
Լրտեսները վաղուց ի վեր ակտիվ գործունեություն են ծավալում: Նրանց թվում կան պատերազմի հերոսներ, որսորդներ և անգամ պարողներ: Այս իրական լրտեսները գուցե չունենան Ջեյմս Բոնդի զիլ սարքավորումներից կամ սրընթաց մեքենաներից, սակայն նրանց կյանքի պատմությունը բավականին հետաքրքիր է: Ուստի արժե աչքի անցկացնել լրտեսների լավագույն տասնյակը:
10. Ալան Փինքերտոն
Ալան Փինքերտոնը շոտլանդացի խուզարկու էր, ով ստեղծել է մի շարք լրտեսական հնարքներ, որոնք մինչ այժմ էլ օգտագործվում են: 1850 թ.-ին նա հիմնադրեց Փինքերտոնի ազգային հետախուզական գործակալությունը, որտեղ աշխատում էին մի խումբ խուզարկուներ և ոստիկաններ: Նրանք բավականին հայտնի էին 1800-ականներին, և նրանց հաջողվել էր հայտնաբերել և բերման ենթարկել մի քանի հայտնի օրինազանցների: Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ընթացքում Փինքերտոնը Աբրահամ Լինքոլնի վստահորդն ու խորհրդատուն էր: 1861 թ.-ին նա օգնեց խափանել Աբրահամ Լինքոլնի դեմ ուղղված մահափորձի պլանը:
9. Կլաուս Ֆուկս
Կլաուս Ֆուկսը գերմանացի ֆիզիկոս էր և ատոմային ռումբերի գծով փորձագետ: Այն տարիներին, երբ նա աշխատում էր որպես գիտնական Ամերիկայի կառավարության համար, նա զենքերի մասին մի շարք գաղտնիքներ հաղորդեց ԽՍՀՄ-ին: Նա տարիներ շարունակ զգալի ներդրումներ էր ունենում ատոմային զենքի ստեղծման ոլորտում: Մասնակցել է մանհեթենյան նախագծին, որի շնորհիվ ստեղծվել է առաջին ատոմային ռումբը: Նա երիտասարդ ժամանակ կոմունիստ էր: 1941 թ.-ին նրան աշխատանքի ընդունեցին ԱԱԾ-ում, ինչից հետո նա տարիներ շարունակ տեղեկատվություն էր փոխանցում Խորհրդային Միությանը ԱՄՆ-ի զինամթերքի պաշարի և ռումբ ստեղծելու հնարքների մասին: Ֆուկսը ձերբակալվել է 1946 թ.-ին: Հետաքննության ժամանակ նա խոստովանել է, որ ծառայել է ռուսներին: Ասում են, որ այն տեղեկատվությունը, որը ռուսներին փոխանցել է Ֆուկսը, մեծապես օգնել է նրանց պատկերացում կազմել ԱՄՆ-ի միջուկային ծրագրի մասին: Դեռ ավելին, Ֆուկսի հաղորդած տեղեկատվությունն անգամ նպաստել է, որպեսզի Ռուսաստանը ստեղծի իր սեփական ատոմային զենքերը:
8. Էլիզաբեթ Վան Լյու
Էլիզաբեթ Վան Լյուն լրտես էր, ով ակտիվ գործունեություն էր ծավալում Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ընթացքում: Նա թաքնվում էր բարեգործի դիմակի տակ և նրան թույլ էր տրված մուտք գործել Ռիչմոնդում գտնվող Լիբիի չարաբաստիկ բանտը` Միության բանտարկյալներին սննդամթերք և այլ անհրաժեշտ իրեր մատակարարելու համար: Այնտեղ եղած ժամանակ նա տեղեկատվություն էր հավաքում Կոնֆեդերատիվ զորքերի շարժումների մասին և հաղորդում այդ տեղեկատվությունը ԱՄՆ-ին: Նա նաև ղեկավարում էր Ռիչմոնդից դուրս գործող լրտեսների մի խումբ, որի անդամները օգնում էին նրան անհրաժեշտ տեղեկատվություն հայթայթել: Պատերազմի ավարտից հետո Ուլիս Գրանտը Էլիզաբեթին բարձր գնահատականի արժանացրեց իր մասնագիտական ծառայությունների համար: Նրան հիշում են իբրև Քաղաքացիական պատերազմի ամենահայտնի լրտես:
7. Օլդրիչ Էյմս
Լրտեսների մեծ մասը ներգրավվում է լրտեսության մեջ քաղաքական կամ գաղափարական համոզմունքներից ելնելով, մինչդեռ Օլդրիչ Էյմսի` լրտեսությամբ զբաղվելու միակ դրդապատճառը գումարն էր: Նա աշխատում էր Վաշինգտոնում: 1985 թ.-ին նա սկսեց գումարի դիմաց գաղտնի տեղեկատվություն տրամադրել Խորհրդային Միությանը: Ի վերջո ռուսներից նրա ստացած գումարի չափը հասավ 4 միլիոն դոլարի: Ինը տարի շարունակ Էյմսը բազում գաղտնիքներ էր հաղորդում Խորհրդային Միությանը: Նա հաղորդել էր ավելի քան 100 իրազեկիչների անուններ, ովքեր, աշխատելով Ռուսաստանում, գաղտնի տեղեկատվություն էին փոխանցում ԱՄՆ-ին: Այդ 100 մարդուց առնվազն տասը մահապատժի ենթարկվեցին: Էյմսը օգտագործում էր իր միլիոնները` ցոփ կյանք վարելու համար: Ի վերջո այս շվայտությունը գրավեց Կենտրոնական հետախուզական գործակալության ուշադրությունը, և նրան որոշեցին հարցաքննել ու պարզել նրա պատասխանների ճշմարտացիությունը ստի դետեկտորի օգնությամբ: Էյմսը հմուտ լրտես էր և վերապատրաստումներ էր անցել իբրև հետախույզ, ուստի անգամ ստի դետեկտորի միջոցով որոշ ժամանակ չէր հաջողվում բացահայտել նրա ստերը: Սակայն, ինչպես ասում են, ստի ոտքը կարճ է: 1994 թ.-ին նրան ձերբակալեցին, և նա մեղավոր ճանաչվեց լրտեսության մեջ: Էյմսին դատապարտեցին ցմահ ազատազրկման: Ռուսներից ստացվող նրա վարձավճարից 2 միլիոնը մի բանկային հաշվի վրա էր փոխանցվել, որը անհայտ էր ամերիկացիների համար: Ռուսները մինչ օրս էլ հրաժարվում են այդ գումարը փոխանցել ամերիկացի պատկան մարմիններին:
6. Ռիչարդ Սորգե
Ռիչարդ Սորգեն համարվում է 20-րդ դարի ամենահմուտ լրտեսներից մեկը: Նա աշխատել է աշխարհի տարբեր անկյուններում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և դրանից հետո: Աշխատում էր պրոֆեսիոնալ լրագրողի դիմակի տակ և ճանապարհորդում էր տարբեր եվրոպական երկրներով` փորձելով պարզել, թե որքանով էին հավանական կոմունիստական ընդվզումները: Երկրորդ համաշխարհային պատերազմի շեմին Սորգեն ուղևորվեց Ճապոնիա` ձևանալով նացիստ: Նա սկսեց Ռուսաստանին արժեքավոր տեղեկատվություն հաղորդել պլանավորվող գերմանական և ճապոնական մարտական օպերացիաների մասին: Ի թիվս այլ բաների նա զգուշացրեց ռուսներին Գերմանիայի կողմից Ռուսաստանը գրավելու ծրագրի մասին, սակայն Ստալինը բավականաչափ լուրջ չէր մոտենում նրա հաղորդած տվյալներից շատերին: 1944 թ.-ին Սորգեն ի վերջո ձերբակալվեց ճապոնացիների կողմից: Անգամ տանջանքների ենթարկվելուց հետո նա չխոստովանեց, որ ինքը Խորհրդային Միության լրտեսն էր, սակայն դա ետ չպահեց ճապոնացիներին նրան խստագույնս պատժելու մտքից: Մինչև 1964 թ. Խորհրդային Միությունը ևս չէր խոստովանում, որ նա լրտեսական գործունեություն է ծավալել իր համար:
Շարունակելի...