Երբ Շուկան էին կառուցում սովետական գյուղացի-կոլտնտեսականների համար, ուզում էին ասել. տեսեք` ինչ պայմաններում են իրենց գյուղմթերքը վաճառում կոմունիզմ կառուցող մեր փառապանծ աշխատավորները, տեսեք` ինչ հոգատար է պարտիան՝ իր հարազատ ժողովրդի նկատմամբ: Իսկ մեր տաղանդավոր ճարտարապետներն իրենց ստեղծագործական եռանդը սպառում էին գոնե այդ կարգի մոնումենտալ շենքեր ստեղծելով՝ ուրիշը չկար... Այդպես ստեղծվեց Շուկա-հուշարձանը՝ սովետական կոլտնտեսականների աշխատանքն ու վաստակը հավերժացնող կաթողը: Ամեն ինչ ճիշտ է, դարն էր այդպիսին, և ամեն ինչ առավել քան համահունչ էր դարին: Իսկ դարի կենտրոնում նույն այդ սովետական մարդն էր՝ իր բնակարանի նորմավորված ողորմելի քառակուսի մետրերով, ի վերուստ փակելու թույլտվությամբ նվիրաբերված երանելի տնտեսական պատշգամբով, օճառահոտ ու պահածոյահոտ գաստրոնոմներով... Պարադո՞քս է, չէ՛, ամեն ինչ ավելի քան ներդաշնակ ու համահունչ էր, ինչպես նույն այդ Շուկան՝ հարևան շենքերի հետ... Հետո դարը փոխվեց՝ մարդն էլ հետը: Ու քանի որ դարի կենտրոնում դարձյալ մարդն էր, այս անգամ՝ անհատ մարդը՝ տգետ ու հղփացած, ամենազոր ու անպատիժ մարդը՝ ամեն ինչ փոխվեց և, բնականաբար, պիտի փոխվեր նաև Շուկան: Պիտի ճարտարապետական ներդաշնակության օրենքներին փոխարինելու գային այդ նոր մարդու բռի քիմքի հաճույքը, չտեսությունն ու անկշտությունը: Եվ կամարի, ծավալի, տարածության ու կերպարի հասկացություններին պիտի փոխարինելու գար «սիրունության» համապարփակ փիլիսոփայությունը, ամբարտավան ինքնավստահության անօրինակ շքահանդեսը... Եվ պիտի վերափոխվեր հուշարձան-Շուկան՝ այդ նոր փիլիսոփայության կանոններով, ու պիտի ստեղծվեր մի նոր հուշարձան՝ մեր օրերի մասին դարերին պատմող այլանդակված հուշարձանը: Հիմա էլ է ամեն ինչ ճիշտ ու ներդաշնակ. այլ կերպ որ լիներ, պատմությունը կկեղծվեր: Մասնագիտական լեզվով ասած՝ սա շերտագրություն է՝ հուշարձանի շերտագրությունը՝ ըստ ժամանակների ու բարքերի: Ինչպիսին հասարակությունն է, այնպիսին էլ ճարտարապետությունն է. զարմանալու ոչինչ չկա... Եվ երազանքներ չփայփայենք՝ ոչինչ չի քանդվելու, քանի որ սա էլ արդեն հուշարձան է. մեր իրականության հուշարձանը... Փայփայենք ու պահենք որպես մի ... դագանակ, որով մեր սերունդները պիտի ամեն անգամ մտրակեն նրանց, ովքեր կփորձեն որևէ պատրվակով ձեռք բարձրացնել անցյալի մշակութային արժեքների վրա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել