Գարշում եմ իրենց «հայրենասեր» ու «ազգասեր» հորջորջող մարդկանց այն տեսակից, ովքեր մեծախոսում են այդ թեմաներով, խոսքով պաշտում Ազգը, բայց տարրական քաղաքավարություն չունեն հենց նույն ազգի ներկայացուցչի հետ քաղաքակիրթ խոսել կամ բանավիճել, չճանաչելով մարդուն՝ վիրավորող որակավորումներ տալով, խոսքով պաշտել հայոց լեզուն ու նրա գիրը՝ Հայոց Այբուբենը, բայց տարիներով օգտվելով համացանցից՝ նպատակահարմար չգտնել՝ հայատառ գրել, իրենց կաշվի վրա չկրել բոլոր այն դժվարությունները, որ կրում են հայրենաբնակները՝ դրսում բնակվելով՝ ոչ թե խորհուրդ, այլ ցուցում ու ուղղություն ցույց տալ, թե ինչ է պետք անենք մենք...
Եվ այլն, և այլն ...
Նման մարդիկ ոչ մի առնչություն չունեն ազգայնականության հետ, բացի այն վարկաբեկելուց: Ազգայնականությունը տեսակի իմունային համակարգն է, այլ ոչ թե հիվանդություն՝ ինչպես ազգայնամոլությունը:
Իրական ազգայնականը, հարգելով ու կրելով այն ամեն լավը, ինչ ժառանգել ենք նախնիներից՝ երազում է իր Ազգը տեսնել համայն մարդկության շարքերում՝ արժանապատիվ ու հզոր դիրքում (ֆիզիկապես և մտավոր հարթության մեջ)՝ փափագելով բացահայտել Մարդկության իմացականության, Երկրի և Տիրեզերքի անհուն գաղտնիքները, այլ ոչ թե վերադառնալ քարանձավ...
Մի խոսքով, շատ չծավալվեմ, նմանատիպ մարդկանց, ում դուր չեկավ ասածս, կառաջարկեմ ինքնակամ փակել էջիս դուռը՝ դրսի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել