1in.am-ը գրում է.

Եթե նախորդ տարիներին ԵՊՀ-ում վարձավճարներն առաջին կուրսեցիները պարտավորվում էին վճարել մինչև սեպտեմբերի 15-ը, ապա այս տարի այդ ժամկետը կրճատվել է: 2013-ին ուսանողական վարձերը վճարելու վերջնաժամկետը սեպտեմբերի 6-ն է: 

ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանի տեղեկացմամբ՝ այս տարի վարձերի գանձման մեխանիզմը փոխվել է՝ նախորդ տարիներին հաշվապահությունում էին վարձերը գանձում, ժամկետը երկարացնում էին, որպեսզի հաշվապահությունում հերթեր չկուտակվեն: 

«Առաջին կուրս ընդունվել է մոտ 3 հազարից 3500 մարդ։ Այդքան մարդ համալսարանի հաշվապահությունում չէին կարող վճարել մեկ օրում, իսկ Հայաստանում կա 22 բանկ, նշանակում է՝ կարող են հանգիստ այդ վարձը վճարել բանկերում, իսկ եթե կլինեն ուսանողներ, որոնք ինչ-ինչ պայմաններից ելնելով՝ այդ հինգ-վեց օրերի ընթացքում չեն հասցնի վճարել, ըմբռնումով կմոտենանք, մի քանի օր կհետաձգենք իրենց վարձի վճարումը: Երկու օր հետո կվճարեն՝ երկու օր հետո կհրամանագրենք, մեկ է՝ իրենք առաջին կուրսեցի չեն. մինչև չվճարեն՝ իրենք ուսանող չեն հրամանագրվելու»,- ասաց Կարեն Գրիգորյանը: 

Վարձավճարների գանձման մեխանիզմների փոփոխությունն ու վճարման ժամկետների կրճատման որոշումը ԵՊՀ-ն կայացրել է հուլիսի վերջերին: 

«Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե ուսանողական վարձերի վճարման ժամկետների կրճատումը պայմանավորված չէ՞ արդյոք վարձավճարների թանկացման դեմ ուսանողների ակտիվությամբ, ԵՊՀ-ի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետը պատասխանեց. «Դա որևէ կապ չունի: Երբ մենք վարձերը թանկացրել ենք, ապրիլ ամիսն է եղել, և դրանից հետո ովքեր որ մրցույթով հաղթել են ու կարող են դառնալ համալսարանի ուսանող, երբ հայտադիմումը լրացրել են, քննություններին մասնակցել են, արդեն իմացել են իրենց վարձավճարների չափը: Այսինքն՝ իրենք ի սկզբանե և վարձավճարների չափերին են ծանոթ եղել, և թե ինչպես պետք է վճարեն: Երբ բերել են գործերը մեզ մոտ, ծանուցում են ստորագրել, իրենց համար անակնկալ կամ նորություն չէր»,- ասաց Կարեն Գրիգորյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել