
Aysor.am-ը գրում է.
Վիլյամ Սարոյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում 1908թ.-ի օգոստոսի 31-ին: 4 տարեկանում զրկվել է հորից, որոշ ժամանակ ապրել է որբանոցում: Այնուհետև մայրը որդուն հանել է որբանոցից, կրթության տվել: Ընտանիքի հոգսն ստիպել է պատանուն թողնել դպրոցը և փողոցներում լրագիր վաճառել, ապա դարձել է հեռագրատան ցրիչ: Աշխատանքը, սակայն, նրան չի խանգարել զբաղվելու ընթերցանությամբ, նաև ստեղծագործել է. գրել է փոքրիկ պատմվածքներ: Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում 1933 թ-ին տպագրվել է նրա առաջին պատմվածքը՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ: Սարոյանի պատմվածքների անդրանիկ ժողովածուն՝ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա...», լույս է տեսել 1934 թ-ին և միանգամից ճանաչում բերել երիտասարդ գրողին:
1939 թ-ին «Կյանքիդ ժամանակը» պիեսի համար Սարոյանն արժանացել է Նյու Յորքի քննադատների և Պուլիցերյան մրցանակների, բայց վերջինից (10 հզ. դոլար) հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ պետությունը չպիտի խառնվի գրականության գործերին:
Իր գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է հարյուրավոր պատմվածքներ, որոնց մի մասը զետեղվել է ավելի քան 10 ժողովածուում («Փոքրիկ երեխաներ», 1937 թ., «Ողջույն քեզ, սեր», 1938 թ., «Անունս Արամ է», 1940 թ., «Սիրելիս», 1944 թ., և այլն): Դրանք բնական և ճշմարիտ պատկերների ու կերպարների մի ամբողջ շարք են. Սարոյանն ընթերցողի հետ խոսում է պարզ ու մատչելի լեզվով, իր իսկ բնորոշմամբ՝ «մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնն է բոլորի համար ողջ աշխարհում»:
1950–60-ական թվականներին գրողն ապրել է Եվրոպայում. ստեղծել է ինքնակենսագրական բնույթի հոգեբանական վիպակների շարք՝ «Ինչ-որ ծիծաղելի բան» (1953 թ.), «Հայրիկ, դու խենթ ես» (1956 թ.), «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» (1957 թ.), «Տղաներ և աղջիկներ» (1963 թ.), «Մեկ օր հետկեսօրյա աշխարհում» (1964 թ.) և այլն:
1960 թ-ին նա վերադարձել է ԱՄՆ. գրել է գլխավորապես հուշագրական ժանրի գործեր՝ նվիրված Չառլի Չապլինին, Բեռնարդ Շոուին, Թոմաս Էլիոթին, Ջոն Ստայնբեկին, Պաբլո Պիկասսոյին, Եղիշե Չարենցին և ուրիշների, ուշագրավ են նաև նրա մտորումները գրականության, արվեստի դերի ու կոչման, սկզբունքների ու խնդիրների վերաբերյալ:
Վիլյամ Սարոյանը երազանքներով ու խոհերով, ողջ էությամբ կապված էր Հայաստանին, հայ ժողովրդին: Առաջին անգամ հայրենիքում եղել է 1935 թ-ին, այնուհետև՝ 1960, 1976 և 1978 թթ-ին: Սարոյանը ՀԽՍՀ «Խաղաղության պահպանման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ ակտիվ գործունեության համար» մրցանակի առաջին դափնեկիրն է: Մահից առաջ կտակել է, որ իր աճյունի մի մասը թաղվի հայրենի հողում:
Սարոյանի գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, հայերեն՝ բոլոր ստեղծագործությունները:
Սարոյանի անունով Երևանում կոչել են փողոց, դպրոց և համալսարան, կանգնեցվել է հուշարձանը: 2008 թ-ին գրողի ծննդյան 100-ամյակի առթիվ ՀՀ-ում հայտարարվել էր «Սարոյանական տարի»: