ՔյոնիգզեգԱմեն ինչ սկսվում է ցանկությունից, այս մասին բոլորս գիտենք: Դրա համար ցանկանում եմ ներկայացնել մի պատմություն, որը սկսվում է մանկական երազանքից:

Նա կարող է գերազանցել Բոինգ 747-ին, նրա արագությունը հասնում է 440 կմ/ժ-ի: Այդ մեքենայի անունն է Keonigsegg, որի հիմնադրին շատերն անվանում էին հիմար մարդ: Ինչո՞ւ: Որովհետև նա խենթ երազանք ուներ: 22 տարեկան երիտասարդը, ով ոչինչ չուներ, բայց որոշել էր գերազանցել Ֆերարրիին, Լամբորգինիին, Բուգատիին և այլ սպորտային մեքենա արտադրողներին: Մեքենա, որն արտադրվում է յուրաքանչյուրը մեկ օրինակով` հատուկ պատվիրատուի նկարագրությամբ:

Քրիստիան ֆոն Քյոնիգզեգը դեռ մանկուց երազում էր ստեղծել սեփական մեքենան: Ամեն ինչ սկսվում է այն պահից, երբ 5 տարեկանում հոր հետ այցելում է կինոթատրոն և մուլտֆիլմերից մեկում տեսնում, թե ինչպես են մի քանի երիտասարդ լեռներում մեքենա կառուցում: Այդ պահն այնպես է ազդում երեխայի վրա, որ նա որոշում է իր մեքենան ունենալ, այսինքն` ստեղծել: Քրիստիանը երազանքից գործողության է անցնում 22 տարեկանում` առանց ինժեներական գիտելիքների, առանց աշխատանքային փորձի, գումարի, թիմի, ուղղակի հանուն վեհ նպատակի` ես դա պետք է անեմ: Նա այնքան համառն էր, որ չայցելեց ոչ մի սպորտային մեքենաների գործարան, չխորհրդակցեց ոչ մի այդպիսի գործարանների աշխատակիցների հետ, այլ սկսեց ինքնուրույն հետազոտել, փնտրել, գտնել, կարդալ, որպեսզի հասկանա, թե ինչ է իրենից ներկայացնում մեքենայի արտադրությունը:

Քրիստիանը երդվում է ինքնուրույն ստեղծել մի մեքենա, որը կգերազանցի բոլոր հայտնի սպորտքարերին կամ սպորտային մեքենաներին: Իսկ մրցակիցները, որոնք լսեցին այս հանդուգն երդումի մասին, ասում էին, որ հերթական հիմարն է իր PR-ի համար նման հայտարարություն անում: Դե բնական է, ո՞վ կհամարձակվեր բացահայտ ձեռնոց նետել Լամբորգինիին կամ Ֆերարրիին: Պատասխանն է` 7 մլրդ մարդուց ընդամենը մեկը:

Նա սկսում է մի դատարկ թղթից, նկարում է մեքենան, որն իր կարծիքով ամենաիդեալականն է: Եվ նա հասնում է իր գերնպատակին, ընդամենը… 20 տարում: Նրան իսկապես հաճելի էր ձեռնոց նետել ու հաղթել, դրա համար Քրիստիանը սկսում է մոդելը նկարելուց և անցնում հաջորդ քայլին: Հաջորդ քայլը հետևյալն էր` միայն լավագույն պահեստամասերի կիրառումը: 1994 թվականին նա սկսում է թղթից անցնել գործողության: Չունենալով ոչ մի գումար, մասնագիտական թիմ` Քրիստիանը դիմում է բանկերին, բայց բոլորը մերժում են: Իսկ երազանքին հասնել էր պետք, ուստի նա անցնում է մի անսովոր մեթոդի: Նա օգտագործում է ինտերնետը, կապեր հաստատում մեքենայի պահեստամասեր արտադրող ընկերությունների հետ, որոնցից շատ էժան գներով կամ գրեթե անվճար ձեռք է բերում մի քանի հատ պահեստամաս ամեն մի տեսակից: Նրա սկզբունքը կայանում էր նրանում, որ խնդրում էր արտադրությունից դուրս մնացած կամ չնչին դեֆեկտ ունեցող պահեստամասեր, որոնք ինքն էր կատարելագործում:

Հաջորդ քայլում նա ծանոթություն է հաստատում ավիաինժեներների հետ, որոնք մեծ հաճույքով ցանկություն են հայտնում համագործակցել և խորհուրդներ տալ ամբիցիոզ երիտասարդին: Ահա այսպես նա ձեռք է բերում պահեստամասեր և թիմ: Ընդամենը 2 տարում կարողանում է կառուցել առաջին մոդելի նախատիպը: Քրիստիանը պատմում է, որ կյանքում ամենահաճելի պահը եղել է առաջին անգամ իր մեքենան նստելն ու վարելը, երբ ոչ ոքի անհայտ մեքենան հայտնվում է Շվեդիայի փողոցներում:

Երբ մեքենան պատրաստ էր, մնում էր ամենակարևոր գործոններից մեկը` անունը: Քրիստիանը որոշում է իր ազգանունով կոչել այն, սակայն ինչպես միշտ բոլորը դեմ էին` ասելով, որ շատ դժվար է, և մարդիկ չեն հիշի: Ինչին Քրիստիանը պատասխանում է.

-Լամբորգինին նույնպես երկար անուն է, բայց այն բոլորը հիշում են: Իսկ երբ մարդիկ փորձեն մեքենաս, ես նրանց կտամ էմոցիա, իսկ դրանից հետո Քյոնիգզեգն էլ բոլորը կհիշեն, քանի որ ավտոինդուստրիայում բրենդների մեծ մասն անվանվում է հիմնադիրների ազգանունով:

Ահա այսպես նա կրկին ապացուցում է իր համառությունն ու մեքենան անվանում Keonigsegg: Չունենալով հսկայական միջոցներ` Քյոնիգզեգն իր սկզբնական գործարանը կառուցում է մի լքված ավիաբազայում, քանի որ այն ուներ նաև մեծ թռիչքահարթակ: Այս գործարանում աղմուկ ընդհանրապես չկա, քանի որ բացառվում է ռոբոտացված աշխատանքը: Սկզբունքը հետևյալն է` ամեն մի աշխատանք պետք է կատարվի ձեռքով, որպեսզի որակը մի քանի անգամ վերահսկվի, իսկ թիմը բաղկացած է ընդամենը 22 մասնագետներից: Եվ այս 22 մասնագետների շնորհիվ մեքենան կառուցվում է 18 շաբաթում: Քրիստիանի գլուխգործոցը համարվում է աշխարհի ամենաթանկ սերիական մեքենան, որի գինը սկսում է 1 մլն եվրոյից:

Մեքենայի յուրաքանչյուր դետալ պետք է լինի այնպես, ինչպես գծագրել է Քրիստիանը: Ի տարբերություն բոլոր ավտոարտադրողների` այստեղ ամեն ինչ հակառակն է լինում, օրինակ` մեքենան ներկվում է ոչ թե վերջում, այլ հենց սկզբից, դա էլ չնմանվելու մեկ աստիճան է Քրիստիանի համար: Հաջորդ սկզբունքը մեքենայի թեթևությունն է, քանի որ արագություն ապահովելու համար այն պետք է թեթև լինի: Իսկ բոլոր դետալների կառուցման շեշտը դրված է թեթևության վրա, քանի որ այն ամենաթեթևն է մրցակիցների մեջ: Հաջորդ քայլն այն էր, որ այս մեքենայի շարժիչներն ամենաքիչ վառելիք ծախսողն են բոլոր սպորտային մեքենաների մեջ: Յուրաքանչյուր անգամ հպումից հետո այս մեքենաները պետք է մաքրվեն, իսկ ամենավերջում հենց Քրիստիանն է սկսում փորձել ու ստուգել մեքենայի որակը: Առանց նրա ստորագրության ոչ մի մեքենա դուրս չի գալիս գործարանից:

Երբ 2000 թվականին Փարիզի ավտոսրահում ներկայացվում է մեքենան, միանգամից պատվերները հաջորդում են մեկը մյուսին, իսկ Քրիստիանը գումար չուներ: Նա կարողացել էր ընդամենը նախատիպը ներկայացնել ու վերջ: Երկար բանակցությունների արդյունքում նա կարողանում է ներդրողներ գտնել, որպեսզի իրականացնի իր երազանքի վերջին փուլը, քանի որ ոչ մեկ չէր հավատում նրա խոսքերին` իմ մեքենան պետք է անցնի Ֆերարրիին, Մերսեդեսին, Լամբորգինիին ու բոլորին:

Սակայն երբ ամեն ինչ հարթ էր ընթանում, տեղի է ունենում անսպասելին` Քյոնիգզեգի գործարանն անսպասելիորեն այրվում է: Երբ Քրիստիանը լսում է այդ մասին, միանգամից վազում է գործարան և տեսնում, որ երկու պատվիրված մեքենան, պահեստամասերը, սարքավորումների մի մասը դրսում են ու անվնաս վիճակում: Փաստորեն հրդեհից հետո բոլոր աշխատակիցները մրոտ գործարանից դուրս են բերել բոլոր սարքերը: Պատկերացնու՞մ ենք թիմի ներդաշնակությունը: Նրանք ապրում են իրենց բրենդով և իսկապես մեծ հարգանքի են արժանի այս մարդիկ, որոնք իրենց չխնայելով` ամեն ինչ արել են, որ իրենց երեխային նոր կյանք տան:

Քրիստիանն ամեն ինչ նորից է սկսում: Որպեսզի մրցակիցներին հաղթել, պետք է խաղալ նույն խաղով, ասում է Քրիստիանն ու ավելի մեծ կրքով անցնում գործի: Իհարկե, ռեկորդի միջոցով և 2005 թվականին նա կարողանում է սահմանել ամենամեծ արագությունը ու գրանցվել Գիննեսի ռեկորդների գրքում: Ռեկորդի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ճանապարհը ուղիղ չէր, այլ օղակաձև, ինչն էլ ավելի էր բարդացնում իրավիճակը, բայց Քրիստիանն անդրդվելի էր, դիմացը նպատակն էր` գերազանցել բոլորին: Ուղղակի այս մասին քանի՞ լրատվամիջոցներ կհաղորդեին: Անվճար գովազդի հիանալի տարբերակ, որը տվեց իր պտուղները:

Նա այս քայլով առաջին ամենամեծ հարվածը հասցրեց, և մրցակիցները, որոնք նրան արհամարհում էին, արդեն պետք է մտածեին, թե ինչպես գերազանցել այդ հանդուգն երիտասարդին: Մեր օրերում շատ է փոխվել մեքենա ընտրելու գործոնները, և Քրիստիանը որոշում է պատասխանել և այդ հարցին: Մյուս հարվածը, որ Քրիստիանը հասցնում է մրցակիցներին, դա էկոլոգիապես մաքուր սպորտային մեքենա արտադրելն էր: Ոչ մի մեքենա այդքան էկոլգիապես մաքուր չէ, որքան Keonigsegg-ը:

Սակայն Քրիստիանը հանդիպում է մեծ խնդիրների արագության հետ կապված, քանի որ նրան ոչ ոք չի տրամադրում հարթ և ուղիղ երկար ճանապարհ, որպեսզի նա կարողանա զարգացնել 440 կմ/ժ արագություն` ստուգելու համար մեքենայի ողջ հնարավորությունները: Այդպիսի ճանապարհներ ունեն միայն նրա մրցակիցները, որոնք շատ մեծ ատելությամբ են լցված նրա հանդեպ: Իսկ ի պատասխան այս ամենին` նա սահմանափակել է մեքենայի արագությունը մինչև 375 կմ/ժ-ի:

Մյուս ամենածանր հարվածն այն էր, որ մեքենան պետք է անցնի թեստավորում, երբ այն մի քանի անգամ հարվածում են պատին կամ կողքից: Սովորական ավտոարտադրողները իրականացնում են այն 26 մեքենայով, իսկ Keonigsegg-ի համար հասկանում եք, թե ինչ է 1 մլն եվրո արժողությամբ մեքենան ուղղակի ջարդել: Այս կարգին պետք է հետևեն բոլոր արտադրողները և Քրիստիանը մեկ մեքենա տրամադրում է պատին հարվածելու և կողքից հարվածելու համար: Բայց նա ընդամենը մեկ մոդելով կարողանում է անցնել նաև այս խնդրի միջով: Մեքենան շատ յուրահատկություններ ունի, իսկ ես կսահմանափակվեմ այսքանով:

Հ.Գ. Բրավո, Քրիստիան: Ես իրոք հիանում եմ նման մարդկանցով, որոնք, չվախենալով ոչ մի բանից, ուղղակի առաջ են գնում` անտեսելով ամեն մի անիմատ կարծիք ու դժվարություններ: Մի՛ վախեցեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել