
1in.am-ը գրում է.
Երեկ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին Եվրախորհրդի փորձագետների հանձնաժողովի կողմից Եվրոպական դիպլոմ շնորհվեց:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանն ասաց, որ այս դիպլոմը շնորհելու գործում մեծ դեր ունեն ակտիվիստները, ովքեր պայքարեցին արգելոցի համար. «Նրանց շնորհիվ է, որ արգելոցն այնպիսի վիճակում է, որ կարելի է շնորհել դիպլոմ: Մեր բուսական և կենդանական աշխարհն այնքան հարուստ է, որ ես հասկանում եմ դրսից եկած մասնագետներն ինչու են դիպլոմ շնորհել: Դա տեսնելով՝ ինչ-որ «մինուսներ» կարող են հաշվի չառնել»:
Կարինե Դանիելյանի հավստմամբ՝ սա դրական երևույթ է, և հիմա մերոնք ստիպած կլինեն ավելի աչալուրջ լինել, որովհետև դրսի աչքը միշտ արգելոցի վրա կլինի. «Եվրոպայում շատ լուրջ են վերաբերվում բնապահպանության խնդիրներին և պարբերաբար մինի մոնիտորինգներ կանցկացնեն այստեղ»:
Ինչ վերաբերում է արգելոցի խնդիրներին, ապա տիկին Դանիելյանն ասաց, որ դրանք նույնն են՝ շինության հետ կապված խնդիրը, որը դեռ պարզ չէ, թե ինչու է կառուցված. «Ասում են, որ բնակիչները որպես ամառանոց են օգտագործում: Տարբեր տեղերից լսվում է նաև, որ ինչ-ինչ պաշտոնյաներ մեկնում են արգելոց՝ որսի։ Հույս ունեմ, որ դա այդպես չէ»:
Նշենք, որ Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որին տրվում է պահպանվող տարածքի Եվրոպական դիպլոմ: Դիպլոմը տրվում է մինչև հինգ տարի ժամկետով: