Ատում եմ քեզ: Ատում եմ անբնույթ ու անպատճառ մի ատելությամբ: Ատում եմ ի պատասխան քո ժպիտների: Ատում եմ չհասկանալով:
  Ատում եմ քեզ: Ատում եմ սիրված ու ամեն ինչ ստացած մեկի ատելությամբ: Ու շարունակում եմ փողոցներում, մեքենաների ապակիների անթափանց սևում քեզ որոնել: Ատում եմ անիմաստ մի ատելությամբ:
  Ատում եմ, որ իմ բոլոր սպասումները ոչնչացնելով` դու էլի մնացիր այն, ինչ կայիր, ու չիրականացան իմ ծանր մտքերի ծանր ծնունդները: Մնացիր լավը: Ու ափսոս, որ ատում եմ քեզ...
  Ատում եմ, որ ստիպեցիր ինքս ինձ մոռանալ: Որ բույն դրեցիր իմ կյանքում ու սկսեցիր քեզանից անկախ իմ մեջ շատ բաներ կառավարել: Ամեն ինչ խառնեցիր իրար: Ատում եմ ու ոչնչանում...
  Ատում եմ, ու հասկանում, որ դու միակն ես, ով արժանի է իմ ատելությանը: Էլի շարունակում եմ որոնել...
  Ատում եմ ու հեռախոսս տաքացնում ափերիս մեջ: Սպասում եմ... Ինչ-որ անիմաստ ծլնգոցներ: Ուղղակի անիմաստ: Ատում եմ էլի ու էլի...
  Ամեն ինչ խառնվել է իրար ու այդ ամենից ատելություն է փչում: Սահում եմ դեպի համատարած ոչնչություն: Անիմաստության վրայով: Հոգում` զսպված մի ճիչ.
  -Ատու՜մ եմ...
  Ատում եմ ու հասկանում, որ չեմ կարողանում քեզ ատել: Բայց ատում եմ: Ա-տում: Հասկացա՞ր: Ոչինչ, կհասկանաս...
  
  Եվ ամենավերջում`
  -Թեթև տար...
  
  Կհիշես ինձ...
  Ատում եմ քեզ:
  Մնաս բարո՜վ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել