
1in.am-ը գրում է.
46-ամյա Դոնգ Հայը վերջին 30 տարին քարե վանդակում է անցկացրել, որի տարածքը 5ք/մ է: Հատկանշական է, որ նրան այնտեղ գցել են ծնողները, երբ դեռահասության տարիքում տղայի մոտ հոգեկան խանգարման ախտանիշներ են ի հայտ եկել: Դոնգն ապրում է իր ծնողների տան ետնաբակում կառուցված քարե տնակում: Ծնողները նրան փակել են այնտեղ, քանի որ վախեցել են, որ իրենց որդին կարող է վնասել որևէ մեկին:
Դոնգի ծնողներն ասում են, որ իրենց որդու մոտ հոգեկան խանգարումներ նկատելուն պես դիմել են բժիշկներին: Նրանք մի քանի հիվանդանոցներ են այցելել, սակայն ամեն անգամ ստիպված են եղել տուն վերադառնալ: Մեկ տարվա ընթացքում զույգը ծախսել է իր բոլոր խնայողությունները և ստիպված է եղել դադարեցնել բուժումը: Հենց որ նրանց փողերը վերջացել են, ամուսիններն իրենց կյանքի ամենածանր որոշումն են կայացրել՝ որդուն հեռու պահել հասարակությունից և փակել նրան այգում կառուցված մառանում:
Ամուսինները, ովքեր գրեթե 70 տարեկան են, ամենից շատ անհանգստանում են, թե ինչ կլինի իրենց որդու հետ, երբ իրենք մահանան:
Բրիտանական Mail Online տաբլոիդի տվյալներով՝ Դոնգը տանից դուրս չի գալիս և մերկ ապրում է իր բանտում արդեն 30 տարի: Սնունդը ծնողները փոխանցում են պատերի մեջ բացված անցքերից:
Մի քանի տարի առաջ գյուղի հողերը կառավարության կողմից օտարվել էին, և ծերունիները կորցրել էին եկամտի իրենց միակ աղբյուրը: Այժմ նրանք պատահական աշխատանքներով են վաստակում: Անցած տարի, երբ ամուսինը պահակ էր աշխատում, հերթապահության ժամանակ նրան ծեծել էր հարբած վարորդը: Այժմ նրա աջ ոտքին երկար սպի կա, և տղամարդը ծանր աշխատանք չի կարողանում կատարել: