1in.am-ը գրում է.

Սիրիայի հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով՝ հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:

«Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, այլ միայն քաղաքական: Նախագահ Ասադը պետք է հեռանա՝ հանուն սիրիացի ժողովրդի ապագայի»,-ասել է Քարնին:

Քարնիի խոսքով՝ նախագահ Օբաման առայժմ չի որոշել, թե ինչպիսին պետք է լինի Միացյալ Նահանգների արձագանքը Սիրիայում քիմիական զենքի ենթադրյալ կիրառման առնչությամբ. «Մենք ուսումնասիրում ենք հնարավոր պատասխանը»:

Քարնին նաև ասել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները շարունակում են վերլուծել Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառման մասին լուրերը:

«Դա միջազգային նորմերի կոպիտ խախտում է»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ նման գործողություններին պետք է «շատ լրջորեն վերաբերվել», և դրանք չպետք է անպատիժ մնան:

Քարնին նշել է, որ նախագահ Օբամայի վարչակազմը գրեթե չի կասկածում, որ Սիրիայում քիմիական զենք է կիրառվել կառավարական զորքերի կողմից: Այս առումով նա կոնկրետ ապացույցներ չի ներկայացրել, սակայն խոստացել է առաջիկայում այդ թեմայով լրացուցիչ տեղեկություն հրապարակել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել