Վերջերս, երբ մտերմիկ զրույցի ժամանակ մեր նախկին բարձրաստիճան ոստիկաններից մեկն իր մտահոգությունն արտահայտեց, թե՝ «Հա՛յր Սուրբ, պատկերացնո՞ւմ եք, ծեծող ոստիկան չի մնացել», իմ մեջ թաքուն ուրախություն առաջացավ, որ մեր ոստիկանական համակարգում բարեփոխումներն իրական են և ոչ թե ցուցադրական: Սակայն, Կոմիտաս 5-ի իրադարձութունները, հատկապես որոշ ոստիկանների կողմից կանանց նկատմամբ կիրառված բռնությունները, ևս մեկ անգամ փաստեցին, որ միայն վերևների խիստ կարգադրությամբ բռնությանը սովոր ոստիկանը չի վերափոխվում:

Իրական վերափոխումը տեղի է ունենում հոգու և գիտակցության մեջ: Այո՛, ոստիկանը կոչված է հասարակական կարգը պահպանելու, բայց ոչ բռնությամբ, այլ միայն ու միայն մասնագիտական պրոֆեսիոնալիզմի, անաչառության և մարդասիրության հիմունքներով, մանավանդ երբ դիմացդ հայրենակիցդ է կանգնած: Բռնությանը բռնությամբ չեն պատասխանում. սա ավելի քան վերաբերում է օրենքի պահապաններին, իսկ քրիստոնյաներիս Պողոս առաքյալը հորդորում է. «Որևէ մեկի չարիքին չարիքով մի՛ հատուցեք: Ջանացե՛ք անել այն, ինչ բարի է բոլոր մարդկանց աչքին... Մի՛ պարտվիր չարից, այլ բարիո՛վ հաղթիր չարին» (Հռոմ. 12:17, 21): Առաքյալը պաշտոնյաների ու պետական ծառայողների համար բացառություն չի նշում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել