Tert.am-ը գրում է.

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ նախարարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվեցին ոռոգման շրջանի ընթացքին, ոռոգման համակարգի վիճակին, ձևավորված հասույթների դիմաց վարձավճարների հավաքագրմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի, ջրառ և ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարներ: Այս մասին հաղորդում է ՏԿՆ լրատվական բաժինը: 

 Նշելով, որ թեև գյուղատնտեսական տարին բավականին հաջող է, և սպասվում է բավականին առատ բերք` փոխվարչապետը միաժամանակ նկատեց, որ հատկապես Արարատյան դաշտավայրում ոռոգման ջրի մատակարարման առումով որոշակի լարվածություն է առկա: Այս տարի Սևանա լճից ոռոգման նպատակով վերցվել է միայն օրենքով սահմանված ծավալը` 170 մլն խմ, որից արդեն սպառվել է 152 մլն խմ-ն, և որպեսզի գյուղացիական տնտեսություններին հնարավոր լինի անհրաժեշտ ջրաքանակով ապահովել, նա հատկապես Արարատյան դաշտավայրի ՋՕԸ-երի ղեկավարներին հորդորեց առավելագույնս խնայողաբար օգտագործել դեռևս չսպառված չափաքանակներն ու հնարավորինս արդյունավետ կազմակերպել ոռոգումը:

 Սևանա լճից նվազագույն ջրաքանակ վերցնելու պատճառով այս տարի ոռոգման անխափանությունն ապահովելու համար գործի են դրվել պոմպակայանները: «Սևան –հրազդանյան ջրառ» ընկերության ղեկավարը տեղեկացրեց, որ միայն «Մխչյան» և «Ռանչպար» պոմպակայանների միջոցով արդեն մատակարարվել է 25 մլն խմ լրացուցիչ ջուր, սպառվել է շուրջ 550 մլն դրամի էլեկտրաէներգիա:

Փոխվարչապետը նշեց, որ գյուղացիական տնտեսությունների պահանջարկն ապահովելու և անխափան ոռոգում իրականացնելու նպատակով շահագրգիռ մարմինների հետ քննարկվում է Սևանա լճից վերցվող` օրենքով սահմանված 170 մլն խմ ծավալը հետագայում որոշակի չափով ավելացնելու հարցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել