1in.am-ը գրում է.

ՄԱԿ-ի փորձագետները Սիրիա կվերադառնան՝ քիմիական զենքի հնարավոր կիրառման վերաբերյալ հետաքննությունն ավարտին հասցնելու համար: Այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:

«Մենք հստակ հայտարարել ենք, որ ՄԱԿ-ի տեսուչների խումբը, որը հետաքննում է քիմիական զենքի կիրառումը, Սիրիա կվերադառնա՝ բոլոր կասկածների հետ կապված՝ հետաքննությունը շարունակելու համար: Մենք չենք խոսում այն մասին, երբ դա տեղի կունենա և ինչպիսին կլինի առաքելության կազմը»,- Interfax-ը մեջբերում է Նեսիրկիի խոսքերը:

Փորձաքննության արդյունքը պատրաստ կլինի 3 շաբաթից: Սիրիայում հավաքված բոլոր նյութերը Հաագա են ուղարկվել՝ հետազոտության համար:

Պան Գի Մունի մամլո քարտուղարը հայտարարել է, որ միայն «ՄԱԿ-ի առաքելությունը կարող է օբյեկտիվ կերպով և ճշգրտորեն պարզաբանել քիմիական զենք օգտագործելու փաստը՝ հիմնվելով անմիջական ապացույցների վրա, որոնք հավաքված են հարձակման վայրում: Հաշվի է առնվում նաև ապացույցները փոխանցող շղթայի պաշտպանության համակարգը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել