
Doctors.am-ը գրում է.
Աշունը տարվա այն եղանակն է, երբ սրվում են բոլոր քրոնիկական հիվանդությունները: Ցրտելուն պես սրվում են շնչական համակարգի հիվանդությունները: Աշնանային եղանակը վտանգավոր է առաջին հերթին իր կտրուկ փոփոխություններով, երբ խոնավ ու թաց օդը նպաստում է վերին շնչուղիների վիրուսային հիվանդությունների բռնկմանը: Վերջինիս ֆոնին առաջին հերթին սրվում են ասթման ու քրոնիկական օբստրուկտիվ բրոնխիտը, որոնք կարող են շատ ծանր ընթանալ: Այս եղանակին քրոնիկական հիվանդություններ ունեցողները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն կանխարգելիչ միջոցներին, որպեսզի թույլ չտան անսպասելի բարդացումներ:
Անհրաժեշտ է խուսափել արտահայտված վիրուսային վարակների ախտանշաններ ունեցող մարդկանց հետ շփումից: Հիվանդության առաջին դրսևորումների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է ընդունել հակավիրուսային դեղամիջոցներ: Աշնանային հարբուխի և սուր շնչական վարակների դեպքում հաճախ առաջանում է սրտի քրոնիկական հիվանդության սրում: Առողջ մարդու համար անվտանգ վարակները կարող են վատացնել հիպերտոնիայով, իշեմիկ հիվանդությամբ, սրտային անբավարարությամբ մարդկանց վիճակը:
Կանխարգելման համար կարևոր է ոչ միայն օրգանիզմը վիրուսից պաշտպանելը, այլ նաև առողջ կենսակերպ վարելը` լիարժեք սնունդ, առողջ, բավարար քուն: Հատկապես վտանգավոր են վիրուսային հիվանդություններն այն մարդկանց համար, ովքեր հիվանդ են շաքարախտով, քանի որ ցանկացած վարակի դեպքում արյան մեջ մեծանում է գլյուկոզի քանակը, իսկ շատ հակավիրուսային դեղեր հակացուցված են նրանց, քանի որ շաքար են պարունակում են: Քրոնիկական հիվանդությունների սրումից կարելի է խուսափել միայն՝ ինքնազգացողությանը ուշադիր հետևելով, կանխարգելիչ քայլերի միջոցով և անհրաժեշտ դեղերը ժամանակին ընդունելով: