1in.am-ը գրում է.
Երևանի սրտում՝ Մաշտոցի պողոտայում գտնվող պատմամշակութային հուշարձան «Փակ շուկայի» սեփականատեր, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ցուցադրական անհնազանդությունը, օրինազանցությունը վերջնականապես լցրել է մտավորականների և ճարտարապետների համբերության բաժակը: Այս մտահոգությունն էլ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնությանը ստիպել է իր առջև երեք նպատակ դնել. «Շարժումն իր առջև դնում է հետևյալ նպատակները՝ «Ծածկած շուկայի» սեփականատիրոջն օրենքով սահմանված կարգով ենթարկել պատասխանատվության, հարկադրել նրան հատուցել հուշարձանին հասցված վնասը և վերականգնել դրա նախկին վիճակը, ինչը ենթադրում է ապօրինի շինված կառույցների ապամոնտաժում, հուշարձանի վերականգնում՝ իր նախնական տեսքով, դադարեցնել հուշարձանի նկատմամբ սեփականատիրոջ օգտագործման իրավունքը և դրա տարածքում արգելել որևէ տնտեսական գործունեություն` մինչև նշված օրենքի պահանջների կատարումն ու հուշարձանի նախկին վիճակի վերականգնումը։ Վերը նշված պահանջները չկատարելու դեպքում իրավական միջոցներով սեփականատիրոջը զրկել սեփականության իրավունքից»:
Այս նպատակների իրագործման համար այսօր հասարակության շահագրգիռ հատվածը՝ քաղաքացիական արթուն գիտակցություն ունեցող ակտիվիստները եկան «Փակ շուկա»՝ իրենց ուժերով կասեցնելու Սամվել Ալեքսանյանի կողմից իրականացվող շինարարական աշխատանքները: Հետաքրքրականն այն էր, որ քաղաքացիական նախաձեռնությունը «Փակ շուկայի» հարևանությամբ բավականին ագրեսիվ դիմադրության հանդիպեց Սամվել Ալեքսանյանի «պաշտպանների»՝ շուկայի նախկին առևտրականների և հարակից շենքերի բնակիչների կողմից, ում պատգամավորը խոստացել է, որ «Փակ շուկան» շուկա էլ լինելու է, և նրանք աշխատելու են այդ շուկայում: Նրանք մի քանի ժամ շարունակ սադրանքների ենթարկեցին քաղաքացիական ակտիվիստներին, հարձակվեցին նրանց վրա, հրմշտեցին, և այդ ամենի արդյունքում շուրջ 7 քաղաքացի բերման ենթարկվեց ՀՀ ոստիկանություն:
Այսօր, բնականաբար, նախաձեռնությունն իր առջև դրված նպատակը չկարողացավ իրագործել, սակայն ինչպես պարզ դարձավ նախաձեռնության անդամների հետ մեր զրույցներից՝ նրանք պայքարելու են մինչև հուշարձանը ստանա իր նախկին տեսքը:
Առաջարկում ենք օրվա ողջ ընթացքին, գործողություններին ծանոթանալ մեկ ամփոփ տեսաշարի միջոցով: