Հայաստանում հաճախ են տեղի ունենում սեզոնային քաղաքական կանխատեսումներ՝ ասենք «քաղաքական գարուն», «քաղաքական աշուն» և այլն: Սակայն հաճախ ականատես ենք լինում, որ թեժ քաղաքական «սեզոնից» ակնկալիքները չափազանցված են և իրականություն չեն դառնում: Բայց գալիք աշունը քաղաքական առումով Հայաստանի համար կարող է խորքային զարգացումների սկիզբ և ժամանակաշրջան դառնալ: Դրա նախադրյալները կարելի է տեսնել տնտեսական, քաղաքական և աշխարհաքաղաքական տեղական և գլոբալ մակարդակներում: Հայաստանի համար ստեղծվել է մի բացառիկ իրավիճակ, երբ առաջիկայում սպասվելիք աշխարհաքաղաքական զարգացումները ուղղակիորեն կարող են ազդեցություն ունենալ ներքին քաղաքականության վրա և հակառակը: Թերևս անկախության այս 22 տարիների ընթացքում ստեղծված իրավիճակը եզակի է, երբ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը կարող են այդքան փոխկապակցվել և փոխազդել մեկը մյուսին:

Հայաստանը զարգացման աստիճանով հասել է մի մակարդակի, երբ հետագա առաջընթացը ապահովելու համար անհրաժեշտ են խորքային բարեփոխումներ հանրային և պետական կառավարման բոլոր ոլորտներում: Թերևս 2013 թվականի աշնանը պարզ կլինի, թե որքանով է Հայաստանը պատրաստ այդ բարեփոխումներին, քանզի այն մեծապես կախված կլինի ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրել-չստորագրելու հետ: Ասոսցացման համաձայնագիրը և Եվրասիական միությունը նաև այն աշխարհաքաղաքական գործոններն են, որոնք առաջիկայում կարող են պայմանավորել Հայաստանի ներքաղաքական զարգացումների առանձնահատկությունը:

Ընտրության այս երկու ինտեգրացիոն առաջարկների միջև նշանակում է նաև աշխարհաքաղաքական որոշակի դիրքորոշման արտահայտում: Ընտրություն ի օգուտ Ասոցացման համաձայնագրի, կնշանակի Մաքսային և Եվրասիական Միության անդամակցության բացառում, սակայն միևնույն ժամանակ խորը համագործակցության հնարավորություն այդ կառույցների հետ, մյուս կոզմից` ընտրություն ի օգուտ Եվրասիական և Մաքսային Միության, կնշանակի ոչ միայն Եվրոպական կառույցներին անդամակցության, այլև դրանց հետ համագործակցության բացառում: Աշնանը սկիզբ առնող քաղաքական զարգացումները ցույց կտան, թե Հայաստանը, ինչպես հաճախ է պատմության մեջ եղել, ընտրություն կկատարի «կամ-կամ» սկզբունքո՞վ, թե՞ իրականում տեղի կունենա «պատմական ճեղքում» և Հայաստանը անցում կկատարի իրական բազմավեկտոր արտաքին քաղաքականության՝ ռազմաքաղաքական առումով պահպանելով և զարգացնելով Ռուսատանի հետ հարաբերությունները, տնտեսա-քաղաքական առումով խորացնելով հարաբերությունները ԵՄ-ի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել