
Hetq.am-ը գրում է.
Օգոստոսի 28-ին Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեվազ գյուղերում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդության ախտանշաններով 5 դեպք։ Հիվանդները հոսպիտալացվել են Աշտարակի բժշկական կենտրոնում: ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետներն այդ համայնքներում անմիջապես կազմակերպել են բակային համայցեր, որոնց ընթացքում հայտնաբերվել է ևս 58 հիվանդ: Այս պահի դրությամբ նրանցից 14-ը բուժվում է Աշտարակի ԲԿ-ում, 4-ը` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Մյուսների բուժումն իրականացվում է ամբուլատոր պայմաններում։ Հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության: Նրանք տարիքային տարբեր խմբերից են։
Հիվանդության ախտանշանները բոլորի մոտ նույնն են եղել` ջերմության բարձրացում, սրտխառնոց, որովայնի ցավեր, լուծ, փսխում, տնքոցներ:
Նախնական վարկածով` վարակի հավանական աղբյուրը եղել է խմելու ջուրը: Աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների ոչնչացման նպատակով անմիջապես կազմակերպվել են ջրի գերքլորացման աշխատանքներ:
Բակային համայցերի ընթացքում բնակչության շրջանում իրականացվում է բացատրական աշխատանք աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ, խորհուրդ է տրվում օգտագործել միայն եռացված ջուր:
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բակային համայցերը շարունակվում են, իրավիճակը վերահսկելի է: