301 թվականին Հայաստանն աշխարհում առաջին պետությունն էր, որ ընդունեց նոր կրոն` քրիստոնեությունը: Քրիստոսի ուսմունքի առանցքը կազմում են սերը, գթասրտությունն ու թշնամուն ներելու ունակությունը: Սակայն, Աստծո Որդու բարիությունը բավականաչափ ծանրակշիռ գործոն չէր նոր կրոնի տարածման համար, ուստի եւ աշխարհիկ թագավորներն ու քրմերը սույն նպատակի համար լայնորեն օգտագործեցին վեց Հին Կտակարանից յուրացրած Հայր Աստծո կերպարը` խիստ, ամենակարող ու ամենատես Աստծուն, որի հիմնական գործառույթն էր մեղքերի համար պատժի անխուսափելիությունը: Այս պարագայում ժողովրդական զանգվածների համար առավել մշուշոտ էր մնացել Սուրբ Հոգու գաղափարը:
2013 թվականին Հայաստանի երկնքում, կարծես թե, նոր կրոնական գաղափար է սավառնում, որը գնալով ավելի ու ավելի շատ ընդունում է Սուրբ Հոգու պատկերը: Դրա աշխարհիկ անունն է Համացանց, այլ լեզուներով` Ինտերնետ: Ասածիս մեջ ոչ մի հեգնանք ու սրբապղծություն չկա, համենայնդեպս ոչ ավել, քան կես տարի առաջ խայտառակ կեղծիքներով, կաշառքներով ու բռնություններով անցած «ընտրություններից» հետո Հայաստանի ոստիկանապետի հրապարակային ու ցուցադրական աղոթքի մեջ` այն էլ օրվա ընդդիմադիր առաջնորդի հետ միասին: 
Ինչո՞ւ է Ինտերնետ-Համացանցը մեզանում դառնում նոր կրոն: Հին կայսրությունների կարգախոսն էր` «Աստված, արքա եւ հայրենիք»: Վերջին մեկ դարվա ընթացքում Արեւելյան Հայաստանը ռուսական կայսրության կազմում եւ նրա հետ մեկտեղ անցավ սկզբից Աստծուց հրաժարվելու պետական ծիսակատարությունը (1920), ապա Աստծո տեղը զբաղեցրած Ստալինի պետական պաշտամունքի տապալումը (1956), եւ վերջապես արքա Ստալինի տեղը զբաղեցնող սույն կարգախոսի վերջին մասի` Հայրենիքի, այս դեպքում Մոսկվայի, Կրեմլի իշխանության վերացումը (1991): Մնալով առանց Աստծու, Ստալինի եւ հերթական Թիզբոն հանդիսացող Մոսկվայի վերահսկողության` մեր «նորընտիր» իշխանիկները հանկարծ որոշեցին, որ ամեն ինչ կարելի է: Անցյալ դարում գրված «Հանցանքն ու պատիժը» հանճարեղ վեպի մարդասպան հերոսը նույնպես մոլորվեց նման պատրանքով, սակայն հայ մարդասպան ու տգետ իշխանությունը Դոստոեւսկի չի կարդում եւ պատժի մասին գաղափար չի կազմել: Եւ ահա ամենաթողության ու անպատժելիության այս խրախճանքի ընթացքում կարծես Բաղգասար-Վալտասարի պալատի պատի վրա հայտնվում են այրվող տառեր` «ՄԵՆԵ, ԹԵԿԵԼ, ՓԱՐԵՍ, ՈՒՊԱՐՍԻՆ»: Սույն գրառման իմաստը պետք է որ հայտնի լինի Աստվածաշնչի գիտակ գեներալ-մայոր Վ.Գասպարյանին: Միգուցե նա անգամ մտերմիկ զրույցում փոխանցել է դա իր գլխավոր գերագույն հրամանատար եւ մեծագույն գեղագետ Ս.Սարգսյանին... Իմ խորին համոզմամբ` հենց Ինտերնետ-Համացանցն է դարձել այս քաղաքացիների եւ նրանց ստորադասների նոր ու ահեղ կրոնը: Ինչպես եւ բոլոր այլ համաշխարհային կրոնների դեպքում, Համացանցի երկրային ու երկնային արքայությունը գալիս է դժվար եւ ոչ առանց դիմադրության: Սկզբից Համացանցում հայտնվում են բանակում սադիստ սպայի կողմից խոշտանգվող զինվորների նկարահանումները եւ որոշակի չկամությամբ Պաշտպանության նախարարությունը ստիպված է բացահայտել ու հեռացնել սադիստին: Հետո դպրացական երեխաները նկարահանում ու Համացանց են դնում ուսուցչի անթույլատրելի ու անպատկառ վարքը տասը տարեկան աշակերտի նկատմանբ: Նորից կարճ դիմադրություն, բայց արդյունքում «շառից, փորձանքից հեռու» Կրթնախն է զիջում ու զոհաբերում մեծահասակ խուլիգանին: Օրեր անց վարորդը նկարահանում է գողական կաշառակեր ոստիկաններին եւ նրանք ... փախուստի են դիմում` պատմության մեջ թողնելով «դու ոնց որ խառնում ես սաղ» կամ դրա նման մի գլուխգործոց: Մեքենայի համարներով ու դեմքերով անժխտելի ապացույցների ճնշման տակ տեղի է տալիս նաեւ ՆԳՆ... Վերջերս Համացանցի ամենատես աչքից չի վրիպել բարձրաստիճան հայ դիվանագետի` դավաճանության մակարդակի խայտառակ հայտարարությունը, որի համար նա ստիպված էր երկար ու անհեթեթ բացատրություններ տալ: Ուրեմն, առկա են նոր կրոնի ամենակարեւոր ու հզոր գործառույթները` այն ամենատես է, ինչպես Աստված, եւ նրա պատիժը անխուսափելի է: Մոլորված ու խեղճացած իշխանությունների համար ամենամեծ դժվարությունն այն է, որ նոր Աստվածը միանձնյա չէ, այլ հանդիսանում է ժողովրդի կոլեկտիվ ջանքերի, խղճի ու քաղաքացիական դիրքորոշման արդյունք: Տեսախցիկի կամ անգամ հեռախոսի նկարահանող օբյեկտիվը դարձել է ամենատես աչք եւ զրկել է իշխանավոր բռնակալներին իշխանության հազարամյա զենքից` տեղեկատվության մենաշնորհից: Ու երբ «Հայֆիլմ» ու «Երեւան» կինոստուդիաները ոչնչացրած, հեռուստատեսությունները սեփականացրած բռնապետները ոստիկանության են հանձնել պարեկային մեքենաներից, թաքնված կամերաներից ու ձեռքից մեզ նկարահանելու ու տեսագրելու հնարավորությունը, նրանք մոռացել են, որ ցանկացած զենքը ուշ թե շուտ շրջվում է նրա դեմ, ով առաջինն է բարձրացրել այն: Բռնապետներրն արդեն հասկանում են այս հանգամանքը, եւ այս առումով հետաքրքիր է Արաբկիրի թաղապետի ծիծաղելիորեն անգրագետ փաստարկը Կոմիտաս 3,5,7 շենքերի բնակիչների հետ վիճաբանության ժամանակ: Նա փորձում էր ապացուցել, որ բարձրահարկ նորակառույցը լույս ու արեւ չի փակելու հարևան հինգահարկանիների համար, ու կրկնում էր, որ «ինստալյացիան» ապահովելու են... Երբ մենք հարցրեցինք` ինչ կապ ունի համակարգի ներբեռնման, «ինստալյացիա» ասած հասկացությունը անօրինական կառույցի հետ, պարզվեց, որ կիսագրագետ պաշտոնյան նկատի ունի «ինսոլյացիա», այսինքն` լուսավորության հասանելությունը... Այսպես, համակարգչի, Համացանցի հասկացությունները, թեեւ չգիտակցված, արդեն անցել են իշխանությունների լեզվամտածողության ու ենթագիտակցության մեջ` քայքայելով ու սարսափ առաջացնելով նրանց համակարգում: Համակարգիչն ընդդեմ համակարգի: Համացանցը ընդդեմ բռնատիրության: Այս է Հայաստանի նոր աշխարհիկ կրոնը, որը Սուրբ Հոգու պես գալիս է լրացնելու սիրո, արդարության ու համերաշխության ուսմունքը, որը տասնյոթ դար անց դեռ չի հաղթանակել աշխարհի առաջին քրիստոնեական երկրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել