![](/static/news/b/2013/09/82382.jpg)
«Ինձ մոտ բացակայում է կամքի ուժը, և դա ինձ շատ է խանգարում: Ի՞նչ խորհուրդ կարող եք տալ»: (անծանոթ)
Պատասխան
Ողջույն: Նախքան Ձեր բուն հարցի պատասխանին անդրադառնալը փորձեմ մի փոքր ներկայացնել` ինչ է իրենից ներկայացնում կամքը, կամքի ուժ ասվածը, արդյո՞ք բոլոր մարդիկ ունեն կամքի ուժ, և եթե այո, ապա ինչպես զարգացնել և ճիշտ օգտագործել այն: Սա կօգնի Ձեզ, որպեսզի կարողանաք ավելի լավ պատկերացնել, հասկանալ, խորապես ըմբռնել Ձեր խնդրի լուծման անհրաժեշտությունն ու կարևորությունը Ձեր իսկ անձի և կյանքի համար, որպեսզի չընկնեք ավելորդ ծայրահեղությունների հետևից, կարողանաք սթափ գնահատել ստեղծված իրավիճակը և արժևորել սեփական կարողությունները:
Երբ մենք մեր առջև որևէ նպատակ ենք դնում և ձգտում հասնել դրան, ապա մեզանից հաճախ մեծ եռանդ, գործողությունների կազմակերպվածություն, հետևողականություն և ծագող դժվարությունները հաղթահարելու մեծ ընդունակություն է պահանջվում: Եթե զուրկ ենք այդ հատկություններից, ապա մեր առջև դրված նպատակին հասնել չենք կարող:
Կամքը սեփական գործողությունները գիտակցորեն կազմակերպելու, կարգավորելու և այդ ճանապարհով դրված նպատակին հասնելու ընդունակությունն է: Կամքի անհրաժեշտությունը զգացվում է հատկապես այն դեպքում, երբ գործողությունը կատարելու մյուս դրդապատճառները թույլ են, երբ նպատակին հասնելու ճանապարհին խոչընդոտներ են հայտնվում, և մարդ հաղթահարում է դրանք: Կամքը սերտորեն կապված է ինքնագիտակցության, Ես–ի ուժի հետ:
Որոշ մարդիկ, հիմնականում կանայք, ասում են, որ իրենց կամքի ուժ հարկավոր չէ կամ, որ դա իրենց տրված չէ: Նրանք ինչ-որ թեթևությամբ ասում են. «Դե իմ մեջ չկա կամքի ուժ»: Չնայած որ առավոտյան մարզանքը և սառը ցնցուղը մաքուր պատվով հետաձգում են մինչև մյուս երկուշաբթի կամ հանում են հերթական ծխախոտը տուփից, և արվում է էլի ինչ-որ մի բան, որից պետք է հրաժարվել: Այսպիսի մարդիկ պարզապես կեղծավորություն են անում ուրիշների առաջ կամ փորձում են դրանով թաքցնել իրենց իսկ թերությունները:
Մի՛ ասեք, թե Ձեր մեջ կամքի ուժը բացակայում է: Դա ինքնախաբեության, հոգեկան թուլության, ինչո՞ւ չէ նաև հոգեկան «ծուլության» նշան է: Պարզապես Ձեզ հարմար է լինել «զոհի» կարգավիճակում: Չեք ցանկանում, վախենում եք խոստովանել ինքներդ Ձեզ, որ ուժեղ եք, որ ընդունակ եք հաղթահարել խոչընդոտներ, լուծել խնդիրներ: Դուք պարզապես խուսափում եք դժվարություններից:
Այն, որ այսօր Ձեր հարցով դիմել եք հոգեբանի` ակնկալելով նրանից աջակցություն, դա արդեն մեծ առաջընթաց է, քանի որ Դուք ցանկանում եք լուծում տալ Ձեր խնդրին:
Թույլ, փոքրիկ, նույնիսկ աննշան, բայց բոլոր մարդկանց մեջ էլ կամքի ուժ կա: Պարզապես պետք է կարողանալ հասկանալ, թե այն ինչ մակարդակի վրա է գտնվում քեզ մոտ և ինչպես ճիշտ զարգացնել այն:
Սկսեք կանխամտածված կատարելագործվել` հենց Ձեզանում դաստիարակելով կամքի ուժը:
Ամբողջական պատասխանը՝ այստեղ