Lragir.am-ը գրում է.

Հայաստանում բարձրագույն կրթական հաստատություններում ուսման վարձերի մինչեւ 200 000 դրամով թանկացումները երբեմն չեն ենթարկվում որեւէ տրամաբանության: Օրինակ, անհասկանալի է, թե ինչու վոկալի դասերը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում պետք է թանկանային 200,000 դրամով: Անհասկանալի է նաեւ, թե ինչու կան բուհեր, որտեղ ընդհանրապես թանկացում չկա, ինչպես օրինակ Երեւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, որտեղ հաստատ շատ ավելի շատ են նոր սարքավորումներ անհրաժեշտ, քան երգիչներին, ովքեր տեխնիկան հենց իրենց մեջ են կրում:

Վարձերի թանկացում չի դիտվել նաեւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիակում, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում եւ Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալասարանում, որտեղ վարձերը բարձացել են նախորդ տարի, 20 000 դրամով:

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մյուս բաժիններում վարձը թանկացել է սկսած 100 000 դրամից: Նախորդ տարի այս բուհում վարձի բարձրացում չի եղել: Իսկ Գյումրու մասնաճյուղում վարձի բարձրացում դիտվել է նախորդ տարի՝ 100 000 դրամով:

Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիակում նախորդ տարի վարձը թանկացել է 50 000-60 000 դրամով, իսկ Դիլիջանի մասնճյուղում՝ 30 000 դրամով:

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում այս տարի վարձերը բարձրացել են 50 000-70 000 դրամով, իսկ նախորդ տարի՝ 30 000-90 000 դրամով: Գորիսի մասնաճյուղում՝ 50 000 դրամով, նախորդ տարի՝ 100 000 դրամով:

Հստակ երեւում է, որ մարզերում եւս վարձերի թանկացում է դիտվում՝ երբեմն անգամ Երեւանին հավասարազոր, այն դեպքում, երբ այնտեղ սոցիալական պայմանները շատ ավելի սուղ են մայրաքաղաքի համեմատ:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում վարձերը բարձրացել են 100 000- 150 000 դրամով: Եղեգնաձորում եւ Գյումրիում վարձերը թանկացել են 100 000 դրամով:

Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում  ուսանողները այս տարի 70 000-140 000 դրամի չափ ավելի ստիպված կլինեն մուծել կրթության համար, իսկ նախորդ տարիներին նույն բուհում արվել է 90 000-130 000 դրամի թանկացում:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում  նախորդ տարիներին եղել է 44 000-98 000 դրամի թանկացում, իսկ այս տարի՝ 56 000-112 000 դրամի: Գյումրիում այս տարի՝ 36 000 դրամի, իսկ նախորդ տարի՝ 44 000 դրամի: Վանաձորում 36 000, իսկ նախորդ տարի՝ 44 000: Կապանում այս տարի ուսման վարձերը չեն բարձրացրել,  բայց նախորդ տարի թանկացումը 66 000 դրամ էր:

Մայր բուհում ուսման վարձերը այս  տարի բարձրացել են հիմնականում 100 000 դրամով: Միայն 150 000 դրամով թանկացել է ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում սովորելը: Նախորդ տարի նույն բուհում դիտվել է 0- 50 000 դրամ թանկացում: ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում ուսումը թանկացել է 100 000 դրամով:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում գները շատ ավելի համեստ են բարձրացել՝ 30 000- 40 000 դրամով, իսկ նախորդ տարիներին 0-30 000 դրամով:

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում վարձերը բարձրացել են 60 000 դրամով, նախորդ տարի բարձրացում չի եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել