
1in.am-ը գրում է.
Վրաստանի սևծովյան ափին ցիկլոն է մոտենում: Ուժգին ալեկոծության պատճառով երկրի խոշորագույն նավահանգիստներից մեկը՝ Փոթին, դադարեցրել է աշխատանքը:
Օդերևութաբանների տվյալներով՝ այսօր, վաղ առավոտյան, փոթորիկը ծովում էլ ավելի կուժեղանա, այդ իսկ պատճառով ձեռնարկվում են արտակարգ միջոցառումներ, որպեսզի տարերային աղետը կաթվածահար չանի քաղաքը:
Չորեքշաբթի երեկոյից եղանակը Վրաստանի գրեթե ողջ տարածքում կտրուկ փոխվել է՝ հայտնում է Interfax-ը: Շատ շրջաններում, այդ թվում՝ Թբիլիսիում, օդի ջերմաստիճանն ընկել է 8-9 աստիճանով, գրանցվել է քամու ուժգնացում, տեղացել են հորդառատ անձրևներ՝ տեղ-տեղ կարկուտի ուղեկցությամբ: Արտակարգ իրավիճակների բոլոր ծառայություններն աշխատում են 24-ժամյա ռեժիմով:
Շրջակա միջավայրի պահպանության նախարար Խատունա Գոգլաձեի խոսքով՝ նման ինտենսիվութամբ ցիկլոնի ներխուժումը Վրաստան հազվագյուտ երևույթ է երկրի համար, սակայն իրավիճակը լիովին վերահսկվում է: