Եթե կա մի բան, որով Մանհեթենը ինձ դուր է գալիս, ապա դա նրա՝ ինձ ամեն անգամ զարմացնելու ունակությունն է, իսկ զարմանալ ես սիրում եմ, ճիշտն ասած։ Ամեն անգամ Մանհեթեն գնալիս անպայման ինչ–որ նոր ու արտասովոր բաներ եմ հայտնաբերում։ Ու նշանակություն չունի, որ հաճախ զարմանում եմ միևնույն բաների վրա, որովհետև եթե զարմանում եմ, ուրեմն դրանք ամեն անգամ նորովի են ներկայանում ինձ, կամ ես եմ ուրիշ լույսի տակ տեսնում, չգիտեմ։ Ու էլի ամեն անգամ մտածում եմ, որ ես ոչ մի դեպքում չէի ապրի էնտեղ՝ միաժամանակ մի տեսակ թեթևություն զգալով էն մտքից, որ դա ինձ չի էլ սպառնում՝ հաշվի առնելով, թե ինչ աստղաբաշխական գների են էնտեղի բնակարանները։ Ու ընդհանրապես իմ գլխում չի տեղավորվում, թե ոնց կարելի է ապրել կամ ցանկանալ ապրել մի տեղ, որտեղ փողոցներում ծառերը միայն ծաղկամանների մեջ են աճում, խոտերն ու ծաղիկներն էլ` հիմնականում շենքերի տանիքներին, դե, արհեստական զբոսայգիները չհաշված։ Էլ չեմ ասում ամենուրեք երկու կողմից պահակների պես գլխիդ կանգնած երկնաքերների մասին, որոնք, ի դեպ, առաջին բաներից են, ինչի համար տանել չեմ կարողանում էս վայրը։ Մյուս կողմից էլ Մանհեթենը լավ է նաև նրանով, որ ամեն անգամ էնտեղ լինելուց հետո ավելի շատ եմ սիրում ու գնահատում էն հանգիստ քաղաքը, որում ապրում եմ։
Կյանքումս էդքան մուրացկաններ ու բոմժեր տեսած չկայի, ինչքան էս անգամ Մանհեթենում։ Չգիտեմ՝ ոնց է ստացվել, որ Մանհեթենում էդքան եղել եմ, բայց մուրացկանների առատություն երբեք չեմ նկատել, իսկ հիմա նրանք ամեն քայլափոխի էին հանդիպում՝ ամենատարբեր հագուկապով, դիրքերով ու տրամադրություններով. մի մասը նստած էր, մի մասը քայլում էր, մի մասն էլ քնած էր։ Մեկն, օրինակ, անկողնատիպ մի բան գետնին փռած՝ նստել, ինչ–որ բան էր գրոտում։ Առաջին բանը, որ մտքովս անցավ, էն էր, որ իր ծախսերը կամ պարտքերն է հաշվարկում, բայց հենց հաջորդ պահին էլ ծիծաղս եկավ մտածածիս վրա։ Մեկ ուրիշն էլ, ծխախոտը բերանում ամուր սեղմած, քնել էր։ Մի քանի ժամ անց նույն ճանապարհով հետ գալիս էլի հանդիպեցինք. արդեն արթնացել ու զբոսնում էր մոտակայքում։ Զարմանալի էր, որ էս անգամ մուրացկաններից ոչ մեկը հատուկ գրություն չուներ դիմացը դրած կամ ձեռքին պահած։ Դրանք հաճախ բավական յուրօրինակ ու հումորով են լինում։
Հետաքրքիրն էն էր, որ լիքը փողոցներ կտրել–անցնելուց ու ամեն տեղ լիքը մուրացկաններ տեսնելուց հետո մեկ էլ մի եկեղեցու դիմաց ի՞նչ տեսնենք՝ մուրացկանի արձան. :))



Ինչ–որ զբոսայգու մոտով էինք անցնում, որտեղ ժամանակակից արվեստի մի բավական յուրօրինակ գործ տեսանք։Արվեստի այդ տեսակը կոչվում է ինստալացիա, ինստալացիոն արվեստ։ Այն հաճախ տեղանքին հատուկ արվեստի գործ է լինում. ցուցադրվում է կոնկրետ դիրքով ու կոնկրետ վայրում տեղադրված ու դիտարկվում հենց տվյալ միջավայրում, ու որպես առանձին արվեստի գործ՝ կարող է և չնայվել։ Սույն ինստալացիան իրենից ներկայացնում էր բացառապես կարմիր ներկված պարաններից հյուսված մի «շինություն», կարելի է նույնիսկ ասել՝ ձևավոր պատ, որի պատրաստման համար, ըստ համապատասխան ցուցանակի, ծախսվել է 1.4 միլիոն ոտնաչափ ոլորված շերտավոր նավաստիական պարան և 3500 գալոն ներկ։ Ստեղծագործությունը, չգիտես ինչու, կոչվում է «Կարմիր, դեղին և կապույտ», չնայած նշված վերջին երկու գույներն ընդհանրապես բացակայում են։







Ըստ իս` նմանատիպ գործերի հիմնական արժեքը յուրօրինակությունն է։ Գեղեցկություն՝ որպես այդպիսին, առանձնապես չեմ տեսնում, թեև հնարավոր է, որ ճաշակի հարց է։ Համենայն դեպս, տվյալ միջավայրում մի քիչ անկապ տեսք ունի, իմ կարծիքով։ Բայց ոչ ոք չի ժխտի, որ անմիջապես ուշադրություն է գրավում թե՛ վառ կարմիր գույնի, թե՛ չափի ու թե՛ ձևի շնորհիվ։ Ամեն դեպքում մի տեսակ վատ եմ զգում, երբ պատկերացնում եմ, որ էդքան պարան ու էդքան ներկ են վարի տվել մի ինչ–որ տձև գոյացություն ստեղծելու համար։ Բայց դե ինստալացիոն արվեստի գործերը հաճախ հենց էդպիսին էլ լինում են՝ հսկայական չափերի ու ահագին ռեսուրսներ խլող։ Ընդ որում՝ հեղինակը ամբողջ «պատը» պատրաստել է շուղերով հյուսելու սկզբունքով, այսինքն՝ էդ ամբողջն իր ձեռքով է հյուսել։ Էստեղ են ասել. երնեկ քո հավեսին։ :D 

Զբոսայգում մի ուրիշ բան էլ ուշադրությունս գրավեց։ Մի տղա դաշնամուր էր նվագում, երբեմն էլ երգում։ Կողքին էլ դույլ էր դրված՝ փող գցելու համար։ Դաշնամուրը սարսափելի հնամաշ էր. չի բացառվում, որ տատիկից ժառանգություն ստացած լիներ։ Բայց էնքան լավ էր նվագում, որ չափսոսացի դույլի մեջ մի դոլարանոց գցել։ Տեսնես՝ գիշերներն էդ դաշնամուրն ի՞նչ է անում։ 



Առաջին անգամ գողացված հեծանիվ ենք տեսել, ավելի ճիշտ՝ հեծանիվը չկար, համապատասխան տեղում կողպեքով ամրացված միայն մի ակն էր մնացել, մնացածն, ըստ երևույթին, հանել–տարել էին։ Հիշեցի, որ ամուսինս մի անգամ ասել էր, որ իր կոլեգաներից մեկը հաճախ հեծանիվով է գալիս գործի, բայց կողպեքով ամրացնելիս ամեն անգամ մի ակը հանում, հետը բերում է ներս՝ մտածելով, որ առանց մի ակի դժվար թե գողանան։ Բայց, փաստորեն, էդպես էլ են անում. մտքներին տեղ լինի։ Իսկ հեծանվի տերը երևի վստահ էր, թե ապահով տեղ է թողել իր հեծանիվը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել