
1in.am-ը գրում է.
«Եգիպտոսում այժմ բախումներ չկան, երկիրը կամաց-կամաց բնականոն հունի մեջ է մտել, համայնքի հետ կապված որևէ խնդիր չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը:
Աշոտ Սրբազանը փոխանցեց նաև, որ այժմ երկրում գործում է պարեկային ժամ՝ երեկոյան 9-ից առավոտյան 6-ը՝ չնայած վերջին երկու օրերին որևէ դեպք չի եղել՝ երկիրը խաղաղ է. «Այս պահին մարդիկ շարունակում են իրենց բնականոն կյանքը, գնում են աշխատանքի, դպրոց, մանկապարտեզ... Նույն վիճակն է նաև հայկական համայնքում»:
Մենք տեղեկացանք նաև, որ բախումների ժամանակ մեկ-երկու շինություններ են վնասվել, որոնք արդեն իսկ վերականգնվում են: Աշոտ Սրբազանի հավաստմամբ՝ կառավարությունն ամեն ինչ անում է երկրում վիճակը կայուն պահելու համար. «Եթե նորից կրկնեն դեպքերը, կառավարությունն ամեն ինչ պետք է անի, որպեսզի երկիրը խաղաղ վիճակի բերի»:
Հիշեցնենք, որ «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդ և Եգիպտոսի գահընկեց արված նախագահ Մուհամմեդ Մուրսիի աջակիցների ճամբարները երկրում անընդհատ բախումներ էին հրահրում: