Kiss.am-ը գրում է.

Հարց
«Ինձ անընդհատ մի հարց է անհանգստացնում՝ ինչու՞ են հայ կանայք իրենց այնպես պահում անկողնում, որ տղամարդը ստիպված սիրուհի է ձեռք բերում… Ինչու՞ ազատ չեն, ինչու՞ անկողնում ամուսինը պետք է համոզողի դերում լինի, հետո չհասնի իր ուզածին և նորից զանգահարի այն երրորդին, որպեսզի գնա, առանց սիրո բավարարի իր ցանկությունները: 
Չգիտեմ՝ ճիշտ եմ, թե ոչ, բայց երբեմն մտածում եմ, որ պատճառը կարող է սիրո բացակայությունը լինել (չնայած նա կասկածելու տեղիք չի տվել), բայց ինչպե՞ս հասկանալ կանացի այդ տեսակ անտարբերությունը»:

Արտյոմ, 27 տ. ք. Երևան

Պատասխան
Արմեն Աբգարյան, հոգեբանական գիտությունների թեկնածու, հոգեթերապևտ
- Տղամարդու բնազդներում առաջին տեղում սեքսն է: Տղամարդու համար սեքսն ամենակարևորն է, նա ամեն պահի պատրաստ է, եթե իհարկե իմպոտենտ չէ: Իսկ կնոջը պետք է նախապատրաստել, տաքացնել: Եթե կինը հոգնած է, նյարդայնացած է, նա անտարբեր կլինի սեքսի նկատմամբ:
Կանանց մոտ առաջնայինը մայրական բնազդն է, այսինքն` ի սկզբանե ուզում են լինել գեղեցիկ ու հաճելի, հնարավորինս դուր գալ տղամարդկանց և նրանցից ընտրել ամենաարժանիին, ով իրենց համար առողջ սերունդ ունենալու և այդ սերունդը հասունացնելու հենարան կլինի:
Կոպիտ ասած՝ կնոջ համար սեքսը միջոց է նպատակներին հասնելու համար` ունենալ ընտանիք, երեխաներ և այլն: 
Կարելի է ասել նաև, որ կնոջ համար սեքսը վճար է ընտանիքի համար, իսկ տղամարդու համար ընտանիքը (որը նաև բեռ է) վճար է սեքսի համար: 
Սեքսի հանդեպ կանանց անտարբերությունը կարող է ունենալ նաև այլ պատճառներ. 
1. Շատ կարևոր է, թե ով է եղել կնոջ առաջին տղամարդը. եթե անփորձ մեկը, բնականաբար, բացի ցավից, կինը, ոչ մի հաճույք չստանալով, հետագայում նույնպես անտարբերություն է ցուցաբերում սեքսի նկատմամբ: 
2. Սոցիալական դաստիարակությունը, երբ մանկուց ասում են՝ «չի կարելի», որից աղջիկների մոտ տղամարդկանց և սեքսի հանդեպ տհաճություն է առաջանում և ամուսնանալով՝ նրանք կարող են նույնիսկ իրենց ամուսիններին մոտ չթողնել: Իմ աշխատանքային փորձում հանդիպել եմ նորապսակների, ովքեր թեկուզ սիրելով են ամուսնացել, բայց կինը ամուսնության առաջին ամսում ամուսնուն մոտ չի թողել: 
3. Տղամարդկանց անգրագիտությունը, երբ չհասկանալով կնոջ հոգեբանությունը՝ նրա սեռական կարիքները չափում են իրենց կարիքներին հավասար: Բայց փորձառու տղամարդը, ով ծանոթ է կնոջ հոգեբանությանը, լավ գիտի, որ ի տարբերություն տղամարդու՝ կնոջ համար սեքսն առաջնային չէ, և միշտ չէ կինը պատրաստ լինում սեքսով զբաղվելու: Կնոջ համար կարևոր է տղամարդու ուշադրությունը, փաղաքշանքը, նուրբ վերաբերմունքը:
Երբեմն, երբ կինն անկողնում ինչ-որ ազատություն է թույլ տալիս, տղամարդը միանգամից սկսում է հետաքրքրվել, թե որտեղից գիտի այդ ամենն ու հենց ինքն է «փակում» կնոջը: 
Որոշ դեպքերում էլ տղամարդը, ճիշտ է, ցանկանում է կնոջը տեսնել սիրուհու դերում, բայցև հասկանալի հետևանքներից ելնելով՝ չի փորձում «բացել», ազատություն տալ նրան, քանի որ վախենում է՝ կինը դավաճանի իրեն:
Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն, Անահիտ Վարդանյան, 56 տ.
«Ոչ մի խելացի կին թույլ չի տա, որ ամուսինն, իր սեռական կարիքները բավարարելու համար սիրուհի ձեռք բերի: Ու քանի որ ընտանիքը մութ անտառ է, հնարավոր չէ հասկանալ, թե կոնկրետ այս դեպքում ի՞նչ է պահանջում նամակագիրն իր կնոջից: Բայց կնոջը սիրող ամուսնուն ոչ մի սիրող կին չի մերժի: 
Իսկ եթե ամուսինը անտարբեր է կնոջ նկատմամբ, հարբում է, անարգում կամ խաբում է նրան, կնոջ իրավունքները ոտնահարվում են ամուսնու կողմից, բնական է, որ ոչ մի կին անկողնում նման տղամարդու որևէ ցանկության չի ընդառաջի: Ստիպելով ոչինչ հնարավոր չէ, ամեն ինչ պետք է լինի սիրով: Կինը պետք է իրեն սիրված զգա նաև ցերեկը, որպեսզի գիշերը ամուսնու ցանկությունները նրա համար չդառնան բռնաբարության նման մի բան»: 
Փոխադարձ սիրո և հարգանքի առկայությունը փաստում է զույգերի ներդաշնակության մասին: 
 Եթե ձեր միջև կա այդ սերն ու հարգանքը, ուրեմն փորձեք ձեր մեջ փնտրել պատճառը, երբ ձեր կնոջից անտարբերություն եք նկատում: Ավելի ուշադիր եղեք նրա նկատմամբ, օրվա ընթացքում գրկեք, համբուրեք նրան, փաղաքշեք, եթե հեռու եք, զանգահարեք, որպեսզի նա զգա, որ միշտ է սիրված ու ցանկալի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել