ԱՅՍՕՐ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՁԵԶ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԻՄ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԸ ԱՅՆ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ, ՈՐ ՏՎԵԼ ԷԻ «ԻՐԱՎՈՒՆՔ» ԹԵՐԹԻ ԹՂԹԱԿՑԻՆ` ԿԱՊՎԱԾ ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՇՈՒՐՋ ՁԵՎԱՎՈՐՎՈՂ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ։ ՄԻ ԳՈՐԾԸՆԹԱՑ, ՈՐԻ ՄԻՏՈՒՄԸ ՈՉ ԹԵ ՀԱՅ ԱԶԳԻՆ ՕԳՆԵԼՆ Է` ԱՅՍՕՐՎԱ ԱՅՍ ԾԱՆՐ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ, ԱՅԼ ԻԲՐԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՏԱՐԱՆՋԱՏՈՒՄՆ ՈՒ ԽՃՃՈՒՄԸ... 
Ուրախ կլինեմ, եթե տրամաբանված կարծիքներով իրար օգնենք` այս խնդրին վերաբերող լուծում գտնելու համար։

Իրավունք Թերթ - Թեմա
Երեքշաբթի, 03 Սեպտեմբեր 2013 00:00

ՈՉ ՈՔ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉԻ ՏՎԵԼ «ՄՏԱՀՈԳՎԵԼ» ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՎ

Այն, որ աղանդները մեր երկրում գնալով շատանում են եւ փորձում են խարխլել մեր պետականությունը, նորություն չէ: Թերեւս, փաստ է նաեւ այն հանգամանքը, որ աղանդ կոչեցյալները ֆինանսավորվում են ԱՄՆ-ից, եվրոպական մի շարք երկրներից, դե, իսկ նպատակը պարզից էլ պարզ է` արմատախիլ անել հայ եկեղեցին, որը դարեր ի վեր միախմբել է հայերին` ինչպես պատերազմական, այնպես էլ խաղաղ պահերին:
Եվ այսօր հասել ենք նրան, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը իրեն թույլ է տալիս հայտարարել, թե կրոնական կազմակերպությունները պետք է Հայաստանում քարոզչություն իրականացնելու հնարավորություն ունենան. «Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահությունը կարեւոր է երկրի համար: Կարեւոր է նաեւ, որ Հայաստանն ուշադրություն է դարձնում կրոնի ազատության հարցին: Հայաստանը ստորագրել է մի շարք միջազգային կոնվենցիաներ, ինչի արդյունքում իր վրա որոշակի պարտավորություններ է վերցրել: Ինչ վերաբերում է դավանանքի ազատության վերաբերյալ միջազգային զեկույցին, ապա Հայաստանի հասցեին կա ինչպես քննադատություն, այնպես էլ` դրվատանք: Մենք ընդունում ենք երկրում Հայ առաքելական եկեղեցու հատուկ կարգավիճակը, սակայն որոշ ասպեկտներում բարեփոխումների անհրաժեշտություն կա: Կրոնական կազմակերպությունները պետք է քարոզչություն իրականացնելու հնարավորություն ունենան: Բացի այդ, երկրում բազմաթիվ այլ խնդիրներ կան` կապված կրոնների հետ»:
Այնպիսի տպավորություն է, թե մենք ուրիշ դարդ ու ցավ չունենք եւ պիտի լսենք ԱՄՆ դեսպանի բարբաջանքները: Հետաքրքիր է` որտե՞ղ է լինում այդ դեսպան կոչեցյալը, երբ սահմանին եւս մեկ հայ զինվոր է ընկնում: Ինչո՞ւ այդ ԱՄՆ դեսպանը մեր երկրում պետք է թելադրի, թե ինչ դիրք պետք է ունենա Հայ առաքելական եկեղեցին, եւ ինչ նշանակություն պետք է ունենան մեզ համար աղանդները, որոնք ի վերջո մարդկանց խելագարության են հասցնում:
Մենք զրույց ունեցանք ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԻ հետ, հասկանալու համար, թե արդյոք ԱՄՆ դեսպանը իրավունք ունի՞ որոշելու, թե Հայ առաքելական եկեղեցին գերակշիռ դեր պե՞տք է ունենա, թե՞ ոչ: Այս հայտարարությունը նաեւ նոր աղանդների ավելացման կոչ է: Կոմիտաս վարդապետը տվեց հետեւյալ մեկնաբանությունը.

«Ամբողջ խնդիրը այն է, որ Հայաստանի կառավարությունը ոչ միայն տոլերանտ է այլ դավանանքների, կրոնների նկատմամբ, այլև չափից ավելի ազատ մոտեցում եւ կեցվածք ունի` ի տարբերություն Վրաստանի կամ Ադրբեջանի, որտեղ այդ իրավունքները շատ սահմանափակ են: Երբ ԱՄՆ դեսպանը իրեն իրավունք է տալիս Հայ եկեղեցուն, ժողովրդին ինչ-որ տեղ քննադատելու, ես կարող եմ ասել մեկ բան. Հայաստանում ոչ ոք չի մեղադրվում իր հավատամքին հետեւելու համար, այլ մեղադրվում են հոգեորսության մեջ: Նրանք փորձում են մարդկանց խաբելով, կեղծ խոստումներով իրենց բուն հավատքից շեղել եւ տանել անհասկանալի շարժումների ետեւից: Եվ եթե այդ հավատամքը լիներ միայն մեկը եւ լիներ համոզիչ, ես կհասկանայի, բայց այսօր 200-ից ավելի տարաբնույթ աղանդավորական շարժումներ կան, եւ նրանցից յուրաքանչյուրը գալիս է իր «ճշմարտությունը» քարոզելու անվան տակ մեր հայ ժողովրդի հավաքականությունը պառակտելու: Չեմ կարծում, որ պարոն Հեֆֆերնը կհամաձայներ, եթե նմանատիպ գործողությամբ ինչ-որ մեկը փորձեր ԱՄՆ պետության միասնականությունը խախտել: Այսօր ԱՄՆ պետության շահը պաշտպանվում է այնպես, ինչպես իրենք են հարմար գտնում, եթե դա անգամ չի համապատասխանում եվրոպական մակարդակի «մարդու իրավունքներ» հասկացողությանը: Ես ուրախ եմ, որ պարոն Հեֆֆերնը խոսում է բարեփոխության մասին, բայց ես կարծում եմ` նրան ոչ ոք իրավունք չի տվել Հայ եկեղեցու մասին «մտահոգ» բարեփոխումների առաջարկ ներկայացնել, որովհետեւ Հայ եկեղեցին ունի իր եպիսկոպոսական ժողովը, որը զբաղվում է այդ խնդիրներով: Ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել պարոն Հեֆֆերնին, որ նա շատ եւ շատ «մտահոգ» է կրոնական խնդիրներով, բայց կուզեի, որ նա ավելի մտահոգ լինի, որ Թուրքիան եւ Ադրբեջանը վերացնեն Հայոց աշխարհը շրջափակման ենթարկելը: Դեմոկրատիա` չի նշանակում խոսել միայն նյութերի մասին, որը ցանկալի է, այլ նշանակում է պաշտպանել ժողովրիդի իրավունքը այնտեղ, որտեղ այն ոտնահարվում է: Այս պարագայում մի ամբողջ երկրի ժողովրդավարության դեմքն է ոտնահարվում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից: Ես ուրախ կլինեի, եթե պարոն Հեֆֆերնին այս հարցը հուզեր»:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել