
1in.am-ը գրում է.
Իսլամիստ ծայրահեղականները, որոնք կռվում են սիրիական բանակի դեմ ապստամբների շարքերում, սկսել են վերատեղաբաշխել իրենց շտաբները, պահեստները և այլ կարևոր օբյեկտները՝ վախենալով ԱՄՆ կողմից օդային հարվածներից, հաղորդում է The Washington Post-ը:
Երկրի հյուսիսային շրջաններում, որոնք գրեթե ամբողջությամբ գտնվում են ապստամբների վերահսկողության տակ, իսլամիստների որոշ առաջնորդներ գնացել են լեռներ, որտեղ ավելի հեշտ է թաքնվել ռմբակոծությունից:
Չնայած ԱՄՆ-ը ոչինչ չի հայտարարել իսլամիստների առաջնորդներին հարվածելու մտադրության մասին, Վաշինգտոնն արդեն վաղուց «Ալ-Նուսրա ճակատը» և «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Իսլամիստների շրջանում շշուկներ են տարածվել, որ ամերիկացիների կողմից Ասադի զորքերի ուղղությամբ արձակված թևավոր հրթիռները կուղղվեն նաև նրա հակառակորդների օբյեկտներին:
«Ֆաթեհ Ալ-Իսլամ» խմբավորումն իր կողմնակիցների համար հատուկ հրահանգ է հրապարկել, որում ընդգծվում է տեղանքում անընդմեջ տեղաշարժի, թաքստոցների կիրառման անհրաժեշտությունը: Իսլամիստների առաջնորդներին խորհուրդ են տալիս հրաժարվել բջջային հեռախոսների օգտագործումից, որոնց միջոցով հնարավոր է գտնել նրանց տեղակայման վայրը:
«Ամերիկան արագ ոչնչացրել է ջիհադի մարտիկների բազաներն Իրաքում և Աֆղանստանում՝ սպանելով նրանցից շատերին, քանի որ նրանք պատրաստ չեն եղել: Մի՛ ընկեք ծուլության թակարդը»,- ասվում է հրահանգում: