1in.am-ը գրում է.
Սիրիայում՝ քիմիական զենքի ենթադրյալ կիրառման վայրերում ՄԱԿ-ի տեսուչների կողմից հավաքված նմուշներն առաջիկա ժամերին կտեղափոխվեն եվրոպական լաբորատորիաներ, որից անմիջապես հետո կսկսվի դրանց փորձաքննությունը: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:
Նրա խոսքով՝ նմուշները Հաագայից ուղարկվել են անցած օրը երեկոյան և նշված հասցեներ կհասնեն առաջիկա ժամերին: Ինչպես հայտնել է նա, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը տեսուչների խմբի ղեկավար Օկե Սելստրոյմի հետ երկուշաբթի հեռախոսով քննարկել է հետաքննության գործընթացը արագացնելու հնարավորությունը:
Անցած շաբաթ ՄԱԿ-ի քարտուղարությունը հայտնել էր, որ փորձաքննությունը կանցկացվի եվրոպական լաբորատորիաներում, որոնք արտոնագիր ունեն Քիմիական զենքի արգելման հարցերով կազմակերպության կողմից: Անվտանգության նկատառումներով չի հաղորդվում, թե դրանք որ երկրներում են գտնվում: Հայտնի է, որ դրանց շարքում չկան ՄԱԿ ԱԽ մշտական անդամները (Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ և Ֆրանսիա):
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ԱԽ 10 ոչ մշտական անդամ երկրներին կտեղեկացնի հետաքննության ընթացքի մասին: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Ավստրալիայի մշտական ներկայացուցիչ Գերի Քուինլենը Twitter-ի իր միկրոբլոգում:
Ներկայում ԱԽ ոչ մշտական անդամների թվում են Ադրբեջանը, Ավստրալիան, Արգենտինան, Գվատեմալան, Լյուքսեմբուրգը, Մարոկկոն, Պակիստանը, Ռուանդան, Տոգոն և Հարավային Կորեան: