Սիրելի ընկերներ,

Հաշվի առնելով մեր երկրում առկա սոցիալական խիստ բևեռացումն ու աղքատության բարձր մակարդակը՝ BlogNews.am-ը և «Individuum casting»-ը սկսում են «Դու միայնակ չես» նախաձեռնությունը, որի նպատակը բարի կամք դրսևորելու միջոցով կարիքավոր մարդկանց հոգսը ինչ-որ կերպ թեթևացնելն է: Մեր ցանկությունը բարի մարդկանց բարի գործ անելու հնարավորություն ընձեռելն է: Մենք ուս ուսի տված, միասին կօգնենք մեր այն հայրենակիցներին, ովքեր ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում և զրկված են անգամ առաջին անհրաժեշտության պարագաներից:

Բոլորս մեր տներում չօգտագործվող կամ մեզ համար այլևս ոչ պետքական իրեր ու ապրանքներ ունենք: Դրանք մեր տներում վաղուց արդեն ավելորդ տեղ են զբաղեցնում ու ոչնչով մեզ օգուտ չեն տալիս, բայց կարող են ծառայել մեր հայրենակիցներից որևէ մեկին ու երջանկություն բերեն նրա տուն: Այդ իրերը տարատեսակ կարող են լինել՝ հագուստից սկսած և վերջացրած կենցաղային իրերով, տեխնիկայով ու խաղալիքներով երեխաների համար: Ակցիային մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել 095 88 04 75 (Լիլիթ) համարով ու պայմանավորվել մեզ հետ` իրերը փոխանցելու համար: Ապա կնշանակենք հատուկ օրեր ու միասին կայցելենք Հայաստանի առավել աղքատ բնակավայրերը ու ԿՕԳՆԵՆՔ մարդկանց: Արդեն առանձնացրել ենք հատուկ տարածք` իրերը հավաքելու համար (Խանջյան 13, 4 հարկ): Իսկ մեր ընկերները կօգնեն հավաքված ապրանքները ճիշտ տեսակավորել ու առանձնացնել ըստ թիրախային խմբերի:

Մեզ արդեն միացել են շատ ու շատ մարդիկ, ովքեր պատրաստ են հրաժարվել անգամ իրենց համար թանկ իրերից՝ կարիքավորներին մի փոքր ժպիտ պարգևելու համար:

Ակցիան բնավ սիմվոլիկ բնույթ չի կրելու: Նրա տարածման և վարակիչ լինելու դեպքում, ինչում մենք վստահ ենք, մեծ հաջողություններ ենք ունենալու: Կողքինի ցավը զգալու և նրան նեցուկ կանգնելու գիտակցությունը յուրաքանչյուր հայի մեջ կա, եկել է մեր զգացածը ու մեր բարի ցանկությունները կյանքի կոչելու ժամանակը: Միայն համախմբվածության ու մեկս մյուսին օգնելու շնորհիվ կարող ենք դիմակայել մեր ամրությունը սասանել փորձող երկրաշարժերին: Հայի տեսակը ուժեղ ու կամեցող տեսակ է: Հայ ժողովուրդը թույլ ու ջլատված լինելու իրավունքը չունի: Եկեք միասին, ամեն մեկս մեր չափով օգնենք այս մեծ ու կարևոր գործին ու նորից զգանք մի բռունցք լինելու հաճույքը: Կյանքում գեթ մեկ լույս վառելը խավարը հավերժ անիծելուց շատ ավելի լավ է: Վառենք այդ լույսերը նախ մեր հոգիներում, ապա դրանցով ջերմացնենք մեր կողքիններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել