
1in.am-ը գրում է.
Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեվազ գյուղերի բնակիչները դեռևս ապաքինվում են օրեր առաջ գյուղում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունից: Դեռևս օգոստոսի 27-ից երկու գյուղերի մի քանի տասնյակ բնակիչներ ինքնազգացողության կտրուկ վատացում էին նկատել և դիմել բժշկական օգնության, որի արդյունքում պարզվել էր, որ նրանք թունավորվել են:
Երկու օրվա տվյալներով՝ Աշտարակի բժշկական կենտրոնում և Երևանի մի շարք բուժկենտրոններում հոսպիտալացվել և բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել էր ընդհանուր առմամբ 109 հիվանդ, շուրջ 65 դեպք՝ Օշական, իսկ մնացածը՝ Ոսկեվազ գյուղից: Ըստ նախնական տեղեկությունների` թունավորումը տեղի է ունեցել աղտոտված ջրից, իսկ ջուրն էլ աղտոտվել է «Հայասի» գինու և կոնյակի գործարանից. կեղտոտ ջրերը ներթափանցել էին խմելու ջրի խողովակներ, որոնք շատ հին են ու փոխելու կարիք ունեն:
Սակայն, ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսօր ասաց Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը, գյուղի խմելու ջրի խողովակները և հին են՝ 1960թ.-ի, և նոր՝ 2012թ.-ի, այդ վարկածը ԱՆ հիգիենիկ հակահամաճարակային տեսչության կողմից չի հաստատվել: Գյուղապետի խոսքով՝ ջրի նմուշը փորձաքննության է ենթարկվել, և պարզվել է, որ մաքուր է, որևէ վարակ այդ ջրից չէր կարող առաջանալ: Բայց, ըստ նրա, չի բացառվում, որ ջրից է եղել, որովհետև այդ հիվանդությունն ունի պասիվ շրջան և միգուցե ջրից վարակվել են շատ ավելի վաղ: Ուստի, Արամ Ներսիսյանի հավաստիացմամբ, պատճառի հայտնաբերման աշխատանքները դեռևս շարունակվում են:
«Գյուղում թունավորվածները արդեն լավ են, սիստեմա են ընդունում, և այդ հարցն այսօր այդքան սուր չէ այլևս»,- նկատեց նա: Վերջինս ասաց, որ եթե նույնիսկ այդ թունավորումը խողովակների ոչ բարվոք լինելու պատճառով է, ապա դրանք մինչև 2014թ. փոխվելու են:
«Առաջին լրատվական»-ը կապ հաստատեց նաև Ոսկեվազ գյուղի ղեկավար Հայկ Հովհաննիսյանի հետ, ով ասաց, որ իրենց գյուղի ողջ խողովակաշարը փոխվել է, ուստի չգիտի, թե ինչից կարող էր լինել թունավորումը, երբ խողովակները նոր են: «Նախնական տվյալներով` ջուրը մաքուր է եղել, չհասկացանք, թե ինչից էր, կարող է ջրի մեջ մի պահ ինչ-որ բան է եղել, հետո մաքրվել: Մեր գյուղից շուրջ 40 թունավորում էր արձանագրվել, բայց 4 հոգի էին բժշկական օգնություն ստացել, մյուսները սիստեմա էին ընդունել, վերադարձել տուն և նորմալ էին իրենց զգացել, այս պահին ամեն ինչ նորմալ է գյուղում»,- պարզաբանեց Հովհաննիսյանը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Օշական գյուղի բնակչուհիներից մեկն ասաց, որ գյուղում շրջանառվող միակ վարկածն այն է, որ «Հայասի» գործարանի կղտաջրերն էին ներթափանցել խմելու ջրի մեջ, որի հետևանքով էլ իրենք թունավորվել էին: Ըստ գյուղի բնակչի՝ թունավորվածների առողջական վիճակը միջին ծանրության է եղել, և առաջին օրը Աշտարակի բուժկենտրոնում ահավոր տեսարան է եղել, տասնյակ մարդիկ պարզապես բերվել էին և բուժօգնություն ստացել:
Հիշեցնենք, որ ԱՆ հիգիենիկ հակահամաճարակային տեսչության ներկայացուցիչ Լուսինե Պարոնյանն ավելի վաղ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ կատարվել է ջրի նմուշառում և ստուգում, հետազոտվել են նաև հիվանդներն ու նրանց ընտանիքների անդամները, հիվանդության պատճառը վերացված է:
«Ջրի աղտոտման պատճառները պարզվում են, ամենայն հավանականությամբ՝ հիվանդության պատճառը եղել է ջուրը: Աղիքային հիվանդության պատճառը կարող է լինել կամ սնունդը, կամ ջուրը: Քանի որ չէր կարող զանգվածային թունավորում լինել սննդի միջոցով, հետևաբար պատճառը ջուրն է, բայց որևէ վթար չի եղել: Այժմ պարզում են, թե ինչից կարող էր ջուրն աղտոտվել: Իսկ այն, որ ջուրը մաքուր է հիմա, հաստատ է»,- ասել էր Լուսինե Պարոնյանը: