Դատարկված տունդ կարոտով մի լցրու

 

Hraparak.am-ը գրում է.

Մենք չէինք տեսնվել 25 տարի: Ամառը ստեղծեց հանդիպման պատեհությունը: Միաժամանակ ու բոլորովին պատահաբար Երեւանում հայտնվեցին իմ 100 համակուրսեցիներից  20-ը: Եվ մենք որոշեցինք վերջապես հանդիպել: Աշխարհագրությունն առավել քան ընդարձակ էր` եվրոպաներից մինչեւ Ուրալյան լեռներ, Ատլանտիկայի ափերից մինչեւ Սեւ ծով: Քշվել-տարվել էին` ով ուր պատահի: Ու հիմա մի հարկի տակ նստել էինք առաջվա պես, միայն թե տարիքն առած, ճերմակող մազերը թաքցնելով, տրորելով կնճռոտված ճակատները: Ոչ ոք ոչինչ չէր մոռացել, կարոտի, հիշողության, անավարտը լրացնելու անսպառ նյութ կար: Ամեն մեկն իր պատմությունն ուներ, իր 25 տարվա բացակայության հարգելի ու անհարգելի պատճառները: Խոսում էինք անդադար, մեկս մյուսին ընդհատելով, ասելով այն, ինչը վաղուց պատրաստ ունեինք հաշվետու լինելու համար` մի դեպքում իբրեւ արդարացում, մեկ այլ դեպքում` որպես «անմեղության կանխավարկած»:

Եվ երբ ի վերջո հագեցրինք պարտադիրի պաշարը, այդ ժամանակ սկսվեց մեկ այլ պատմության շղթա: Այդ շղթայի մեջ դարձյալ մերոնք էին, ծանոթ դեմքեր էին ու ծանոթ անուններ, սակայն ո՞վ կասեր, թե դա էր մեր սպասված-երազած հանդիպման հունձքը, որ պիտի լցներ քառորդ դարի դատարկությունն ու դառնար մխիթարություն` երկար բաժանման դիմաց…

… Մեր կուրսի գեղեցկուհին` Նաիրան, Իսպանիայում է ապրում, ծովափնյա մի քաղաքում: Երեւանում տուն ու աշխատանք ուներ: Բայց Իսպանիայի հրապույրը մեծ էր: Ամեն ինչ վաճառեց ու գնաց: Հիմա ամուսնու ու երեխայի հետ ապրում է վարձով` մի կիսախարխուլ տան մեջ: Երբ զբոսաշրջիկների սեզոնը սկսվում է, տանտերը նրանց դուրս է հանում տնից, բակում մի վրան է խփում, եւ նրանք մնում են այդ վրանի տակ մինչեւ աշնան օրերը:

Անահիտը ռուսական հեռավոր քաղաքում է: Ամուսինը լավ աշխատանք ունի: Բայց ասում է, որ երբ շուկայում խաղող կամ ծիրան է տեսնում, սկսում է արտասվել: Իսկ մի անգամ էլ` ննջեցյալների հիշատակության օրը, գնաց տեղի եկեղեցին, տվեց հանգուցյալ հարազատների անունները, որ ընթերցեն: Չընթերցեցին: Ասացին` այլադավան ես, ու դուրս հանեցին աստծո տնից: Խոցված հեռացավ` առանց պատմելու 301 թվի ու 1700-ամյա քրիստոնեության մասին:

Մյուս համակուրսեցիս (անունը պիտի չգրեմ, ցավալի պատմություն է) Երեւան է հասել ու գնացել է 25 տարի առաջ մահացած դստեր գերեզմանին այցի: Գնացել ու տեսել է` աղջկա գերեզմանի վրա մեկ ուրիշի շիրմաքարն է: Սիրտը սեղմվել է, չարացել է, վրդովվել է, պատասխան է պահանջել: Իսկ հիմա խեղճացած նստել` ասում է. «Ախր ինչի՞ բալիս թողեցի անտեր, որ էսպես լիներ»:

Բանասեր Ռիտան Գերմանիայում առեւտրով է զբաղված, բանասեր Հասմիկը Մոսկվայում աշխատում է ռեստորանում, Շվեդիայում քաղաքական ապաստան ստացած մեր մյուս բանասերն իր ազատությունն է գտել փախստականների ճամբարում, ամենաբանասեր մեր ընկերը Վրաստանում հարսանիքների վարձու սեղանապետ է, իսկ ոչ այնքան բանասեր մեր համակուրսեցին, որ հետո ոստիկան էր դարձել, մահացել է սրտի կաթվածից…

Այսպես իրար էին հաջորդում պատմությունները ներկաների ու բացակաների մասին, եւ ամեն մեկի հետ մեր ուրախ հանդիպման գույները խամրում էին` դարձնելով մեզ մեղավոր նրա համար, որ պարտավոր էինք, բայց չկարողացանք, որ գիտեինք եւ ոչինչ չարեցինք, որ հեռու էինք մոտիկներից…

Ներկաներից մեկը փորձեց լիցքաթափել մռայլ լարվածությունը.

- Օրհնվի «սկայպ» ստեղծողը, ամեն օր այնտեղից մերոնց տեսնում ու հետները խոսում եմ:

Ոչ մեկս նրան չհարցրեց, թե սկայպով ո՞նց ես փարվելու ծնողներիդ, մորդ շոյանքն ու հարազատիդ համբույրը ո՞նց ես առնելու: Ինքը բոլորից լավ գիտեր իր օրհնանքի գինը: Դրա համար էլ ասում է, որ առաջինն ազատվեր անիրական բեռից:

Մենք` հայաստանաբնակներս, ակամա դարձել ենք վերադարձածների սփոփողն ու մխիթարողը: Հիմա մեր պատմելու հերթը չէր: Մեր հոգսը հոգս չէր: Մեր ցավը ցավ չէր: Ասածս դաժան բան է ու իսկի ասելու բան էլ չի, բայց նստել էինք մի սենյակում ու արդեն գիտեինք, որ սեղանի շուրջ եւ նրանից այն կողմ երջանիկներ չկային: Ոչ մեկն իր երազը չէր գտել, ոչ ոք չէր հաջողել ճաշակել կյանքի վայելքը լիուլի:

- Ժամանակն է մեղավոր,- ասում էին բոլորը միաբերան:- Մեր սերնդի բախտը չբերեց:

 Ես չգիտեմ` իսկապե՞ս ժամանակն է մեղավոր, թե՞ մենք էլ ունենք մեր մեղքի բաժինը, որը ջանում ենք ամեն գնով թաքցնել, քանի որ դժվար է ապրել սեփական մեղքի գիտակցմամբ: Ես մեկնածների դատավորը չեմ, եւ այստեղ մնացածներիս վիճակն էլ առանձնապես նախանձելի չէ: Բայց մենք գոնե այնտեղ ենք, ուր պիտի լինեինք, եւ ծիրան ու Մասիս տեսնելիս էլ լաց չենք լինում:

 Հովիկ ՍԻՄՈՆՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել