Իմաստուն Ջալալիդդին Ռումին հանդիսանում է սոխիզմի հիմնասյուներից մեկը: Շատ մարդիկ էին գալիս նրա մոտ խորհուրդ հարցնելու և իմաստուն խոսք լսելու: Մի անգամ նրա մոտ եկավ նրա հարևան մի կին իր որդու հետ և ասաց.

— Ես արդեն բոլոր միջոցները փորձել եմ, սակայն տղաս ինձ չի լսում: Նա չափից շատ շաքար է ուտում: Խնդրում եմ, ասեք նրան, որ դա լավ չէ: Նա Ձեզ կլսի, որովհետև շատ է հարգում Ձեզ:

Ռումին նայեց երեխային, նրա աչքերի մեջ եղած վստահությանը և ասաց.

— Եկեք երեք շաբաթից:

Կինը ընկավ տարակուսանքի մեջ: Ախր դա այնքան հասարակ բան էր: Անհասկանալի էր… Մարդիկ հեռու երկրներից էին գալիս, ու Ռումին օգնում էր նրանց լուծել իրենց մեծ խնդիրները միանգամից… Սակայն նա հնազանդ հեռացավ և եկավ միայն երեք շաբաթից: Ռումին նորից նայեց երեխային և ասաց.

— Եկեք ևս երեք շաբաթից:

Այստեղ կինը չդիմացավ և խիզախեց հարցնել, թե ինչումն է բանը: Սակայն Ռումին միայն կրկնեց իր ասածը:

Երբ նրանք եկան երրորդ անգամ, Ռումին տղային ասաց.

— Որդիս, լսիր իմ խորհուրդը, այդքան շաքար մի կեր, այն վնասակար է առողջության համար:

— Եթե Դուք ինձ խորհուրդ եք տալիս, ապա ես այլևս այդպես չեմ անի, — պատասխանեց տղան:

Դրանից հետո մայրը խնդրեց, որ որդին սպասի փողոցում: Երբ նա դուրս եկավ, մայրը հարցրեց Ռումիին, թե ինչո՞ւ վերջինս իր խորհուրդը չտվեց իրենց առաջին այցելության ժամանակ: Ախր դա այնքան հասարակ բան էր: Ջալալիդդինը խոստովանեց, որ ինքն էլ է շատ սիրում շաքար ուտել, և նախքան խորհուրդ տալը նա պետք է ազատվեր իր այդ թուլությունից: Սկզբից նա որոշել էր, որ երեք շաբաթը բավարար կլինի իրեն այդ թուլությունից ձերբազատվելու համար, սակայն սխալվեց…

Իսկական Վարպետի հատկանիշներից մեկը հետևյալն է՝ նա երբեք չի ուսուցանի մի բան, ինչի չի հասել ինքը: Վարպետը անկեղծ է, և առաջին հերթին ինքն իր հետ: Նրա խոսքերը միաձուլված են իրականացման հետ: Վարպետի խոսքերը բխում են իր անձնական փորձից, նրա Իմաստությունը ապրում է հենց իր մեջ, այլ ոչ գրվածքների: 

Սալվադոր Դալի , «Երկրաբանական կայացում», 1933

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել