
1in.am-ը գրում է.
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Ռուսաստան՝ իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման:
Հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ երկու երկրների նախագահների բանակցությունների ընթացքում նախատեսվում է երկկողմ օրակարգի հիմնական հարցերի շուրջ մտքերի փոխանակում, ներառյալ` քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում փոխգործակցությունը: Ենթադրվում է նաև ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների և Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ապահովմանը վերաբերող հարցերի քննարկում:
Իսկ ահա Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը ռուսական «ՌԻԱ-Նովոստի» գործակալությանը տեղեկացրել էր, որ կողմերը քննարկելու են Հայաստանի համագործակցությունը Մաքսային միության և Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միասնական տնտեսական տարածքի հետ:Մինչդեռ մի շարք ռուս փորձագետներ և՛ ռուսական, և՛ հայկական լրատվամիջոցների հետ հարցազրույցներում նշել էին, որ Ռուսաստանը Հայաստանին Մաքսային միությունում չի սպասում:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը նշեց, որ այցը քաղաքական է և, իր կարծիքով, կքննարկվեն առավել ակտուալ խնդիրներ, իսկ դրանք ըստ քաղաքագետի՝ քիչ չեն. «Ակնհայտ է, որ հայկական կողմին կհետաքրքրի Ռուսաստանի դիրքորոշումը՝ Սիրիայի հետ կապված, քանի որ Սիրիայում հայերը քիչ չեն:
Դա առհասարակ և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի հետաքրքրությունների մեջ է, և այս դեպքում դա կլինի ոչ թե քննարկում, այլ քաղաքականության համակարգում. սա ընդհանուր պատկերն է: Երկկողմ հարաբերությունները ևս շատ խնդիրներ ունեն, որոնք հաճախ ծայրահեղ գնահատականների են արժանանում: Քաղաքագետներից մեկը վերջերս ասել էր, օրինակ, որ Հայաստանն արդեն գնացել է Արևմուտք, և հայ-ռուսական հարաբերություններն այս կերպ կմինիմալացվեն, եթե ամբողջովին չխզվեն, իհարկե՝ ոչ Վրաստանի աստիճանի, այդուհանդերձ դրանք չեն լինի այն մակարդակի, որում նախկինում եղել են: Սա մի կարծիք է: Հայ քաղաքագետներից Սերգեյ Մինասյանն էլ ասել էր, որ ոչ մի դրամատիկ բան չի պատահի, և ամեն ինչ իր սովորական հունով կգնա: Իհարկե, մենք հասկանում ենք, որ շատ կարևոր ժամանակաշրջան է մեր հետագա հարաբերությունների համար: Հայաստանը կարող է հարթել իր հարաբերությունները ԵՄ-ի հետ և նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը, մյուս կողմից էլ՝ մեկ ուրիշ ծրագիր ստեղծել է հետխորհրդային սահմանում՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, և կախված այն բանից, թե ինչպիսի մասնակցություն կունենա այս ծրագրերում Հայաստանը՝ այդ կերպ էլ կձևավորվեն հետագա հարաբերությունները: Կարծում եմ նաև՝ գազի գնի թանկացման հարցը կքննարկվի, և հույս ունենանք, որ երկու նախագահները փոխշահավետ համաձանության կգան»:
Մեր այն հարցերին, թե իր կարծիքով չե՞ն լինի արդյոք ճնշումներ Հայաստանի վրա՝ ինչպես Ուկրաինայի, հնարավո՞ր են արդյոք Ռուսաստանի կողմից տնտեսական պատժամիջոցներ Հայաստանի նկատմամբ, Ա. Կռիլովը պատասխանեց. «Նախևառաջ պետք է հաշվի առնել, որ այս կամ այն ինտեգրացիոն կազմակերպության մեջ ներգրավված լինելն իր մեջ ներառում է հետևանք մեկ այլ բանի, բայց ոչ այնպիսի հետևանք, որ, ասենք, այս կամ այն ընտրության համար պատիժ կլինի մյուս կողմից կամ ճնշում: Եթե Հայաստանը զարգացնի իր հարաբերություններն Արևմուտքի հետ, ապա անկասկած՝ հաշվի է առնվել, որ դրա պատճառով չի տուժի ռուսական կողմը, դա է հայկական կոմպլիմենտար քաղաքականության էությունը:
Եթե միավեկտոր քաղաքականության անցնի, ապա իհարկե՝ մեր հարաբերությունները այլ բնույթ կստանան:
Հիմա պետք չէ ծայրահեղ մեկնաբանություններ անել, թե Մոսկվան կպատժի Հայաստանին, այստեղ առավել բարդ է իրավիճակը, անհրաժեշտ է հիմա քաղաքականությունը դասավորել այնպես, որ այն ձեռք տա հենց Հայաստանին:
Եթե Հայաստանը Վրաստանի օրինակով ընտրում է Եվրոպական միությունը, ապա ո՞վ է ապահովելու Հայաստանի անվտանգությունը, ստացե՞լ է արդյոք ԱՄՆ-ից ռեալ անվտանգության երաշխիքներ, ՆԱՏՕ-ից ստացե՞լ է»:
Քաղաքագետի կարծիքով՝ անհասկանլի է, թե ինչու է պայմանագիրը, որն ըստ էության, համաձայնեցվել է Հայստանի և ԵՄ-ի միջև, այդքան գաղտնի պահվում և չի հրապարակվում. «Եթե այնտեղ ոչ մի արտասովոր բան չկա և ձեռնտու է Հայաստանին, ապա էլ ինչո՞ւ չի հրապարակվում»:
Հետաքրքրվեցինք նաև, թե ի վերջո, Ռուսաստանը սպասո՞ւմ է Հայաստանին Մաքսային միությունում, թե ոչ, ինչին ի պատասխան՝ Ալեքսանդր Կռիլովն ասաց․«Հայաստանը պետք է ինքը հայտարարի, որ ուզում է մտնել Եվրասիական միություն, ոչ ոք Հայաստանին չի աղաչելու անդամագրվել: Օրինակ Ղրղզստանը հայտարարեց, որ ուզում է, Բելառուսը՝ նույնպես: Առհասարակ, պետք չէ մտածել, թե ինտեգրվելով այս կամ այն տնտեսական ծրագրին՝ բոլոր հարցերը լուծվում են: Եվրոպական միության մեջ էլ հույները շատ խնդիրներ ունեն, որոնք պետք է արագ իրենց լուծումը ստանան՝ երկրում սոցիալ-տնտեսական ապակայունացում չստեղծելու համար:
Այո, նախաստորագրելով համաձայնագիրը՝ Հայաստանն այլևս ազատ չի լինլու իր քաղաքականության մեջ, պայմանագիրն այլ բաներ կթելադրի։ Այդ ամենը, կարծում եմ, Հայաստանը պետք է մի լավ ծանրութեթև անի և նոր՝ բոլոր կողմերի համար շահավետ տարբերակ ընտրի»։