Ես վաղը հեռախոսս կտաքացնեմ ափերիս մեջ, ու չեմ ստանա ոչ մի սպասված զանգ: Կամ ինձ ընդհանրապես չեն զանգի: Վաղը նորից կհիշեմ հեռացածներին, ու ոչ մի արձագանք չեմ ստանա: Վաղը կսկսեմ հիշել քսան տարում ապրածս բոլոր խենթություններն ու չապրածս երազանքները: Կինոֆիլմի կադրերի նման ամեն ինչ կհաջորդի իրար...
  Ինձ նորից կպատմեն անվանս գեղեցիկ պատմությունը, մի թմբլիկ ու սպիտակամաշկ, գանգրահեր ու չարաճճի փոքրիկի մանկությունը կպատմեն, ու ես ամենաառաջինը կհիշեմ պապիկիս, ինձ այնքան շատ սիրող ու իմ կողմից սիրված պապիկիս, ով արդեն չկա... Կհիշեմ մյուս պապիկիս, ում հետ այդպես էլ չհասցրի լիարժեք շփվել. նա էլ արդեն չկա: Կհիշեմ, ու հոգիս կանձրևի...
  Հետո կիսամահս կներկայանա իր տխրահռչակ լռությամբ, դրան կհաջորդի կիսակյանքս: Հետո` հույսը, հետո` լույսը: Դրանից հետո մի նոր աշխարհ կբացվի, ես ինձ կտեսնեմ այդ աշխարհում վազելով ու անընդհատ սայթաքելով... Դա վաղը կլինի, վաղը...
  Ու ինձ մի վերջին անգամ խոստովանելով, որ սեփական ծննդյան տոնից տխուր տոն չկա, ուրախությունից փայլող աչքերով կգնամ հյուրերիս ընդունելու: Ովքե՜ր ասես կգան: Նրանք բոլորը հարազատ են: Եվ քանիսը չեն գա: Նրանք էլ են հարազատ: Բայց ես կսպասեմ: Կսպասեմ ամբողջ օրը, հաջորդ օրը: Ափսոս, որ չեն գա: Ու ինձ հաշիվ կտամ, որ սովորել եմ մարդկանց հեռանալուց ու հեռացնելուց հետո ապրել առանց նրանց: Հիշողությանս մեջ անջնջելի կգրանցեմ բոլոր հյուրերիս, ովքեր առաջին անգամ են հյուր եկել ինձ այս տոնին: 
  Ու բառերը խեղդած աչքերումս` կսպանեմ քսան փայլփլուն մոմ, հայացքով կշոյեմ բոլոր ներկաներին, ու մտովի պինդ-պինդ կգրկեմ նրանց, ովքեր չկան. ես ձեզ ներում եմ, ներեք և դուք... Վաղը նո՜ր կյանք է:
  Մի վերջին անգամ նայելով հանգած մոմերին` ողջ սրտով կցանկանամ, որ անցյալիս բոլոր տխրահռչակ հուշերը վերանան բոցերի հետ: Իսկ հոգումս քսան տարեկան մի ձայն մեղմ կզրնգա.
   -Դե ինչ, տոնդ շնորհավոր, Լուս...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել