օրենսդրության ու ստանդարտների փոփոխությունները: Իսկ երբ իրականացնի այդ փոփոխությունները, դա ուղղակի և անուղղակի կերպով տնտեսական պատժամիջոց կդառնա Հայաստանի համար: Վրաստանը ԵՄ-ի հետ հայտնվելու է նույն կամ նմանատիպ տնտեսական գոտում, իսկ դա մեծ խնդիրներ կառաջացնի Հայաստանի համար, քանի որ մեր բեռնափոխադրումներն իրականացվում են այդ երկրի միջոցով: Վրաստանի հետ ունենալով մաքսային տարբեր ռեժիմներ` Հայաստանը հնարավոր է այդ երկրին ավելի շատ վճարի իր բեռնափոխադրումների համար: Եվ չի բացառվում, որ ԵՄ-ն էլ իր հերթին Վրաստանի միջոցով փորձի ճնշել մեր երկրին. չէ՞ որ ՀՀ իշխանությունները գրեթե խաբել են նրանց:
Այդ մասին ԵՄ պաշտոնյաները նախօրոք են ակնարկել ՀՀ արտգործնախարարության պաշտոնյաներին: Եվ նրանք այս օրերին նաև քննարկում են, թե տնտեսական ինչ վիճակում կարող է հայտնվել Հայաստանը, երբ Վրաստանը ստորագրի այդ համաձայնագրերը, իսկ իրենք՝ ոչ: