
1in.am-ը գրում է.
Ղազախստանի արևմուտքում՝ Մանգիստաուսկի մարզում, տղամարդը ձեռքերով խեղդել է իր վրա հարձակված գայլին: Այս մասին հաղորդում է «Ակտաու-Լադա» տարածաշրջանային պարբերականը:
Միջադեպը տեղի է ունեցել Ժետիբայ գյուղի մոտ՝ տափաստանում:
«Գազանի հարձակումն անսպասելի էր: Ես դուրս եկա ավտոմեքենայից՝ այն զննելու համար, և հետևից ինձ վրա ինչ-որ գազան հարձակվեց: Սկզբում կարծեցի, թե դա շուն է, սակայն արդեն մենամարտում հասկացա, որ գայլի հետ եմ կռվում»,- ասել է տեղաբնակ Դաուլետ Տուեյշիևը:
Ագրեսիվ գազանը ուժեղ կառչել է տղամարդու մեջքից, կծոտել նրա ոտքերը, ձեռքերը և մեջքը:
«Հասկանալով, որ իր կյանքը մազից է կախված՝ տղամարդը բռնել է գազանի վզից և բաց չի թողել այնքան ժամանակ, մինչև այն շունչը փչել է: Միայն այդ ժամանակ վիրավոր նախկին ոստիկանը հիվանդանոց է գնացել՝ լուրջ վնասվածքներով»,-գրում է պարբերականը: