
Հոգեբանական վարկածներից մեկի համաձայն` երբ որևէ մեկից արագորեն պահանջում ես` ինչ-որ գույն մտապահել, որպես կանոն, դա լինում է կարմիրը: Բնազդաբար է, թե այլ ենթաշերտեր ունի, այդ է: Իսկ հիմա մեկ հարց: Ի՞նչ է մտածում շարքային հեռուստադիտողը Սուրեն Բաղդասարյան անուն-ազգանունը լսելիս: Իհարկե, մեկնաբանական զավեշտալի դրվագներ, նույն գոլի տեսապատկերը կրկնելիս` այն ևս մեկ դարպասի գրավում արձանագրելիս, բայց որ ամենավատն է, խփած գոլը չնկատելուց հետո` զարմանալիս, որ, ֆուտբոլիստները, չգիտես ինչու, ցնծության մեջ են ու շնորհավորում են միմյանց` հավանական մետրանոց վաստակելու համար, խճողված անուններ, խաղացողին մեկ այլ խաղացողի անվան, գործողությունների, մտքերի վերագրումներ, անկարևոր դիպվածների հիշատակում, կանխատեսելի, բայց տվյալ խաղին ոչ մի ձևով չքսվող, չվերաբերող վիճակագրություն, որ սկսում է հայտնի լրագրողի լրագրողամեկնաբանական գործունեության նախաճանապարհից, գալիս հատում է «Արարատ-73»-ի ոսկեղեն բավիղներն ու հայկական ֆուտբոլի անկման խորխորատները, հասնում մինչև մեր օրերը` իր հրատարակած թերթի գովազդման հիմնական սկզբունքով` դրանում գտած որևէ նյութի բարձրաձայն ընթերցումով: «Կանչ» մանկապատանեկան պարբերականում, հիմա վստահ չեմ, բայց երբ ես էի թղթակցում, կար «Չեմ կարող չասել» խորագիր, որի ներքո պատանի ստեղծագործողները բարձրաձայնում էին որևէ խնդրի մասին: Եվ, բնականաբար, դրա շրջանակում ասված ամեն ինչ չէ, որ արժանի էր նման հնչեղ վերտառությանը: Բայց, Սուրեն Բաղդասարյանը, ում, այդուհանդերձ, անկարելի է չհարգել` գոնե իր փորձառության համար ու որպես հայ մարզական լրագրողական համայնքում որոշակի ավանդ ունեցող մեկի, հերթական խաղը մեկնաբանելիս, ահա, «չեմ կարող չասել»-ի ձևաչափում, կեսգիշերն անց (Իսպանիայի Սուպերգավաթի` «Ատլետիկո»-«Բարսելոնա») դիմակայության ժամանակ, իր կիրառած բառով «թնդանոթային» հարվածով խոսքի սլաքն ուղղեց դեպի երիտասարդ մարզական լրագրողները: Ես այդ «պատերազմի» համար նետված ձեռնոցը վերցնելու, թերևս, ամենաքիչ իրավունքն ունեմ, բայց, եթե աշխատանքի բերումով, վերջին շրջանում, առնչվում եմ մարզական ոլորտին և Բաղդասարյանի առարկության մի մասով ինձ հասցեատեր զգացի, պարտավոր եմ, ոչ ամենևին «չեմ կարող չասել»-ի տրամաբանությամբ, այլ անկեղծ ասածի մասնագիտական, մարդկային որոշակի փորձառության դիրքերից, անդրադառնալ հայտնի հեռուստամեկնաբանի հնչեցրած մեղադրանքին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր Բարսելոն թե Բարսելոնա անվանը, որի առիթով, վկայակոչելով իրեն` պարզաբանման նպատակով ուղղված բազմաթիվ հարցադրումները, Սուրեն Բաղդասարյանը նշեց, որ սխալ է Բարսելոնա ասելը, իր ասածը հիմնավորելու համար երիտասարդ մեկնաբանների ու լրագրողների վրա, ինչպես ասում են, «տղա բերելով» գիտական կաճառի ակադեմիկներին, հիշատակելով Բաթում-Բաթումի, Սուխում-Սուխումի տեղանունների կիրարկման` հայոց լեզվի կանոնները: Բաղդասարյանի սուպերգավաթային «ռազմահայրենասիրական» կարճ դասախոսությունը, չեք սխալվում, դարձյալ ամրապնդվեց «Ֆուտբոլ +»-ի մասին հիշատակումով, որտեղ, ըստ իրեն, ինքն առաջին էջում («Չեմ կարող չասել») արծարծել է այդ թեման և հիմա էլ հորդորում է «ջահելներին» հրաժարվել Բարսելոնա` ա անիմաստ ու երկար վերջածանցն օգտագործելիս (միտքը բացառապես իրենն է, ոչ` իմը)` առաջարկելով Բարսելոնայի երկարաշունչ բառի փոխարեն գործածել ավելի կարճ ու հարմար անունը` Բարսելոնի: Մինչ գրում եմ այս ամենը, ներող եղեք, մտքիս մեջ անվերջ պտտվում է հանրահայտ «Քուին» խմբի` ոչ պակաս հռչակավոր «Բարսելոնա» երգը, որը ոչ մի կերպ չեմ կարող վերախմբագրել ու մտմտալ Բարսելոն, որքան էլ` անվանի մարզական գործիչը կոչ է անում ապավինել անվան սեղմ տարբերակին: Խեղճ, Ասպիլիկուետա կամ Հիցելշպելգեր, բա ձեր ծնողները խիղճ, նամուս, թասիբ, հեռատեսություն չունեի՞ն, որ նման տառակույտ են մտածել ձեզ համար` փոխանակ անվանակոչելու, ասենք, Ասպի կամ Հիցել: Ի դեպ, հայկական շախմատի առաջատարներից մեկին` օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանին, մեր արգո հաղորդավարը հաճախ է սիրում հիշատակել` որպես Գաբի, թեև, էլի ֆուտբոլային ռեպորտաժի շրջանակում և «Ֆուտբոլ+»-ի կոչնակման անխախտ ավանդույթով: Ինձ ճիշտ հասկացեք, ինքս էլ հակված եմ սեղմագրին, սեղմախոսքին և, առհասարակ, սեղմաբանությանը` ողջամիտ չափաբաժնով` լեզուն դիտելով իբրև զարգացող օրգանիզմ, հանրության հետ հաղորդակցվելու գործիք, բայց, հազար անգամ ներողություն, որպես քլունգ... Բարսելոն-ա խնդրո առարկայի միջոցով իր զայրույթը թափելով այն սխալ կիրառողների վրա, բայց, միաժամանակ, հույս հայտնելով, որ այսուհետ անսալու են իր խորագիտակ հիմնավորումներին և հրաժարվելու են տվյալ անվան սխալ կիրառությունից, Բաղդասարյանն, արդեն խոսելիս հանդիպման մասնակից թիմերից մեկի` «Ատլետիկո»-ի (լավ է, որ բանը չհասավ Ատլետիկ ասելուն` հավասարության նշան դնելով Մադրիդի ու Բիլբաոն ներկայացնող ակումբների միջև) դարպասապահ Տիբո Կուրտուային, Բաղդասարյանը սահուն անցում կատարեց և նրան բնութագրելիս արտաբերեց հետևյալը, մեջբերում եմ, Դիեգո Սիմեոնեն (Ատլետիկոյի գլխավոր մարզիչն է-խմբ), իրոք, շատ լավ է խաղում: Պատահական չէ, որ նա ընդգրկվել է Պրիմերայի նախորդ տուրի խորհրդանշական հավաքականում: Ես` սովորյալս ու մոլորյալս, մանավանդ Բաղդասարյանի տաք-տաք քննադատությունից հետո, մի պահ մտորումների ու դավադիր կասկածների գիրկն ընկա` մտադարակումս փորփրելով այդ առնչությամբ փաստեր, տեսահիշողայապատկեր վավերացումներ և հիմնավորումներ, բայց այդպես էլ չհամոզվեցի, որ թիմի ղեկավարը, որ խաղացող մարզիչ չէ, կարող է ընդգրկվել տուրի` բացառապես ֆուտբոլիստներից բաղկացած խորհրդանշական թիմում: Հետո կատալոնացի Ժերարդը, ֆուտբոլային այդ կախարդը (բնորոշումը` նորեն իմը չէ) կախարդական փայտիկի մի հարվածով դառնում է ոչ ավելի, ոչ պակաս Ջերարդ, բայց , բարեբախտաբար, ոչ Սթիվեն... Լավ, գոնե Խերարդ լիներ, իսպանախոս հանրույթին մերձ բառապաշարով... Ինչևէ... Իմ գործը Բաղդասարյանի վրիպումներն ու սխալները գույքագրելը չէ, հատկապես, որ անսխալականության կարծրատիպը համարում եմ ոչ միայն մարզաշխարհի, այլև, ընդհանրապես, ամբողջ հայ ժողովրդի մեծ ձախողումների ու էական զարգացման առումով տեղապտույտի հիմնական պատճառներից մեկը: Նպատակս իրերն իրենց անուններով կոչելն է` առանց մեկ կողմին մեղադրյալի աթոռին գամելու, մյուս կողմի ինքնակոչ փաստաբանի հանձնառություն վերցնելու նկատառման... Եթե հասել ենք նյութիս այս հատվածին, միջանկյալ շնորհակալություն հայտնեմ ու մի փոքր էլ չարաշահեմ ձեր համեստությունն ու համբերատարությունը, նշեմ, որ մեր սիրելի մեկնաբանը հետաքրքիր մի նորամուծություն էլ արեց` ուղիղ եթերից ի լուր բոլորի հնչեցնելով նման արտահայտություն. «Բոլոր հսկողությունները գտնվում են ֆուտբոլիստների տակ»...(մեջբերում եմ ընդամենը)... Կատակը մի կողմ, բայց Սուրեն Բաղդասարյանի ու երիտասարդ մեկնաբանների առնչությամբ ակնհայտ է մեկ բան. Հայաստանի ընդհանուր լրագրության մեջ, թերևս, ամենազարգացածն ու առանձնանշելի ճյուղերից մեկը` հենց մարզական, այն էլ` երիտասարդ հեռուստամեկնաբանների ոլորտն է, որտեղ, վերջին շրջանում, բարեբախտաբար ի հայտ են եկել կիրթ, լայնատեղյակ, գրագետ, ողջամիտ հայերենով, քիչ սխալներով, դինամիկ ու ծանրակշիռ վիճակագրությամբ, կապակցված մտքերով ու խոսքի մշակույթի զուսպ դրսևորումներով, ամենևին ոչ անձնագով ու եսակենտրոն բոցաշունչ ելույթներով (և դա, ի զարմանս նրանց երիտասարդ` թվում է հավակնոտ տարիքին) աչքի ընկնող անուններ, որոնց մեջ, որոշակի վերապահումներով, արժանի է հիշատակել Էդվարդ Քալանթարյանի, Արմեն Մելիքբեկյանի, Վահան Ղարիբյանի, Գեորգի Մաթևոսյանի, Մենուա Մեհրաբյանի և այլոց անունները, որոնք, իրապես, ապահովում են տվյալ բնագավառի առողջ ու հեռագնա սերնդափոխությունը: Իսկ կռվել սերնդափոխության դեմ` հավասարազոր է ապավինել Դոն Կիխոտի` հողմաղացների դեմ փայտե թրով մարտնչելուն, ինչն էլ նշանակում է, որ «Վարպետաց դասեր» տալու փոխարեն արժե նորից վերընթերցել, վերանայել Սերվանտեսի նույն երկը, և, ընդհանրապես, թողնել գրողի տարած կապույտ էկրանն ու անցնել խորն ընթերցանության` տարընթերցումների դասը վերջնականապես սերտելու համար...
Արա Ալոյան, հեռուստալրագրող, բանաստեղծ