Aarhus.am-ը գրում է.
Ընդերքի մասին ՀՀ օրենսգիրք
Հոդված 11.
Ընդերքի նկատմամբ սեփականության իրավունքը
1. Հայաստանի Հանրապետության ընդերքը պետության
բացառիկ սեփականությունն է որը կարող է տրամադրվել
օգտագործման միայն երկրաբանական ուսումնասիրությունների
և օգտակար հանածոների արդյունահանման նպատակներով:
Սովորաբար երբ խոսք է եղել Հայաստանի բնական պաշարների մասին, հիմնականում կածիք է եղել, որ Հայաստանը հարուստ չէ բնական պաշարներով: Բնական պաշարներ կամ հարստություն ասելով միգուցե առաջին հերթին հասկացվում էր էներգետիկ նշանակության` նավթի և գազի պաշարներ: Այն, որ Հայաստանի ընդերքում կան մետաղական հանքավայրեր հայտնի էր միշտ, սակայն, այդուհանդերձ Հայաստանը չի համարվել հարուստ պաշարներ ուեցող երկիր: Որն՞ էր պատճառը . այն որ Հայաստանի ոչ բոլոր մետաղական հանքավայրերն են դիտվել շահագործման համար նպատակահարմար, ելնելով այն գաղափարից, որ ազգային հարստությունը պետք է ազգին մնա և դեռ դարեր հետո էլ եկող սերունդները ընդերքից օգտվելու և այն երկրի զարգացմանը ծառայեցնելու հեռանկար ունենան : Ներկայումս շատ ու շատ երկրներում ընդերքի հարստությունը համարվում Է պետական և ազգային բառի բուն իմաստով:
Հայկական Սովետական հանրագիտարան «Սովետական Հայաստան» առանձին հատոր, 1987թ. էջ 46, Հանքային ռեսուրսներ բաժին ` մետաղական օգտակար հանածոներ.
«ՀՍՍՀ տարածքը հարուստ է օգտակար հանածոներով: 1 քառ. կմ մակերեսին բաժին ընկնող օգտակար հանածոների պաշարներով այն գրավում է առաջին տեղերից մեկը Սովետական Միությունում: Համաձայն հնագիտական տվյալների` պղնձի ոսկու, երկաթի և մի շարք այլ օգտակար հանածոների հանքավայրեր Հայաստանում հայտնի էին տակավին հնագույն ժամանակներում, իսկ դրանցից մի քանիսը փոքր չափերով շահագործվել են»:
Մեկ այլ հատված հանրագիտարանից.
Սովետական կարգերի հաստատումից հետո երկրաբանների մի քանի սերունդների ջանքերով հայտնաբերվեցին և ուսումնասիրվեցին մետաղային օգտակար հանածոների մի շարք հանքավայրեր և և բազմաթիվ հանքաերևակումներ: Դրանց մեջ արդյունաբերական նշանակություն ունեն պղնձի , մոլիբդենի , ոսկու և արծաթի, կապարի և ցինկի, ալյումինի հանքավայրերը: «Քաջարանի պղնձամոլիբդենային’’ հանքավայրը Հայաստանի տարածքի հայտնի ամենախոշոր հանքավայրն է:
Հարկ ենք համարում նշել, որ ըստ հանրագիտարանի, որպես պղնձամոլիբդենային ոչ մեծ հանքավայրեր հիշատակվում են Հանքավանի և Թեղուտի հանքավայրերը:
Հանրագիտարանում հիշատակված է միայն Զոդի ոսկու հանքավայրը: Անկասկած է, որ երկրաբանական գիտությունը Սովետական Հայաստանում շատ է զարգացել. սակայն հանրագիտարանում ոչ մի խոսք չկա ոսկու հանքային այլ երևակումների, ինչպես նաև ռադիոակտիվ տարրերի հանքավայրերի կամ երևակումների մասին:
Հայաստանում իրադրությունը փոխվեց անկախ Հանարապետության հռչակելուց ի վեր: Կոնցեսիայի մասին օրենքը, այսինքն ընդերքի հարստությունը վերցնելու իրավունքը հնարավորաություն տվեց ոլորտին մոտ կանգնած մարդկանց անարգել ու ապօրինաբար դատարկել Հայաստանի ընդերքի հարստությունը օտար «ներդրողների», ծպտյալ բաժնետերերի, օվշորներից բուսնած ընկերությունների տեսքով:
Մեր ունեցած փաստաթղթերը անկասկած վկայում են, որ ոլորտի օրենսդրությունը խախտողը, ընդերք շահագործողի ապօրինի փաստաթղթերին օրինական տեսք տվողը հիմնականում հենց ոլորտի լիազոր պետական մարմինն է:
Դրա փաստացի ապացույցներն են օրենսդրության կոպիտ խախտումները, տեղեկատվության ոչ լրիվ տրամադրումը, ոլորտի հսկողության, տեսչական ստուգումերի բացակայությունը և ապօրինությունները կանգնեցնելու ուղղությամբ քայլեր չձեռնարկելը անգամ `քաղաքացիական հասարակության կողմից բազմաթիվ հրապարակումներից հետո:
Ներկայումս Հայաստանի տարածքում պաշտոնապես հանքահանման 424 իրավունք է տրված, որից 24-ը մետաղական հանքավայրեր են :
Ըստ անկախ փորձագետի տվյալների,
«2007-2010թթ. ընթացքում արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալները կազմել են ՀՆԱ-ի 21-24%:
Հիմնականում պղնձի և մյուս գունավոր մետաղների հաշվին էլ Հայաստանը 2010 թ. գրանցել է արտահանման ծավալների ավելի քան 40% աճը: Արժեքային արտահայտությամբ` արտահանվել է 210 մլն. դոլարի պղնձի խտանյութ: Սա Հայաստանի արտահանման ամենամեծ հոդվածն է, և արտահանումների ընդհանուր ծավալի 20%: Բացի խտանյութից` արտահանվել է նաև 92 մլն. դոլարի չզտված պղինձ: Այլ գունավոր մետաղներից արտահանման կառուցվածքում մեծ դերակատարում ունի ֆեռոմոլիբդենը` 120 մլն. դոլար, ոսկին` 28,5 մլն. դոլար (1,6 տոննա), մոլիբդենը` 15 մլն. դոլար (470 տոննա տոննա), ցինկի հանքաքարը` 14 մլն. դոլար (16 հազ. տոննա), ալյումինի նրբաթիթեղը` 78 մլն. դոլար (25 հազ. տոննա):
Այսպիսով` միայն գունավոր մետաղների արտահանումը կազմել է մոտ 557 մլն. դոլար, կամ արտահանման 55%»:
Սա մեր ազգային հարստության միայն մի մասն է, որը պետք է ուղղված լիներ պետության զարգացմանը, կրթության և առողջապահության ոլորտ, պաշտպանության ու անվտանգության կարիքներին: Այս հարստության խելամիտ օգտագործման պարագայում մենք չէինք ունենա մոտ 36% հասնող աղքատություն, պարտքերի մեջ թաղված պետական բյուջե և բյուջեում տոկոսային ամենամեծ մաս կաղմող սոցիալական աջակցության ծրագրեր: Բայց արի ու տես, որ ընդերքը հռչակելով պետական սեփականություն մենք` հնարամտորեն նվիրել ենք դրա 100% բաժնեմասը բիզնեսին: Համեմատության համար ասենք, որ Նորվեգիայի պետական մասնակցությունը ընդերքշահագործման ոլորտում 80%-ից ավելին է կազմում, իսկ Ռուսաստանինը 50%-ից ավելին է: Սա հնարավորթյուն է տալիս ոլորտը պահել վերահսկելի, առաջացած եկամուտը ուղղել պետության ու ժողովրդի կարիքների և զարգացման համար:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը (ԶՊՄԿ) Հայաստանի Հանրապետության առաջատար հանքարդյունահանող ընկերությունն է, որը տեղակայված է Քաջարան քաղաքում:http://armeniandb.com
ԶՊՄԿ-ը շահագործում է մոլիբդենի և պղնձի զգալի հաստատված ու կանխատեսվող պաշարներով հանքավայր բաց եղանակով` արդյունահանելով տարեկան 12,8 մլն. տոննա հանքաքար::
Ընկերությունը հիմնվել է որպես պետական ձեռնարկություն` 1951 թվականին: 2004 թվականին ԶՊՄԿ-ը մասնավորեցվել է և նրա սեփականատերերն են`
«ՔՐՈՆԻՄԵՏ մայնինգ» ՍՊԸ-ն` 60% բաժնեմասով, «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ –ն` 15% բաժնեմասով, «Արմենիան մոլիբդենիում փրոդակշն» ՍՊԸ –ն` 12,5% բաժնեմասով, «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ –ն` 12,5% բաժնեմասով:
Թե ինչ՞ կարող է տալ պետական կարգավիճակ ունեցող ծանր արդյունաբերության հսկայի թեթևամիտ սեփականաշնորհումը և ինչ՞ է կորցնում պետությունն ու երկիրը, սեփականաշնորհման տխուր ու զավեշտալի այս պատմությունից, կգտնեք այստեղ`http://archive.168.am/am/articles/793-pr Ագարակի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի և Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի օրինակների վրա:
Հայաստանում ընդերքի նկատմամբ մոտեցումը մինչ այսօր նույնն է` ներկայացնել, որպես մեծ ներդրումներ, աշխատատեղերի ստեղծում ու այդ պատրվակով բարձր արժեք ունեցող հանքահանվող օգտակար հանածոյի ծավալը վերցնել ու աննկատ ընդլայնել, բաց հանքով արագ դատարկել ընդերքը, կոպեկներ վճարել բյուջե, լումաներ` համայնքին, օրենքով ամրագրված «զրո» մաքսային վճարով արտահանել օգտակար հանածոյի խտանյութը ու ստանալ ֆանտաստիկ եկամուտ, հետո կրկին ստեղծել նոր օվշոր, նոր, ևս մեկ հանքային իրավունք, ու նորից չինովնիկական խմբավորմամբ անցնել նույն ցիկլով: Շատ վտանգավոր ու կայուն գործող համակարգ է ստեղծվել:
Գյուղական համայնքները, որոնք այս հարստության իրական տերերն են, շարունակում են մնալ ծայրաստիճան աղքատ: Սա մենք որակում ենք որպես մտածված գործոն: Պետական աջակցության, գյուղական համայնքների զարգացման համար `հանքից զատ,այլ ալտերնատիվ եղանակների ուսումնասիրման և առաջադրման բացակայությունը մտածված քաղաքականություն է և իրագործվում է մի նպատակով` որ աղքատները միշտ էլ կախված լինեն հանքից: Որպես հույսի նշույլ տեսնեն իրենց համայնքային հողերը հանքարդյունաբերողին չնչին գումարով նվիրաբերելը, իսկ որպես փոխհատուցում կունենան ժամանակավոր, ծանր աշխատատեղ հանքում:
Խիստ կարևոր գործոն է գյուղական համայնքի համաձայնությունը կորզելը, չնայած եթե համայնքի մի զգալի մասը համաձայն չլինի, համայնքի կարծիքը կեղծող գյուղապետ միշտ էլ կգտնվի, ինչպես եղավ Թուխմանուկի ոսկու հանքին հարակից գյուղական համայնքում:
ՀՀ Արագածոտնի մարզի Մելիք գյուղի համայնքի հարակից տարածքի Թուխմանուկի ոսկու հանքի պատմությունը վառ օրինակ է: Այդ պատմաությունը արդեն մի քանի ամիս շարունակ մնում է հանրության և ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, որպես ապօրինության, անպատժելիության, ամենաթողության մի ցցուն օրինակ: «Մեգո- Գոլդ» ՍՊԸ-ն, որը ձեռք է բերել Թուխմանուկի ոսկու հանքի շահագործման իրավունքը, հանդիսանում է ‘’Գլոբալ Գոլդ» ամերիկյան ընկերության մասնաճյուղ: «Մեգո-Գոլդ» -ը անհասկանալի արտոնություններ և հովանավորչություն է ձեռք բերել ամերիկյան դրոշի ներքո: « Մեգո Գոլդ» -ի համար բիզնես միջավայրը մշտապես գրավիչ է, եթե անգամ նա չի կարարել ընդերքօգտագործողի իրավունքի պայմանագրով ամրագրված պարտավորությունները, սպռվել է ընդերքօգտագործողի իրավունքի ժամկետը, չունի աշխատանքային նախագիծ, հանքահանումը իրականացնում է ոչ թե ստորգետնյա լիցենզիային պայմանագրին համաձայն, այլ բաց` իր համար հարյուրարապատիկ անգամ ավելի շահավետ, բայց ապօրինի եղանակով, միևնույն է տեսչական ստուգումներ չեն իրականացվում: Իսկ «Մեգո –Գոլդ»-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից տրվող օգտակար հանածոյի արդյունահանման կամ արդյունահանման նպատակով ուսումնասիրության իրավուքի փաստաթղթային փաթեթները չեն բավարարում գործող օրենսդրությանը և կասկածի ու մտահոգության տեղիք են տալիս: Լիազոր մարմինը Հանրապետության Պետական Զինանշանի ներքո ` իր իսկ ստեղծած ընդերքի ուսումնասիրության իրավունքի փաստաթղթում, օրենսդրությամբ սահմանված ժամկետի կոպիտ խախտումը որակել է որպես վրիպակ, սակայն քանի որ այդ կարգի և ավելի կասկածելի «վրիպակները » «Գլոբալ-Գոլդի »-ի Հայաստանյան մասնաճյուղերում շատ են, հրավիրում ենք «վրիպակներ»-ի իմաստը գնահատող հանրության և իրավապաշտպանների ուշադրությունը:
Օգնենք ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը աշխատել առանց վրիպակների, չէ որ հանքարդյունաբերությունը համարվում է վտանգավոր ոլորտ, իսկ Հայաստանը փորձադաշտ չէ:
Գրետա Գաբրիելյան 24.08.13, Երևան



