
Aysor.am-ը գրում է.
Վաղը սեպտեմբերի մեկն է, և վաղվանից վարորդները կսկսեն տուգանվել նաև կայանատեղերի նոր կարգը չպահպանելու համար: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագիր կնքած «Փարքինգ Սիթի Սերվիս»-ն արդեն ավարտված է համարում երևանցիներին նոր կարգի մասին իրազեկելու գործընթացը, և անցնում է «բնականոն աշխատանքի»:
Երևանի կենտրոնական փողոցներում տեղադրված ընկերության վահանակները երևանցիները հասցրել են փչացնել: Սա բոյկոտի նախաձեռնության մասին յուրօրինակ ծանուցում է: Բազմաթիվ խմբեր են ստեղծվել, որոնք առայժմ վիրտուալ հարթակում առաջարկում են բոյկոտել նոր կարգը: «Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ սեպտեմբերի 1-ին սոցիալական տարբեր խմբեր պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և վերոնշյալ ընկերության:
Երևանի ավագանու որոշմամբ՝ վճարովի կայանատեղերում կայանման դիմաց գումար չի գանձվում մինչև 5 րոպե տևողությամբ կանգառ կատարելում դեպքում: 2013 թվականին նշված կայանատեղերում 5 րոպեից ավել մինչև մեկ ժամ կանգնելու դեպքում վճարման չափը կազմում է. 100, մեկ օրվա համար՝500, մեկ շաբաթվա համար՝1000, մեկ ամսվա համար՝ 2000 դրամ, մեկ տարվա համար՝ 12.000դրամ: Հիշեցնենք, որ երեկոյան ժամը 24:00-ից մինչև առավոտյան ժամը 9:00-ն կայանելու համար գումար չի գանձվի: Վճարումները կատարվելու են բացառապես անկանխիկ եղանակով, նաև SMS հաղորդագրության միջոցով: