Նայում եմ հայ «օլիգարխների» ապրելակերպին ու հեռավոր գյուղերում աղքատության մեջ տառապող մեծահասակներին, քրչ ու փալասների մեջ կորած երեխաներին. Հայաստանում մի կողմից միլիոն դոլարանոց տներ, թանկարժեք սև գույնի ՋԻՓ–եր և դրանց կողքին՝ աղբարկղներում ուտելիք փնտրող անտունիներ՝բոմժեր: Այժմ բոլորն իրար կասկածում են, չեն վստահում, չեն խղճում իրար։ Ես չեմ ուզում պարտություններին համակերպվող հայ լինել: Ես ուզում եմ, որ աշխարհում մեր ցեղը պահպանվի, որ աշխարհը մեզ հարգի: Սա և՛ շատ է, և՛ քիչ. նայած ով՝ ինչպես է դատում: Ընդհանուր մի ըմբռնում պիտի ձևավորվի, ըստ որի՝ ազգի տուրքը երեք մասի բաժանելով պիտի ապրենք. Աստծունը՝ Աստծուն, Կեսարինը՝ Կեսարին և մտավորականինը՝ մտավորականին:

Վերջինիս գոյացումը առաջին երկուսից մասհանելով պիտի լինի և նպատակին ծառայեցվի: Հոգևոր էլիտան անպայման պետք է նյութապես ապահով լինի, որպեսզի կարողանա ազատության մեջ մտածել, թե չէ աղքատությունը կշարունակի սպանել մեր միտքը, թևատել երևակայությունը, ուշացնել ազգային գաղափարի ծնունդը: Աղքատությունը չարիք է և մեծ ավերներ է գործում մարդկանց կյանքում ՝ աղքատությունն է մարդկանց կյանքը դժոխք դարձնում, ընտանիքի հիմքերը խարխլում, պետությանն էլ՝ հետը։ Աղքատությունից է, որ մարդիկ դադարում են մտածել, դառնում են անտարբեր եվ փոխում են երկիրը: Իրականում մեր ազգային կյանքը շատ է փոխվել, և նրա միջնաբերդը՝ հայ ընտանիքը, ծանր փորձությունների մեջ է: Հասարակության վերին ու հարուստ շերտերի մտածողության, հոգեբանության, բարոյականության մեջ մեծ տեղաշարժերը հասցրել են հարուստների ու աղքատների նյութական ապահովվածության 1։ 100 հարաբերության՝ սա վերջին տվյալներն են, որ ես կարդացել եմ ինտերնետում։Գրեթե տասնվեց դար առաջ մեր մեծերը գրել են. «Եթե քեզ նմանների հոգսերը քեզ չեն անհանգստացնում, առաջնորդ մի լինիր»: Այս պայմանին բավարարող քանի՞ «առաջնորդ» ունենք: Ինչ առաջնորդ ունենք, այդպիսին էլ երկիրն է, ժողովուրդն ու պատմությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել