Պաշտոնական պատմության համաձայն` Երկրորդ համաշխարհայինը սկսվեց Գերմանիայի՝ Լեհաստանի վրա լայնամասշտաբ ներխուժումից, սակայն շատերը չգիտեն, որ այդ ներխուժմանը նախորդեց նացիստական մի սադրանք, որը պատմությանը հայտնի է որպես «Գլայվիցյան միջադեպ»:
Փնտրելով պատեհ պատրվակ՝ պատերազմ սկսելու համար Գերմանիան կազմակերպեց պարզունակ մի սադրանք. լեհական զինվորական համազգեստով ՍՍ-ականները ներխուժեցին այդ ժամանակ Գերմանիային պատկանող Գլայվից քաղաքի ռադիոկայան, աշխատողներին փակեցին նկուղում, իսկ իրենք եթեր դուրս եկան և կրակոցների ֆոնի վրա սկսեցին բոցկլտուն ճառեր կարդալ լեհերենով, որ սև ամպերը կուտակվել են Գերմանիայի վրա, և լեհ ժողովուրդը կվերադարձնի իր պատմական տարածքները: Այնուհետև նրանք լքեցին ռադիոկայանը` նախապես թողնելով մի քանի դիակներ՝ լեհական համազգեստով...
Սա 1939 թվականի օգոստոսի 31-ի երեկոյան էր, իսկ արդեն հաջորդ օրը Վերմախտի տանկերը ներխուժեցին Լեհաստան՝ դիմակայելու «լեհական ագրեսիային»:
Այժմ արևմտյան ուժերը հայտարարում են, որ իրենք ունեն բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են, որ Ասադի ռեժիմն է քիմիական զենք կիրառել: Ընդ որում, չնայած պարբերաբար շեշտվում է այդ փաստերի բազմությունը, բայց անընդհատ հղում է արվում միակ «փաստի» վրա, որն իրենից ներկայացնում է ԱՄՆ հետախուզական ծառայությունների կողմից ձայնագրված մի հեռախոսազրույց, որտեղ իբր սիրիական մի զինվորական խուճապահար զանգել է իր վերադասին ու աղիողորմ հարցնում է, թե ինչո՞ւ բանակը քիմիական զենք կիրառեց:

Հասկանալի է, որ ոչ մի ապացույց, որ ձայնագրությունում խոսացողները իրոք զինվորական են, չկա: Չկա անգամ որևէ փաստ, որը կվկայի, որ խոսացողներն ընդհանրապես սիրիացի են, բայց փաստը մնում է փաստ՝ ԱՄՆ-ը, Բրիտանիան, Ֆրանսիան և իրենց դաշնակիցները, 21-րդ դարի այս «Գլայվիցյան միջադեպը» արդեն բավարար հիմք են համարում, որպեսզի մեղադրեն Սիրիայի լեգիտիմ իշխանություններին մարդկության դեմ կատարած հանցանքի մեջ և ուզում են որպես պատրվակ օգտագործել՝ պատերազմ սկսելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել