
![]() |
Քաղաքագետ |
Վերջին խորհրդարանական ընտրություններից հետո հրապարակավ հայտարարեցի, որ նախաձեռնում եմ «Նոր աջեր» կուսակցության հիմնադրումը՝ ազատական հայացքներ ունեցող մարդկանց միավորելու, հաջորդ ընտրական ցիկլին մասնակցելու նպատակով:
Սակայն նախաձեռնության իրականացումն անընդհատ հետաձգում էի՝ թերեւս այն հույսով, որ ազատական դաշտում գործող ուժերից մեկը գուցե գործունեության արդյունավետ մեխանիզմ առաջարկի, կրեատիվ իդեայով հանդես գա ու նոր կուսակցության ստեղծման անհարժեշտություն չձագի:
Նման հույսեր կային:
Ասենք, «Հանրապետություն» կուսակցությունը լքել էր ՀԱԿ-ու վերջապես ակնկալիք կար, որ հաղթահարվելու է լղոզվածության շրջանը, եւ կուսակցությունը վերադառնալու է իր ծրագրային ակունքներին:
«Ազառ դեմոկրատները» կարող էին դառնալ ազատականներին միավորող կուսակցություն:
Վերջապես փորձ է արվում վերածնել ՀՀՇ-ն...
Մարդիկ ջանքեր թափել են, ու ես դա գնահատում եմ:
Գուցե արվածի տեմպն ինձ չի բավարարում, կամ՝ իմ պատկերացումները մի փոքր այլ են, սակայն այս ժամանակահատվածում ես նոր դեմքեր եւ նոր գաղափարներ չտեսա, չտեսա նաեւ քաղաքական նոր իրողությունների գնահատման ադեկվատ կարողություն:
Ու համակիրներիս փոքրաթիվ խմբի հետ քննարկելով՝ որոշեցի իրապես ձեռնամուխ լինել «Նոր աջեր» ազատական կուսակցության հիմնադրման գործին՝ արդեն սեպտեմբեր ամսից:
Հավատացնում եմ, որ Հայաստանում իրական ազատականության դեֆիցիտ կա, որովհետեւ լիբերալիզմի գաղափարը մեզանում արժեզրկվել է՝ երբեմն ասոցացվելով մարդկանց հետ, ովքեր որեւէ աղերս չունեն դրա հետ, երբեմն այն պատճառով, որ լիբերալիզմին խորթ է պոպուլիզմն ու նաեւ օբյեկտիվորեն, որովհետեւ բոլորիս սովետական մտածողությանը խորթ են ազատության գաղափարները:
Մինչեւ գործնական հարթություն անցնելը՝ առաջիկա մի քանի օրերին կանդրադառնամ մի քանի հարցերի, որոնք ուղղակի կամ անուղղակի վերաբերում են իմ այս նախաձեռնությանը, մանավանդ որ՝ չեմ բացառում նաեւ շահարկումները: