1903թ.-ից ի վեր պատմության ընդհանուր 266 Պապերից Հռոմի Պապի աթոռը զբաղեցրել են ընդամենը 9 Պապ: Երբ փետրվարի 28-ից հետո Բենեդիկտոոս 16-րդը հրաժարվեց Պապի իր պաշտոնից, նա արդեն 8 տարի այդ աթոռն էր զբաղեցնում, և իրականում այս ցուցանիշն այնքան էլ վատ չէ` համեմատած պատմության մեջ գրանցված պաշտովարած այլ Պապերի հետ, որոնք միայն մի քանի օր են մնացել իրենց պաշտոնին: Ներկայացնում ենք պատմության մեջ ամենակարճ ժամանակահատվածով կառավարած Հռոմի Պապերի ցանկը:

10. Բենեդիկտոս 5-րդ և Հովհաննես Պողոս 1-ին (կառավարել են 33 օր)

  

963թ.-ին Սաքսոնների դուքս, Գերմանիայի թագավոր և Հռոմի կայսր Օտտո առաջինը գահընկեց է անում Ջոն 7-րդին և նրա փոխարեն նշանակում Լևոն 8-րդին: Հռոմեացիները, սակայն, չէին ընդունում Լևոնին և նրա փոխարեն Բենեդիկտոս 5-րդին են ընտրում: Դրանից վրդովված` Օտտոն մեկնում է Հռում, Լևոն 8-րդին նորից վերադարձնում իր իշխանությունը, իսկ Բենեդիկտոս 5-րդին տանում հետը Գերմանիա, որտեղ նա մնում է մինչև իր կյանքի վերջը: Վերջիվերջո նրա աճյունը տեղափոխում են Հռոմ: Որոշ մարդիկ, այնուամենայնիվ, Բենեդիկտոս 5-րդին չեն ընդունում որպես իրական Պապի, չնայած այն բանին, որ թե՛ նա, թե՛ Լևոն 8-րդը պաշտոնապես գրանցված են Հռոմի Պապերի ցանկում:

Ավելի ուշ` 1978թ.-ի օգոստոսի 26-ին, Հռոմի Պապ է ընտրվում Հովհաննես Պողոս Առաջինը, ով սրտի կաթվածից մահանում է նույն տարվա սեպտեմբերի 28-ին: Շատերը թեև կարծում են, որ նրա մահը վրա է հասել բոլորովի այլ պատճառներով, այնուամենայնիվ, եկեղեցին պաշտոնապես գրանցել է այն որպես սրտի կաթված: Նրան հաջորդում է Հովհաննես Պողոս Երկրորդը, ով երրորդ ամենաերկար պաշտոնավարած Հռոմի Պապն Է:

9. Լևոն 11-րդ և Պիոս 3-րդ (կառավարել են 26 օր)


Ալեխանդրո Օտտավիանո դե Մեդիչին` Լևոն 11-րդը, Պապ է ընտրվել 1605թ.-ի ապրիլի 1-ին, 69 տարեկան հասակում: Ընտրվելուց գրեթե միանգամից հետո նա հիվանդանում ու մահանում է` աթոռը զբաղեցնելով ընդամենը 26 օր:

Ֆրանչեսկո Տոդեսչինի Պիկոլոմինին Պապ է ընտրվել 1503թ.-ին և ստացել Պիոս 3-րդ անունը իր քեռու` Պապ Պիոս 2-րդի պատվին: Նա ընտրվում է այն ժամանակ, երբ կոնկլավը չի կարողանում համաձայնության գալ այլ թեկնածուների ընտրության հարցում, չմայած որ դեռ այն ժամանակ նա բավականին հայտնի էր: Նա փորձում էր բարեփոխումներ իրականացնել եկեղեցում տարբեր առումներով, սակայն ցավոք նա տառապում էր արյան հիվանդությամբ ու շուտով` ընդամենը 26 օր պաշտոնավարելուց հետո, մահացավ:

8. Դամասոս 2-րդ (23 օր)  


Դամասոսի իսկական ամբողջական անունը Պոպո էր: Պապ ընտրվելով նա պետք է թերևս բարեբախտաբար փոխեր իր անունը, սակայն արդեն դժբախտաբար նա ընդամենը 23 օր է մնում այդ աթոռին, քանի որ մոծակի խայթոցից վարակվում է մալարիայով և մահանում:

7. Մարսելուս 2 (22օր)


Մարսելոս 2-րդի իսկական ամբողջական անունը Մարսելո Չերվինի դելի Սպանոչի էր, ով Պապ էր ընտրվել 1555թ.-ին: Նա միանգամից ընտրվեց Սուրբ շաբաթվանից և Զատիկից առաջ ու միանգամից անցավ ծանրաբեռնված աշխատանքի: Բազմաթիվ ծրագրեր ուներ եկեղեցում բարեփոխումներ անցկացնելու համար, սակայն ընտրվելուց ընդամենը 22 օր հետո նա սրտի կաթված ստացավ ու մահացավ:

6. Սիսինոս (21 օր)


Չնայած շատ բան հայտի չէ այս Պապի մասին, այնուամենայնիվ գիտենք, որ նա աթոռը զբաղեցրել է 708թ.-ին: Նա ցանկանում էր վերակառուցել Հռոմի պարիսպները, սակայն այս պապը նույնպես տառապում էր արյան հիվանդությամբ ու ընդամենը 21 օր զբաղեցնելով Պապի աթոռը` մահացավ:

5. Թեոդոր 2-րդ (20 օր)

Այս Պապի մասին էլ շատ բան հայտնի չէ: Հռոմի Պապ է ընտրվել մոտավորապես 897թ.-ի դեկտեմբերին: Թեոդոր 2-րդի մասին ամենահետաքրքիրը թերևս այն է, որ նա վերաթաղել է Ֆորմոսոս Պապին: Երևի հիմա մտածում եք, թե այս հանգամանքի մեջ հետաքրքիր ոչ մի բան իրականում չկա, սակայն շտապենք ավելացնել, որ վերաթաղելու պատճառը այն էր, որ նրա մարմինը հանվել էր գերեզմանից, որպեսզի «եկեղեցական, հոգևոր հանցագործությունների» համար դատավարության ժամանակ ներկայացվի (թերևս հայտնի չէ` ինչի համար էր անհրաժեշտ գերեզմանից հանել մարմինն ու ներկայացնել), որպեսզի նրան ճանաչեին անօրինական Պապ: Նրա մարմինը թաղելուց շատ չանցած Պապը մահանում է:

4. Սելեստինոս 4-րդ (17 օր)

Գոլֆրեդո Կաստիգլիոն անունն ունեցող Հռոմի Սելեստինոս 4-րդ Պապը ընտրվել է 1241թ.-ին: Այս Պապի մասին էլ շատ բան հայտնի չէ, և սա արդեն մտածելու տեղիք է տալիս, թե արդյո՞ք Վատիկանի արխիվներն այդքան գաղտնի են, թե՞ ուղղակի դրանց մեջ իրականում ոչինչ էլ չկա: Նշելով, թե նա մահացել է, եկեղեցին ասում է, թե այս մարդու մասին ոչինչ չգիտի: Հայտնի չէ նույնիսկ նրա գերեզմանի վայրը:

3. Բոնիֆացիոս 6-րդ (15 օր)


Բոնիֆացիոսը 6-րդը նույնպես միանում է մոռացության մատնված Պապերի շարքին: Շատ քիչ բան է հայտնի նրա մասին: Այս դեպքում էլ հայտնի է, որ Բոնիֆացիոս 6-րդը մահացել է արյան հիվանդությունից աթոռը զբաղեցնելուց ընդամենը 15 օր հետո: Դրանից երկու տարի անց Հովհաննես 9-րդը հայտարարում է, թե Բոնիֆացիոսի 6-րդի ընտրությունն անվավեր է ճանաչվում, սակայն մինչ այժմ էլ նրա անունը գրանցված է Հռոմի Պապերի պաշտոնական ցանկում:

2. Ուրբանիոս 7-րդ (13 օր)


Երբ 1590թ.-ին Ուրբանիոս 7-րդը ընտրվում է որպես Հռոմի Պապ: Նա արդեն իսկ բավականին հայտնի ու փորձառու հոգևոր առաջնորդ էր և հանճարի համբավ ուներ: Նրա պապական անունը նշանակում է «բարություն»: Իր պաշտոնավարման կարճ ժամանակում կազմում է Հռոմի աղքատների ցանկը, որպեսզի կարողանա օգնել բոլորին: Նա վճարում է աղքատների պարտքերը, պահանջում, որպեսզի հացն ավելի մեծ պատրաստվի և ավելի էժան վաճառվի: Ցավոք, նա շուտոով հիվանդանում ու մահանում է` իր պապական աթոռին մնալով երկու շաբաթից էլ քիչ:

1. Ստեփանոս 2-րդ (3 օր)


Ստեփանոս Երկրորդը ընտրվում է 752թ.-ի մարտին, սակայն ընդամենը երեք օր անց կաթված է ստանում և մահանում: Շատերը նրան չեն ընդունում որպես իրական Պապ, սակայն նա էլ, ինչպես մյուս` կարճ ժամանակահատված պաշտոնավարած Պապերը, գրանցված է Հռոմի Պապերի պաշտոնական ցուցակում: Նրա անունի հետ կապված որոշակի խառնաշփոթ կարող է առաջանալ երբեմն, քանի որ նրան հաջորդող Պապը նույնպես վերցրեց Ստեփանոս Երկրորդ անունը, սակայն այժմ նրան կոչում են Ստեփանոս Երրորդ: Ընդհանուր առմամբ, եղել են 10 Պապեր, որ կրել են Ստեփանոս անունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել