
1in.am-ը գրում է.
Facebook սոցցանցը հրապարակել է մի շարք փոփոխություններ, որոնք ծրագրում է ներմուծել օգտատիրական տվյալների կիրառման կանոններում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով սոցցանցի բլոգին:
Նոր կանոններում պարզաբանվում են, թե ինչպես կարող է Facebook-ը օգտագործել իր օգտատերերի մասին տեղեկությունները գովազդի կամ այս կամ այլ գործառույթի աշխատանքի բարելավման նպատակով:
Մասնավորապես, Facebook-ը ծրագրում է դեմքերի ճանաչման միասնական բազայում միավորել օգտատիրական պրոֆիլների լուսանկարներ: Դա կհեշտացնի Tag Suggest գործառույթի աշխատանքը, որը թույլ է տալիս ծանոթներին արագ նշել լուսանկարներում:
Ինչպես հայտարարել են Facebook-ում, փոփոխություններն ուժի մեջ չեն մտնի առանց օգտատերերի հետ քննարկելու:
Սոցցանցի ղեկավարությունում վստահեցրել են, որ օգտատերերը, ովքեր ինչ-ինչ պատճառներով դեմ են իրենց լուսանկարները բազայում ավելացնելուն, կարող են հրաժարվել Tag Suggest-ի կիրառումից: Այդ դեպքում նրանց լուսանկարը չի ներառվի բազայում:
Փոփոխությունները նախապատրաստվել են դատական վեճի կապակցությամբ, որի արդյունքում Facebook-ը պարտավորվել է 20 մլն դոլար փոխհատուցում վճարել մի խումբ օգտատերերի՝ գովազդներում նրանց անձնական տվյալները կիրառելու համար: